Հետևեք մեզ։

Հայոց պատմության 7-րդ դասարանի նոր դասագրքում Արցախը նշված է որպես Ադրբեջանի մաս․ հեղինակը հայտնել է, թե ինչու

11:43, 05 հոկտեմբեր 2023
Հայոց պատմության 7-րդ դասարանի նոր դասագրքում Արցախը նշված է որպես Ադրբեջանի մաս․ հեղինակը հայտնել է, թե ինչու

Ֆեյսբուքյան օգտատեր Նարե Սիմոնյանը գրել է, որ 7-րդ դասարանի Հայոց պատմության նոր դասագրքում Արցախը ամբողջությամբ նշված է որպես Ադրբեջանի մաս։

«7-րդ դասարանի Հայոց պատմության նոր դասագիրքն է, որի տրամադրումը աշակերտներին հետաձգվել էր, օրեր առաջ են տրամադրել: Արցախը ամբողջությամբ նշված է որպես Ադրբեջանի մաս… Հիմա հարց է առաջանում՝ ո՞վ էր ուշացնում պայմանավորված ժամկետները. տպագրականնե՞րը, թե՞ Արցախի ցեղասպանությունն ու էթնիկ զտումը իրականացրած Նիկոլի «կիրթ և կառուցողական» գործընկերը…»,-գրել է նա։

Թեմային ավելի վաղ անդրադարձել էր գրքի հեղինակ Սմբատ Հովհաննիսյանը, որը պնդել է, որ «անտեղի շահարկվում են «Հայոց պատմություն 7» դասագրքի մի քանի թեմաներ, ինչը թյուրըմբռնման կամ միտումնավոր տարընթերցման, գուցե նաև խեղաթյուրման արդյունք է»։

Նա, մասնավորապես, գրել է. «Այդ իսկ պատճառով ներկայացնում ենք առավել հաճախ քննարկվող հարցերի պարզաբանումը։

3․ ՏԻԳՐԱՆ ՄԵԾԻ ԿԱՅՍՐՈՒԹՅԱՆ ՔԱՐՏԵԶԻ ՇԱՀԱՐԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հարց 3․ Ուսուցիչներից կամ ֆեյսբուքյան օգտատերերից ոմանք դասագրքի 80-րդ էջի քարտեզի՝ «Տիգրան Մեծի կայսրությունը Ք․ ա․ 80 թ․ (ժամանակակից սահմաններով)» վերաբերյալ գրում են, թե «Տիգրան Մեծի ժամանակ ոնց կարող էր քարտեզի վրա լինել Թուրքիա, Ռուսաստան, առավել ևս Ադրբեջան»։

Պատասխան 1․ Հավանաբար թյուրըմբռնման արդյունք է, քանի որ մեկ քարտեզի մեջ դիտարկվել են երկու տարբեր ժամանակներ, բայց այնպես, որ դրանք հնարավոր է միմյանցից թե՛ զատորոշել, թե՛ համադրել (աշխարհագրական վայրերի անվանումների գունային տարբերակմամբ և ժամանակակից պետությունների սահմանների ուրվագծմամբ)։ Բացի այդ, կա քարտեզին վերաբերող առանձին առաջադրանք, որը հիմնված է հենց քարտեզի այդ երկակիության վրա։ Բայց քանի որ կա թյուրըմբռնում, ուրեմն հարկավոր է նաև մանրամասնել-մեկնաբանել։

Ինչպես քարտեզի վերնագիրն է հուշում (Տիգրան Մեծի կայսրությունը Ք․ա․ 80 թ․ (ժամանակակից սահմաններով)), Տիգրան Մեծի կայսրությունը տեղադրված է ժամանակակից քաղաքական քարտեզին։ Նպատակն է աշակերտներին բացատրել, թե Տիգրան Մեծի կայսրությունն իր ժամանակների և ժամանակակից ի՞նչ պետությունների տարածքի հետ է համընկնում կամ ներառում իր մեջ․ դա հստակ է հատկապես քարտեզի վերաբերյալ 2-րդ առաջադրանքից (Կիրառի՛ր աշխարհագրական հմտություններդ: Ի՞նչ պետություններ էր ընդգրկում Տիգրան Մեծի կայսրությունը։ Այսօրվա ո՞ր երկրների տարածքներն է ընդգրկել այն)։

Հարցի առաջին մասը (Ի՞նչ պետություններ էր ընդգրկում Տիգրան Մեծի կայսրությունը) վերաբերում է Տիգրան Մեծի կայսրության մեջ Ք․ ա․ 80 թ․ ընդգրկված պետություններին (դասանյութի և քարտեզի օգնությամբ աշակերտները կարող են նշել Ասորիքը, Կոմմագենեն, Ծոփքը (որն առանձին հայկական թագավորություն էր, և միայն Տիգրան Մեծին հաջողվեց Ք․ա․ 94 թ․ միավորել իր տերությանը), Ատրպատականը և Վիրքը), իսկ երկրորդ մասը (Այսօրվա ո՞ր երկրների տարածքներն է ընդգրկել այն) վերաբերում է ժամանակակից պետություններին (դասանյութի և քարտեզի օգնությամբ աշակերտները կարող են նշել ժամանակակից երկրներից Լիբանանը, Սիրիան, Թուրքիայի մի մասը, Իրանի մի մասը, Իրաքի զգալի մասը, գրեթե ամբողջ Ադրբեջանը և Վրաստանի մի մասը)։

Այս ամենը հնարավորություն է տալիս աշակերտին քարտեզի վրա միաժամանակ տեսնելու Տիգրան Մեծի ժամանակների աշխարհի պատկերն ու ժամանակակից աշխարհի պատկերը։ Նա կարող է նաև տեսնել, թե այսօր Տիգրանյան Հայաստանի համեմատ ինչքան է փոքրացել Հայաստանը, կամ ժամանակակից ինչ պետություններ, որ չկային այն ժամանակ, հիմա կան, ու էլի այլ նրբություններ, որոնք ուսուցչի հարցերի օգնությամբ հնարավոր կլինի վեր հանել։ Մի խոսքով՝ քարտեզը և դրան վերաբերող հարցը բացահայտում են անցյալի և ներկայի կապը, վեր են հանում ուսումնասիրվող նյութի արդիականությունը։

Բացի այդ՝ աշխարհագրական հմտությունների զարգացմանը զուգահեռ զարգացվում են նաև պատմական մտածողության հետևյալ հմտությունները՝ պատմական պատճառականություն, շարունակականություն և փոփոխություն և համադրություն։

Դրանցից առաջինի (պատմական պատճառականություն) դեպքում աշակերտը կկարողանա համեմատել պատմական տեղաշարժերի պատճառները և/կամ հետևանքները, կարճաժամկետ և երկարաժամկետ ազդեցությունները կամ առնվազն հարցեր տալ դրանց վերաբերյալ։ Երկրորդի (շարունակականություն և փոփոխություն) դեպքում աշակերտը կկարողանա ճանաչել, նկարագրել և վերլուծել շարունակականության և փոփոխության պատմական միտումները ժամանակի ընթացքում: Իսկ երրորդի (համադրություն) դեպքում աշակերտը կկարողանա կիրառել անցյալի մասին պատկերացումները այլ պատմական համատեքստերում կամ հանգամանքներում, ներառյալ ներկան։

Այս մասին բավականին մանրամասն գրված է նոր դասագրքի մեթոդական ուղեցույցի 13-14 և 23-24 էջերում։

Այս երեք հմտություններին զուգահեռ քարտեզի հետ աշխատանքի, քննարկումների անուղղակի արդյունք կլինի նաև աշակերտների դիրքորոշում հայտնելը․ նրանք կներգրավվեն փաստերը դասակարգելու, մեկնաբանելու, դրանց վերաբերյալ հարցադրումներ անելու ստեղծագործական աշխատանքի մեջ։

Ի վերջո, քարտեզը դասանյութից դուրս, մեկուսի կառույց չէ, այն սերտորեն շաղկապված է թե՛ դասանյութին, թե՛ սկզբնաղբյուրներին, թե՛ առաջադրանքներին։ Ավելին՝ հաջորդ դասի վերջում զետեղված է QR կոդ, որը լրացուցիչ նյութ է տալիս ուսումնասիրվող նյութը քննարկելու համար»։