Հետևեք մեզ։

Չսիրելիներն արդեն չկան․ ինչո՞ւ է Վարդապետյանը քողարկում որոշիչ հրամանը

17:42, 09 հունիս 2023
Չսիրելիներն արդեն չկան․ ինչո՞ւ է Վարդապետյանը քողարկում որոշիչ հրամանը
Գևորգ Բաղդասարյանն ու Պետրոս Պետրոսյանն արդեն 2 օր է սեփական դիմումների համաձայն՝ ազատվել են զբաղեցրած պաշտոններից։ Դատախազների հրաժարականն աղմկոտ ստացվեց ավելի, քան Աննա Վարդապետյանի նշանակումը, և դատախազությունն ամեն ինչ արեց, որ աղմուկն ու այդ մասին խոսակցություններն, ընդհանրապես, դադարեն։ 
Դատախազությունը նախ այդպես էլ ամբողջ օրը չխոսեց հրաժարականների մասին՝ չհերքեց, ապա նաև չհաստատեց լուրը նույնիսկ այն ժամանակ, երբ դատախազներն արդեն հաստատել էին այն։
Բայց ավելի անաղմուկ, իսկ հրաժարականի պատճառներից տեղյակ մարդկանց համար հակառակը՝ աղմկոտ էր դատախազության հաղորդագրությունը դատախազների ազատման վերաբերյալ։
Բանն այն է, որ դատախազությունը երկու դատախազների, այդ թվում՝ գլխավոր դատախազի տեղակալի ազատման այդքան հետաքրքություն առաջացրած լուրը տարածեց տասնյակ այլ դատախազների փոխադրման ու նշանակման մասին հաղորդագրության մեջ՝ իբր առանց դրան հատուկ կարևորություն տալու։ 
Իսկ ամենահետաքրքիրն այն էր, որ Աննա Վարդապետյանը հաղորդագրությունից հանել էր այս ամենի մեջ ամենաորոշիչ հրամանը՝ Պետրոս Պետրոսյանին Կոտայքի մարզի դատախազի պաշտոնից ազատելու և վարչության պետի տեղակալ նշանակելու մասին։ 
Դատախազությունը հաղորդագրության մեջ նշել է միայն, որ Պետրոս Պետրոսյանն իր դիմումի համաձայն ազատվել է վարչության պետի տեղակալի պաշտոնից։ Իսկ թե ինչո՞ւ և ինչպե՞ս էր նա հայտնվել այդ պաշտոնում, դատախազությունից չեն ցանկացել հայտնել, փորձել են այն «կորցնել» այլ հրամանների մեջ։
 
Դատախազների հրաժարականի հարցում Վարդապետյանի պահվածքը նորից հաստատեց, որ  «սիրելիներ ու չսիրելիներ չկան» «լոզունգը» նրա բոլոր խոսքերի պես կեղծ է, և որ Վարդապետյանը դա ցույց է տալիս մանր քայլերով՝ դրանցով փորձելով հնարամիտ երևալ։ Բայց հնարավոր չէ այնքան հնարամիտ լինել, որ կարողանաս թաքցնել, թե ինչքան չսիրելի էր Պետրոս Պետրոսյանը, ում ամիսներ առաջ Վարդապետյանը փորձում էր պատժել միայն նրա համար, որ նա չէր հանդուրժել ապօրինի հանձնարարականն ու բողոքել էր դրա դեմ և ինչքան սիրելի էր Անահիտ Մանասյանը, ով կարգապահական հանձնաժողովի անդամներին մի քանի ժամ համոզում էր դրա համար տույժ տալ Պետրոս Պետրոսյանին։ 
 
Արդեն վաղուց հնարավոր չէր թաքցնել, թե ինչքան չսիրելի էր Գևորգ Բաղդասարյանը, ում հետ Վարդապետյանի շփումն ի սկզբանե չէր ստացվել հենց իր անազնիվ ու երկակի խաղերի պատճառով։ Ինչքան չսիրելի էր Գևորգ Բաղդասարյանը, ում Վարդապետյանը պաշտոնից ազատել չէր կարողանում, անկարողությունից ջղաձգվում ու սրտատրոփ սպասում էր, թե նա երբ ինքը հրաժարական կտա։ Դատախազությունում բոլորը գիտեն, որ Վարդապետյանը Գևորգ Բաղդասարյանի պաշտոնը ամիսներ շարունակ խոստանում էր իր տարբեր սիրելիներին, օրինակ՝ իր օգնական Հակոբ Գևորգյանին ու նախկինում ընդդիմադիր, իսկ հետո Անդրանիկ Քոչարյանի ու էլի ոմանց միջամտությամբ ապագայում հենց Բաղդասարյանին փոխարինելու նպատակով դատախազ նշանակված Հովհաննես Քոչարյանին, ովքեր, սակայն, տեսնելով, որ նա Բաղդասարյանին ազատել չի կարողանում և շարունակում է երկակի խաղեր խաղալ, չսպասեցին ու հեռացան՝ համակարգ գալուց շատ կարճ ժամանակ անց։ 
 
Սիրելիներ ու չսիրելիներ կան և մենք նրանց անունները լավ գիտենք…
 
 
Բեթղեհեմ Արաբյան

Վերլուծական