Աննա Վարդապետյանի իրավաբանությունը շատ նման է նրա լուսանկարներին, դրանցում նրա ժպիտին ու ընդհանրապես այն իմիջին, որի ձևավորմամբ այդ կնոջ աշխատակազմը զօր ու գիշեր իզուր զբաղված է։
Այո, նրա իրավաբանությունն էլ դրանց նման կեղծ է։
Օրենքի, օրինականության, մարդու, իրավունքների, գործերի արդար քննության մասին մեծամեծ խոսքեր շռայլող, իրեն արդարության մարտիկ ու եվրոպական արդարադատության աղավնի ներկայացնող Աննա Վարդապետյանը ԱԱԾ աշխատակիցների կողմից իրեն խոշտանգելու մասին դատախազ Ապրես Գրիգորյանի հաղորդումն ուղարկել է նույն ԱԱԾ-ին։
Խոսքը Կոտայքի մարզի դատախազության դատախազի մասին է, ով, ինչպես նախկինում հայտնել էինք, Աննա Վարդապետյանի գիտությամբ խուզարկության անվան տակ ԱԱԾ աշխատակիցների կողմից ծեծվել, խոշտանգվել ու նվաստացվել էր սեփական աշխատասենյակում։
Հայտնել էինք նաև, որ Կոտայքի մարզի դատախազ Պետրոս Պետրոսյանը պաշտոնից ազատվել ու այլ պաշտոնի էր նշանակվել հենց այն ժամանակ, երբ փորձել էր հետամուտ լինել, որ դատախազին խոշտանգողները պատժվեն։ Դատախազին աշխատասենյակում խոշտանգելն անպատիժ թողնելու պատմությունն էլ դարձավ Պետրոս Պետրոսյանի ու գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանի հրաժարականի պատճառը։
Բայց, պարզվում է, որ երկրում օրինականության թիվ մեկ պատասխանատու Աննա Վարդապետյանն, իր հետ կատարվածի մասին դատախազ Ապրես Գրիգորյանի հաղորդումն ստանալուց հետո ոչ միայն կասեցրել է նրա լիազորությունները՝ փորձելով ճնշում գործադրել նրա վրա, որպեսզի վերջինս չբողոքի, այլ նաև հանցագործության մասին հաղորդումն ուղարկել է նրանց, ովքեր ըստ դատախազ Գրիգորյանի, հանցագործությունը կատարել են։ Աննա Վարդապետյանը որոշել է, որ դատախազին ծեծելու և խոշտանգելու փաստը պետք է պարզի հենց նա, ում դատախազը մեղադրում է իրեն խոշտանգելու մեջ։ Իսկ վերջերս մեծ հպարտությամբ, որ կարողացել է դատախազ հանել գործից, հայտարարությամբ Աննա Վարդապետյանը հայտնեց, որ Ապրեսյանին ազատել է աշխատանքից։
Թեև Վարդապետյանն արդեն վաղուց, տարբեր առիթներով բացահայտել է, որ իրավաբանության հետ այնքան էլ լավ չէ, բայց նրա գեղեցիկ ելույթները կարևոր են։ Դրանք ցույց են տալիս, որ նա ապօրինությունների շարքը հեղինակում է լավ իմանալով, որ դրանք ապօրինություն են։
Նրանում, որ Վարդապետյանի արարքները օրինականության մասին նրա խոսքերի հետ կապ չունեն, այլևս ոչ ոք չի կասկածում, այն, որ Վարդապետյանն առանց ժամանակ կորցնելու համակարգում հեղինակազրկում է ինքն իրեն, շատ ենք տեսել, բայց որ նա սկսել է իր մեղադրական դատավճռի առաջին էջերը «գրել», նորություն է…
Բեթղեհեմ Արաբյան