Հետևեք մեզ։

Ո՞ւմ է պատկանում «Շկոդայի» բաժնետոմսերի մեծ մասը և ի՞նչ կապեր ունի նա

16:04, 07 օգոստոս 2023
Ո՞ւմ է պատկանում «Շկոդայի» բաժնետոմսերի մեծ մասը և ի՞նչ կապեր ունի նա

Hayastan.news-ն օրեր առաջ տեղեկացրել էր, որ Աջափնյակի նախկին թաղապետ Արտավազդ Սարգսյանը, որը Ազգային ժողովի երբեմնի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի փեսան է, գնել է Հայաստանում չեխական Skoda ընկերության պաշտոնական ներկայացուցիչ հանդիսացող «Չեխ ավտո» ընկերության բաժնետոմսերի 15տոկոսը։

 

Արտավազդ Սարգսյանը Hayastan.news-ի հետ զրույցում հաստատել էր այս տեղեկությունը՝ նշելով․ «Ես էդտեղ ունեմ շատ փոքր՝ մինչև 15 տոկոս բաժնեմաս»։ Մյուս 85 տոկոսը, ըստ նրա, կազմակերպություն է ձեռք բերել, որի անունը, սակայն, Սարգսյանը չցանկացավ բացահայտել։

 

Hayastan.news-ն իր աղբյուրներով պարզեց, որ մյուս՝ 85 տոկոս բաժնեմասն էլ ձեռք է բերել աուդիտորական գործունեությամբ զբաղվող «Լոգիկոն դիվելեփմենթ» ընկերության հիմնադիր Վահե Պետրոսյանը՝ Լոգիկոնի Վահեն, որը միաժամանակ հանդիսանում է Կառուցապատողների հայկական ասոցացիայի հիմնադիրն ու խորհրդի անդամը։ Պետրոսյանի անունը սկսեց մամուլում շրջանառվել մի քանի օր առաջ, երբ նրան պատկանող Mercedes-Maybach մակնիշի ավտոմեքենայով Բաղրամյան պողոտայում պատահմամբ վրաերթի էին ենթարկել մի պարեկի։

 

Մեքենայի պատկանելությունը պարզել էր «Ժողովուրդ» օրաթերթը, որ պատահարի մասնակից Maybach-ը հենց Վահե Պետրոսյանինն է, սակայն պատահարի պահին վերջինս մեքենայում չի եղել, ղեկին էլ Պետրոսյանի վարորդն է եղել։ Վահե Պետրոսյանի անունը մամուլում կապվում է ՊԵԿ նախկին նախագահ, Սերժ Սարգսյանի օրոք ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար աշխատած Հովհաննես Հովսեփյանի հետ։ Տարիներ առաջ, երբ Հովհաննես Հովսեփյանը շինարարական ոլորտում լուրջ խնդիրների առաջ էր կանգնել, հենց Վահե Պետրոսյանն է իր աուդիտորական և հաշվապահական ընկերության միջոցով օժանդակել, որ Հավսեփյանը դուրս գա ստեղծված իրավիճակից։ 2015 թվականի հուլիսին նրանք միասին հիմնադրել են «Ուրբան Լոջիստիք Սերվիսիս» փակ բաժնետիրական ընկերությունը, որի գործունեությունը լոգիստիկայի և մաքսային պահեստների ոլորտում է։ Եվ մոտ երկու ամիս առաջ Վահե Պետրոսյանը, ընդլայնելով իր գործունեությունն ու մտնելով նաև ավտոմոբիլային բիզնեսի մեջ՝ Աջափնյակի նախկին թաղապետ Արտավազդ Սարգսյանի հետ ձեռք է բերում Հայաստանում «Շկոդա» ընկերության պաշտոնական ներկայացուցիչ «Չեխ ավտո» ՍՊԸ-ի բաժնետոմսերը։

 

Հիշեցնենք, որ «Չեխ ավտո» ՍՊԸ-ն մինչ այդ պատկանում էր Քաղավիացիայի վարչության նախկին ղեկավար Արտյոմ Մովսեսյանին, որն էլ, փաստորեն, որոշել է վաճառել է իր բիզնեսը։ Արդյունքում «Չեխ ավտո» ՍՊԸ-ն այսօր ունի երկու նոր բաժնետեր՝ Արտավազդ Սարգսյանը և Վահե Պետրոսյանը, որը ընկերության խոշոր փայատերն է։ Hayastan.news-ը փորձեց կապ հաստատել նաև Արտյոմ Մովսեսյանի հետ՝ հասկանալու, թե ինչու է վաճառել իր ընկերության բաժնետոմսերը, սակայն նրա հեռախոսահամարն անհասանելի էր։ Հիշեցնենք նաև, որ «Շկոդան» պարեկային ծառայությանը մեքենաներ մատակարարող ընկերություններից մեկն է։ Մյուսը «Տոյոտա Երևան» ընկերությունն է, որի բաժնետոմսերի մեծ մասը պատկանում է Ռոբերտ Քոչարյանի մտերիմ գործընկեր Սամվել Մայրապետյանին, մյուս՝ ավելի փոքր մասնաբաժնով փայատերերն են՝ ընկերության գործադիր տնօրեն Վահե Գզրարյանն ու Ռոբերտ Քոչարյանի ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը։

 

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ