Հետևեք մեզ։

Կոտայքի և Արմավիրի մարզերի դատախազության ազատված դատախազները կդիմեն ՄԻԵԴ. «Ժողովուրդ»

08:31, 03 օգոստոս 2023
Կոտայքի և Արմավիրի մարզերի դատախազության ազատված դատախազները կդիմեն ՄԻԵԴ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Արմավիրի մարզի դատախազության արդեն նախկին դատախազ Աշոտ Մարտիրոսյանը և Կոտայքի մարզի դատախազության նախկին դատախազ Ապրես Գրիգորյանը չեն պատրաստվում լռել: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ դատախազները դիմելու են Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

 

Ավելի վաղ Hayastan.news-ը հայտնել էր, որ  Աննա Վարդապետյանը ԱԱԾ աշխատակիցների կողմից իրեն խոշտանգելու մասին դատախազ Ապրես Գրիգորյանի հաղորդումն ուղարկել է նույն ԱԱԾ-ին։

Խոսքը Կոտայքի մարզի դատախազության դատախազի մասին է, ով, ինչպես նախկինում հայտնել էինք, Աննա Վարդապետյանի գիտությամբ խուզարկության անվան տակ ԱԱԾ աշխատակիցների կողմից ծեծվել, խոշտանգվել ու նվաստացվել էր սեփական աշխատասենյակում։

Աննա Վարդապետյանը որոշել է, որ դատախազին ծեծելու և խոշտանգելու փաստը պետք է պարզի հենց նա, ում դատախազը մեղադրում է իրեն խոշտանգելու մեջ։ Իսկ վերջերս մեծ հպարտությամբ, որ կարողացել է դատախազ հանել գործից, հայտարարությամբ Աննա Վարդապետյանը հայտնեց, որ Ապրեսյանին ազատել է աշխատանքից։ Ազատել էր նաև Աշոտ Մարտիրոսյանին։

Հայտնել էինք նաև, որ Կոտայքի մարզի դատախազ Պետրոս Պետրոսյանը պաշտոնից ազատվել ու այլ պաշտոնի էր նշանակվել հենց այն ժամանակ, երբ փորձել էր հետամուտ լինել, որ դատախազին խոշտանգողները պատժվեն։ Դատախազին աշխատասենյակում խոշտանգելն անպատիժ թողնելու պատմությունն էլ դարձավ Պետրոս Պետրոսյանի ու գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանի հրաժարականի պատճառը։