Հետևեք մեզ։

Փաշինյանը գիտենք ինչ է անում, իսկ դուք ի՞նչ եք անում, որ այսպես չլինի

23:09, 20 ապրիլ 2024
Փաշինյանը գիտենք ինչ է անում, իսկ դուք ի՞նչ եք անում, որ այսպես չլինի

Հայաստանը կրկին հող է հանձնում․ ՔՊ-ն ուրախ է՝ մեծ ոգևորությամբ ասում են՝ դե 2,5 գյուղ է, չենք հանձնում, տալիս ենք, չենք տալիս, իրենցն է, և այլն։ Խոսքն, ասես թե 2 կգ կարտոֆիլի մասին է կամ 50 մետր այն կողմից էժան կանաչի գնելու։ Անիմաստ է ՔՊ-ականներին հարցնել, թե եթե չենք հանձնում, օրինակ, ինչու   Փաշինյանն այլևս Ոսկեպար նախկին ճանապարհով չի գնում, այն նույն ճանապարհով, որով գնում էր նախկինների օրոք, այլ ուղղաթիռով է գնում, կամ եթե մերը չիլ ապա ինչու՞ են մեզնից ուզում։


Իսկ աշխարհը ողջունում է, որ հող ենք տալիս Բաքվին․ այլ բան սպասելը միամտություն է, որովհետև նրանց համար լավագույն դեպքում կամ միևնույն է, և\կամ մեր իշխանությունների պես Բաքվի կողմից են։


Այս խառնաշփոթը, հող հանձնելն այլևս զարմանալի չէ, ՔՊ-ի թեզերը, Փաշինյանի դերասանական խաղը, որ ինքն անգամ արժանապատվության վրայից է անցնում հանուն «իրական Հայաստանի» և այլն։


Այն, որ ՔՊ-ն հող է հանձնում հանուն իր իշխանության, պետության հաշվին վայելքների,  ձրի ապրելու, նոր կոշիկներ հագնելու համար, դա արդեն պարզ է շուրջ վեց տարի է։ Դա այնքան պարզ է, որ Փաշինյանը նոր մեթոդաբանություն մտածելու համար էլ ջանք էլ չի թափում, զուտ այնպես, ինչպես եղանակի տեսությունն են հայտնում հաղորդագրությամբ, այդպես հայտնում է` էս մինն էլ տվեցինք։


Եվ վերջ։ Այսինքն, Փաշինյանի ձեռագիրը պարզ է, ոչինչ անսպասելի  չէ և զարմանալի չէ, անգամ այդ հանձնման մասին խոսում են բոլորը, գիտեն բոլորը, թվարկում են անգամ հերթականությունը՝ Տիգրանաշենն է, բայց զարմանալին այստեղ այդ շղթային չդիմակայելն է։


Տպավորություն է, որ քաղաքական հայտ ներկայացնողները, նախկինում պետության ռեսուրսներին տիրապետողները, խորհրդարանական ընդդիմությունը, մարդիկ, ովքեր քաղաքականության մեջ են և իրենց հռչակել են ընդդիմադիր, պարզապես արձանագողներ են․ արձանագրում են, թե ինչ ասաց Փաշինյանը, արձանագրում են՝ էս էլ տվեց, արձանագրում են, թե ինչ է ասում այս կամ այն մայրացամաքը, բայց այդտեղ է սխալը, որովհետև ընդդիմության գործն ընդդիմանալն է, ոչ թե արձանագրելը, դա լրիվ այլ մասնագիտություն է։ Իհարկե, կան անհատ պատգամավորներ, որոնք դեպքի վայրում են, ազնիվ են, բայց նրանք չեն լիդերներն ու որոշողները:


Անգամ զուգահեռ տանելն է ամոթ, բայց մի օրինագծի համար Վրաստանում չորս օր է՝ բողոքի ալիքը չի դադարում, իսկ երեկ ՔՊ-ն հայտնում է ճանապարհ, տարածքներ տալու մասին և մայրաքաղաքում դրան անգամ արձագանք չկա, որևէ գործողություն չկա, իսկ նույն քաղաքական ուժերից քանի՞սն ու օրական քանի՞ անգամ են արձանագրում, որ խնդիրը Երևանում է, և՞։


Որովհետև պրոբլեմ է, քաղաքական էլիտան սպասում է հասարակության արձագանքին, բայց այդպես երբեք ու ոչ մի դեպքում չի լինում։


Խնդիր է նաև այն, որ քաղաքական ընդդիմադիրը անում է նույն գործողությունը, ինչ ցանկացած մասնագիտության տեր մարդ՝ գրառում են անում սոցիալական ցանցերում, առավել թույլերը հայհոյում են:


Ի դեպ, հասարակության տրամադրությունների վրա էլ է ազդում ընդդիմությունը, որովհետև, թեկուզ սեպտեմբերյան իրադարձությունների ժամանակ քաղաքացիները փողոցում էին, իսկ քաղաքական գործիչներ չկային, հավանաբար որևէ տեսախցիկ էին փնտրում ասելու համար, որ հասարակությունը պետք է  դուրս գա փողոց:

Մենք գիտենք, թե Փաշինյանն ի՞նչ է անում, իսկ ինչ եք անում դուք, որ Փաշինյանը չանի այն, ինչ անում է, որ այսպես չլինի:

 


Բեթղեհեմ Արաբյան