Երեք օր առաջ քաղաքացի Արթուր Չախոյանը, ով հայտնի է Երևանի քաղաքապետարանի շինարարական ծրագրերում հանրային վերահսկողություն իրականացնելով և դրանք տեսանկարահանելով, Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավում վարչական ռեսուրսի չարաշահման դեպք էր բացահայտել։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը հանրահավաք էր անցկացրել Նոր Նորք վարչական շրջանում, որին գնացել է նաև Արթուր Չախոյանը, շրջել հանրահավաքի մասնակցիների շարքերում, զրուցել ներկաների հետ և հրապարակել ցուցակ և կադրեր, թե ովքեր են ներկա Ավինյանի հավաքին։
«743 - 778 հոգի վարչական ռեսուրսի չարաշահման դեպք հասցրեցի արձանագրել, բայց շատ ավելին էին, թվով մոտ 2500-ը: Վերջում էլ «ցուցագրմանս» խոչընդոտեցին ՔՊ ներկայացուցիչները, որոնք հետևիցս քայլում ու մարդկանց ասում էին, որ չասեն, թե որտեղից են, և քանի հոգով են եկել»,-գրել էր Չախոյանը։
Hayastan.news-ը Դատախազությունից հետաքրքրվեց, թե ինչ ընթացք է ստացել հրապարակումը, որտեղից հայտնեցին․«Ուղարկել են Ոստիկանություն՝ ստուգողական գործողություններ իրականացնելու»։
ՆԳՆ ոստիկանությունից հայտնեցին, որ տեղեկությունը կտրամադրեն գրավոր հարցմամբ։