Նիկոլ Փաշինյանի և ոչ թե Կառավարության որոշմամբ Էդվարդ Հովհաննիսյանն ազատվել էր Արմավիրի մարզպետի պաշտոնից, այն բանից հետո, երբ Փաշինյանն այցելել էր մարզ և դժգոհել շինարարական աշխատանքների որակից։
Hayastan.news-ի աղբյուրների փոխանցմամբ, սակայն Հովհաննիսյանին պաշտոնանկ անելու մասին լուրերը շրջանառվել են դեռ ավելի վաղ։ Ըստ տեղեկությունների՝ Փաշինյանը մտադիր է Արմավիրի մարզպետ նշանակել ՆԳ նախարար Վահե Ղազարյանի տեղակալներից ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանին, ինչն, ի թիվս այլ հանգամանքների, պայմանավորված է այդ մարզում Մարգարայի անցակետի առկայությամբ։ Ի դեպ, Փաշինյանը նման փորձ ունի՝ ուժային կառույցների կադրերին նշանակել սահմանամերձ մարզերում պաշտոնների։ Այդպիսին էր նաև ՀՀ նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի նշանակումը Սյունիքի մարզպետ դեռ 2018-ին։
Արամ Հովհաննիսյանին նշանակելու հարցում համաձայնության եկե՞լ են, թե՞ ոչ, պարզել չհաջողվեց․ Արամ Հովհաննիսյանը չպատասխանեց հեռախոսազանգին։