Հետևեք մեզ։

Բանակցությունների չգնացած ասում են՝ ընդունելի է Բաքվի առաջարկը, ինձ սա ապշեցնում է, կարծեք՝ մանկապարտեզի երեխաների ուզում եմ բան բացատրել․ Վարդան Օսկանյան (տեսանյութ)

14:37, 10 հուլիս 2023
Բանակցությունների չգնացած ասում են՝ ընդունելի է Բաքվի առաջարկը, ինձ սա ապշեցնում է, կարծեք՝ մանկապարտեզի երեխաների ուզում եմ բան բացատրել․ Վարդան Օսկանյան (տեսանյութ)

ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը հանդես է եկել հրապարակմամբ` կրկին շեշտելով, որ եթե Արցախի հարցում բանակցային լիազորություններ տան իրեն և դիվանագիտական խմբին, ապա հնարավոր է  փոխել բանակցային տրամաբանությունն ու ընթացքը։  Նա խոսել է նաև իր պայմանի մասին. այդ ընթացքում իշխանությունները պետք է լռեն․ 

 

«Երբ ես դա ասել եմ, նպատակ չեմ ունեցել որևէ մեկին կամ մարդկանց վիրավորելու, նեղացնելու։ Ես դա ասել եմ վերջին տարիների դառը փորձից։ Փաշինյանը դիվանագիտությունից հեռու մարդ է, նորից այստեղ վիրավորելու հարց չկա, նրա կրթությունը դիվանագիտական, ռազմաքաղաքական հարցերին չէր վերաբերում, նա նման փորձ չուներ ընդդիմադիր գործունեության ընթացքում, արտաքին շփումներ չի ունեցել, այդ փորձը նա չունի։ Առավել ևս, Փաշինյանը չէր հասկանում և այսօր էլ չի հասկանում դիվանագիտության մեջ խոսքի արժեքը, կարևորությունը, որ մի բառը, եթե դա ճիշտ չի ասվում, բացասական հետևանքներ է բերում։ 

 

Օրինակ, Փաշինյանի ասած՝ «Արցախը Հայաստան է և վերջ» արտահայտությունը երևի նրա արած քաղաքական հայտարարություններից ամենաճիշտն էր, բայց արվել էր սխալ տեղում, սխալ ձևով և սխալ ժամանակ, ու դա բերեց շատ բացասական հետևանքների»,-ասաց Օսկանյանը։

 

Դիվանագետի խոսքով՝ իր առաջարկությունը՝ բեկում մտցնել հայ-ադրբեջական բանակցություններում, այն փոփոխությունները, որն ինքն առաջարկում է, ընկալելի են միջազգային հանրության համար, հավատացնում է՝ ընկալելի կլինի նաև մեր հակառակորդների համար։ 

 

«Հիմա մտնելու եմ Փաշինյանի դատողության մեջ, այն ինչ ասելու եմ, իմը չէ, Փաշինյանինն է, և պարզապես ուզում եմ այդ դաշտում որոշ հարցեր բարձրացնել Փաշինյանի վարած քաղաքականությանը, բայց հենց իր քաղաքականությանը։

 

Ի՞նչ է այսօր փորձում անել Փաշինյանը։ Ասում է՝ ես պատրաստ եմ տալ Արցախը, տալիս եմ, տվել եմ՝ ի դիմաց նրան, որ ապահովեմ ՀՀ տարածքային ամբողջականությունը, բայց Փաշինյանին նույնիսկ սա չի ստացվում անել, ինչո՞ւ, որովհետև իր սկզբնակետը սխալ  է եղել, այնտեղ ինքը սխալ է խոսել, ինքը ասել է «Ես ճանաչում եմ», հետո որակավորել այնպես, որ «արդեն նախկիններն են ճանաչել», «աշխարհն այդպես է ճանաչում», «Ղարաբաղը մերը չի եղել», այնքան է որակավորում տվել, որ դրան երկրորդ մեկնաբանության հնարավորություն չի տալ, բայց եթե առ այսօր Փաշինյանն ասած լիներ՝ «Պատրաստ եմ ճանաչելու, եթե․․․», հավատացեք, ՀՀ-ն այսօր բանակցային առումով շատ ավելի լավ դիրքերում կլիներ, միգուցե այսօր արդեն ստորագրած կլիներ իր երազած խաղաղության պայմանագիրը, բայց չի ստորագրել, նա սխալ է խոսել»,- ասաց Օսկանյանը։

 

Օսկանյանը նաև ասաց, որ Ադրբեջանը, երբ ներկայացրեց հինգ առաջարկները, Հայաստանից ամենաբարձր մակարդակով ասացին՝ առաջարկներն ընդունելի են․ «Բանկացությունների չգնացած՝ արդեն ասում են՝ ընդունելի են, փոխանակ ասեն՝ ընդունում ենք ի գիտություն, բանակցություններում կքննարկենք, բանակցությունների չգնացած՝ ասում են՝ ընդունելի են։ Չգիտեմ, ինձ սա ապշեցնում է, կարծեք՝ մանկապարտեզի երեխաների ուզում եմ բան բացատրել, սա այնքան ակնհայտ է։ Սրանից ժողովուրդն է տուժում, դուք սխալ եք անում, չեք կարողանում անել»։

 

Մանրամասն՝ տեսանյութում․