Հետևեք մեզ։

Կարեն Անդրեասյանը չի ցանկանում իր ֆինանսական գործընկերոջն անգամ նախազգուշացնել, իսկ նիստը դռնփակ է, որ հանրությանը չտեղեկանա իմ կողմից ներկայացվող փաստերի մասին․ Դավիթ Հարությունյան

19:06, 22 հունիս 2023
Կարեն Անդրեասյանը չի ցանկանում իր ֆինանսական գործընկերոջն անգամ նախազգուշացնել, իսկ նիստը դռնփակ է, որ հանրությանը չտեղեկանա իմ կողմից ներկայացվող փաստերի մասին․ Դավիթ Հարությունյան

Բարձրագույն դատական խորհուրդը շարունակում է քննել դատավոր Դավիթ Հարությունյանին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարույթը, որը հարուցվել է Կարեն Անդրեասյանի մտերիմ Գրիգոր Մինասյանի միջնորդության հիման վրա։

«Կարեն Անդրեասյանի դատավարությունն էր՝ իր ճաշակով, իր կանոններով, դատավարության նմանվող պրոցես է։ Այս պահին հասել ենք իրեն ինքնաբացարկ հայտնելուն,  չթողեց միջնորդությունը մինչև վերջ հայտնել։ Դատարանը գնացել է խորհրդակցական սենյակ, որոշումը կհրապարակվի վաղը՝ ժամը 10-ին»,-այս մասին դռնփակ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Դավիթ Հարությունյանը։

Դավիթ Հարությունյանն ասաց, որ Կարեն Անդրեասյանն իրեն ու պաշտպաններին պարտադրում է անհասկանալի բովանդակությամբ թերթիկ ստորագրել, որ նիստից ինչ-որ մանրամասներ չհանրայնացվեն։

«Գործի քննությունն անցնում է դռնփակ և դա ի սկզբանե մեկ նպատակ ունի, որ հանրությունը չտեղեկանա իմ կողմից ներկայացվող փաստերին և խախտումներին»,-ասաց Հարությունյանը։

Նա ասաց, որ նիստի ընթացքում հետևել է Արդարադատության նախարարի հարցազրույցներին, Հանրայինի եթերի հարցազրույցն է հայտնի, և իրենք պահանջում են, որ չնայած կանոնների բացակայությանը, գոնե այդ նույն նախարարը, ով միջնորդել է գործի քննությունը դռնփակ անցկացնել, գա և այդ նույն հավասար պայմաններում նախազգուշացվի․ «Սակայն այդ պայմանները չեն էլ քննարկվում, Կարեն Անդրեասյանը չի ցանկանում իր ֆինանսական գործընկերոջն անգամ նախազգուշացնել , չի ցանկանում, որ նա ստորագրի այդ փաստաթուղթը։ Նախարարն էլ Հանրայինի եթերում, Կառավարության դիմաց ճեպազրույցներում իրականությանը չհամապատասպանող տեղեկություններ է հայտնում»։

Ինչ վերաբերում է Կարեն Անդրեասյանի ընկեր Գրիգոր Մինասյանի այն պնդմանը, թե նորմալ է, որ իրավախախտները կամ ենթադրյալ իրավախախտները պետք է  ինչ-որ ձևով պաշտպանվեն,  Դավիթ Հարությունյանն ասաց, որ եթե իրավախախտման համատեքսում է  ասվում, ապա թող միջնորդի, որ գործի քննությունն անցնի դռնբաց․ «Թող դռնբաց լինի և հանրությունը տեսնի, թե իրավախախտումները ԲԴԽ նախագահի՞ կողմից են, դատավորի՞, թե՞ Արդարադատության նախարարի»։

Հարցին,թե այս պայմաններում ի՞նչ է ակնկալում ԲԴԽ-ից, Դավիթ Հարությունյանն ասաց, որ եթե որևէ օբյեկտիվ ակնկալիք ունենար, ապա բացարկ չէր հայտնի։

Հարցին, թե ըստ Հարությունյանի՝ ինչո՞ւ Անդրեասյանը թույլ չի տալիս, որ միջնորդությունը մինչև վերջ ներկայացնեն, դատավորն ասաց․ «Փաստաբանները մեկը դիպուկ մեջբերումներ արեց Դատական օրենսգիքից, նա նույնիսկ իր բացարկի քննարկմանը մասնակցելու իրավունք չունի, բայց նա ակտիվ մասնակցում էր և սահմանափակում մեր իրավունքը։ Բնականաբար, որևէ մեկին հաճելի չէ լսել իր մասին ճշմարտությունը, ստանալ ապացույցներ»։

 

Հետևեք Hayastan.news-ի տելեգրամյան ալիքին այստեղ