Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Հայաստան բուժման նպատակով տեղափոխվող Լեռնային Ղարաբաղի 68-ամյա քաղաքացուն ադրբեջանցիների կողմից արգելանքի վերցնելու դեպքի առնչությամբ կապ է հաստատել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործընկերների հետ։
Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից:
«Խնդրի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը կապ է հաստատել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործընկերների հետ, շարունակում է իրականացնել փաստահավաք աշխատանքներ: Դեպքի առնչությամբ մանրամասներ ճշտելուց հետո Պաշտպանը կդիմի նաև մարդու իրավունքների մանդատ ունեցող միջազգային կազմակերպություններին»,-ասված է հայտարարությունում:
Հուլիսի 29-ին ավելի վաղ նաև հայտնի էր դարձել, որ 68-ամյա բուժառուն, ով Լեռնային Ղարաբաղից Հայաստան բուժօգնության էր տեղափոխվում՝ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ, առևանգվել է Ադրբեջանի սահմանապահ ծառայության կողմից ապօրինի տեղադրված անցակետում։ Ադրջեջանի դատախազությունը հայտնում է, որ նրան մեղադրանք է առաջադրվել։