ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատախազներ Գևորգ Բաղդասարյանի և Պետրոս Պետրոսյանի հրաժարականները դատախազությունում բոլորի համար անակնկալ է եղել։ Քանի որ նրանք այդպես էլ չմեկնաբանեցին հանկարծակի հեռանալու պատճառները, սկսեցին շրջանառվել տարբեր վարկածներ։ Գլխավոր դատախազությունում պտտվող հիմնական վարկածը, սակայն, այն է, որ հրաժարականները պայմանավորված են եղել Պետրոս Պետրոսյանին պաշտոնից տեղափոխելու ու դրանով նրան «պատժելու» հանգամանքով։
Այն, որ դատախազությունում կադրային տեղափոխությունները բացատրություն չեն ունենում և դատախազները մամուլից են իմանում, որ արդեն այլ աշխատանքի վայր ունեն, «սովորական» է դարձել։ Աննա Վարդապետյանը անհասկանալի ու չբացատրված կադրային «բարտերների» միջոցով շատերին է ընտանեկան ու կենցաղային խնդիրների առաջ կանգնեցրել։
Բայց պարզվում է՝ Պետրոսյանի պաշտոնի իջեցման, իսկ դրանից հետո նրա ու Բաղդասարյանի հրաժարականի պատճառն ավելի հետաքրքիր է։
Ըստ աղբյուրի, Գևորգ Բաղդասարյանն ու Պետրոս Պետրոսյանը իրենց անձնակազմերի հետ հրաժեշտի հանդիպում են ունեցել և այդ հանդիպման ժամանակ բացատրել են իրենց կայացրած որոշումները։
Ինչպես հայտնել էր 168․am-ը, մայիսի 30-ին ԱԱԾ աշխատակիցները մտել էին Արմավիրի և Կոտայքի մարզային դատախազությունների շենքեր ու խուզարկել երկու դատախազի աշխատասենյակներ, նրանց ձերբակալել ու ապա բաց թողել։
Hayastan.news-ին վերը նշվածից մանրամասներ հայտնի դարձավ, որ Կոտայքի և Արմավիրի մարզերի դատախազություններում խուզարկությունը եղել է պատրվակ, և դրա քողի տակ այդ մարզի դատախազության դատախազներին ծեծել են, ձեռնաշղթաներ հագցրել, նվաստացրել, գետնին շպրտել քրեական գործերն ու այդ ձևով պատժել ԱԱԾ-ին հայհոյելու համար։
Տեղի ունեցածն ու այն, որ դա փաստացի կատարվել է Աննա Վարդապետյանի գիտությամբ, Պետրոս Պետրոսյանին ու Գևորգ Բաղդասարյանին դուր չի եկել, և համարելով, որ դրանով «փչացրել» են ամբողջ դատախազությունը, նրանք սկսել են հետամուտ լինել, որ կատարվածը պատասխան ստանա և սկզբի համար Պետրոս Պետրոսյանի ենթակա դատախազը գրություն է ուղարկել Վարդապետյանին ու տեղեկացրել իր հետ տեղի ունեցածի մասին։
Սա դուր չի եկել Աննա Վարդապետյանին և նա նույն օրը Պետրոս Պետրոսյանին ազատել է մարզի դատախազի պաշտոնից, իսկ ծեծված դատախազի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակել ու նրա լիազորությունները դադարեցրել։
Բաղդասարյանն ու Պետրոսյանը հրաժեշտի հանդիպման ժամանակ հայտնել են իրենց հրաժարականների պատճառը․ նրանք ասել են, որ տեղի ունեցածը անարգանք է դատախազության հանդեպ, և քիչ է, թե Վարդապետյանը դա թույլ է տալիս, նաև փորձում է պատժել ու լռեցնել նրանց, ովքեր դեմ են գնում դրան, հետևաբար իրենք չեն պատրաստվում համակարգում մնալ և աշխատել։
Գևորգ Բաղդասարյանն ու Պետրոս Պետրոսյանը Աննա Վարդապետյանին ազատման դիմումներ են գրել արհամարհական ոճով ու նույն օրը հեռացել են շենքից։
Գլխավոր դատախազության աղբյուրները հայտնում են նաև, որ Բաղդասարյանի ու Պետրոսյանի հրաժարականն Աննա Վարդապետյանն ուրախությամբ է ընդունել, քանի որ վաղուց, սեղմելով Բաղդասարյանի շուրջ օղակն ու փորձելով պատասխանատվության ենթարկել Պետրոսյանին, նպատակ ուներ ազատել նրանց ու նրանց փոխարեն նշանակել մարդկանց, ովքեր երբեք իրեն չեն հակառակվի։
Բեթղեհեմ Արաբյան