Ես բանակցություններում երկու-երեք ամսում կտրուկ իրավիճակ փոխելու պատասխանատվություն կվերցնեմ, նախապայմանով որ Փաշինյանը լռի, ուղղակի չխոսի ո՛չ ԱԺ-ում, ո՛չ կառավարությունում, ո՛չ որևէ տեղ։
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը։
«Իսկ թե այդ բանակցային խումբն ի՞նչ է անելու՝ երեք հիմնական բան․ առաջին շատ արագ պետք է փոխել բանակցությունների տրամաբանությունը և նարատիվը։ Մենք բանակցում ենք ոչ թե անարդար պատերազմի հետևանքով ստեղծված ոչ հավասար պայմաններում պատերազմի սպառնալիքի տակ գնալ խաղաղության պայմանագիր ստորագրելով, այլ մենք մտնում ենք բանակցությունների մեջ որոնելու այն ճիշտ ճանապարհները, որոնք հնարավորություն կստեղծեն Հայաստանին ու Ադրբեջանին վերջիվեջո հասնելու արդար և կայուն խաղաղության։ Սա առաջին կարևոր քայլն է բանակցային տրամադրությունը փոխելու համար»,-ասաց Օսկանյանը։
Նրա խոսքով՝ պետք է ընդլայնել այսօր առկա բանակցային օրակարգը, այսօր բանակցային օրակարգում հայկական պահանջ չկա, այնտեղ կան Ադրբեջանի պահանջները։ Օսկանյանն ասաց, որ Հայաստանի պատվիրակությունը Վաշինգտոնում և այլուր բանակցում է Ադրբեջանի պահանջներին այնպիսի փաթեթավորում տալ, որ ընկալելի կլինի հայ ժողովրդի համար, այսինքն, վերջնարդյունքում գան ու ասեն՝ սա նշանակում է, որ դա այդպես չէ, թերևս հույսեր կան և այլն։
Նախկին նախարարը նշեց, որ ընդամենն աշխատում են, որ Ադրբեջանի պահանջները բավարարած լինելով հանդերձ, այնպիսի փաթեթավորում տան, որ ժողովրդի համար դա ընկալելի լինի։ Ըստ Օսկանյանի՝ Ադրբեջանը նույնիսկ դա թույլ չի տալիս այսօր և ուզում է իր պահանջներն այնպես գրվեն, որ տարաբնույթ մեկնաբանությունների հնարավորություն էլ չլինի։
«Երրորդ՝ բազմաթիվ այլ պահանջներից զատ, պետք է լինի հետևյալ պահանջը․ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի սովետական շրջանում կարգավիճակի հարցը պետք է դնել օրակարգ։ Ես սա շատ զգույշ եմ ասում, ուզում եմ, որ չաղավաղվի։ Այդ փաստը պետք է լինի բանակցությունների օրակարգում, եկեք չմոռանանք, որ այդ փաստն էր, որ 91-ին հնարավորություն տվեց Արցախի ժողովրդին ձգտելու ինքնորոշման, անցկացնելու հանրաքվե, որն օրինականացվեց և միջազգային հանրության համար ընդունելի դարձրեց հենց այդ փաստի գոյությունը, որ ԼՂ ժողովուրդը, Արցախի ժողովուրդը սովետական շրջանում ունեցել է ինքնավար մարզ։ Այս փաստի գոյությունը պետք է դնել սեղանին, որը նոր հնարավորություններ կբացի քաղաքական ու իրավական լուծումների գնալու բանակցությունների արդյունքում»,-ասաց Օսկանյանը։
Նա նշեց, որ այս հարցն օրակարգ բերելու խնդրում որևէ մեկը հակափաստարկ չի կարող ունենալ, սա միջազգային հանրությունը միանգամից բերելու է բանակցային օրակարգ։
Ինչ վերչաբերում է Ադրբեջանի դեմ լինելուն, Վարդան Օսկանյանն ասաց․ «Ադրբեջանը եթե դեմ լինի նախ նրան կստիպեն, եթե պնդի, ապա հավատացեք, նա միջազգային իրավունքի տեսանկյունից մեծ խնդրի առաջ է կանգնելու, որովհետև այդ հարցի մերժումը որ բերվի օրակարգ, ապա Արցախի ժողովրդին միջագզային հանրության օգնությամբ հնարավորություն է տրվելու, որ արդեն ձգտի անկախության։ Սրա շուրջ միջազգային հանրության մեջ երկու կարծիք չկա․ սա մի փոքր ուրվագիծն է, թե ինչ կարելի է անել»։