Չեմ կարծում, թե վիճակն անելանելի է, Արցախի հարցում վիճակը կարող է փոխվել, եթե փոխվեն բանակցողները: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը և ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի առաջարկները համարեց տրամաբանական:
«Այն, ինչ ասում է Վարդան Օսկանյանը, իրականացնելի է, այնպես որ, իհարկե, ծանր է վիճակը, դժվարություները շատ են, պրոբլեմները մեծ են, բայց չեմ համարում, որ անելանելի է»,- ասաց նա:
Ըստ նրա՝ ստեղծված իրադրության պայմաններում լավագույն լուծումը կլիներ իշխանափոխությունը: «Բայց եթե իրոք կարողանային պայմանավորվել, որ մի խումբ՝ Վարդան Օսկանյանի գլխավորությամբ, աշխատի, իսկ մնացածը լռեն, կարող է դա էլ իրականանալ, թեև ես չեմ կարծում, որ այդ մարդիկ ի վիճակի են այդպիսի պայմանավորվածության գնալու»,- ասաց Սարգսյանը։
Անդրադառնալով ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանավորմանը՝ Սերժ Սարգսյանը նշեց՝ Արմեն Աշոտյանը քաղբանտարկյալ է, նրան մեկուսացրել են՝ ինչ-որ վախերից ելնելով:
«Ոչ միայն Արցախի հարցից, ընդհանրապես ներքաղաքական իրավիճակից, միջազգային մեր գործընկերների հետ աշխատանքից են մեկուսացրել: Էստեղ կասկածելի ոչինչ չկա, երբ 4 տարվա գործը սառեցնում են, նույն Աշոտյանին չեն հարցաքննում, հետո մտացածին բան են հորինում և փոխում խափանման միջոցն ու Արմեն Աշոտյանին մեկուսացնում, ակնհայտ է, չէ՞»,- ասել է Սարգսյանը: