Հետևեք մեզ։

Քրեական ենթամշակույթ: Ինչո՞ւ գոյություն ունեն մաֆիաները

21:11, 26 ապրիլ 2023
Քրեական ենթամշակույթ: Ինչո՞ւ գոյություն ունեն մաֆիաները

Քրեական աշխարհի բարքերը, կանոններն ու հանցավոր կյանքի մանրամասները միշտ են հետաքրքրել մարդկանց: Քրեական աշխարհի ներկայացուցիչների կյանքի առանձին դրվագներ, երբեմն փոքր-ինչ գեղարվեստականացված, պատմվել են բակերում ու փողոցներում՝ մարդկանց աչքերում նրանց դարձրել լեգենդներ, իսկ քրեական աշխարհն՝ ավելի ու ավելի գրավիչ:

 

Քրեական ենթամշակույթի մասին հրապարակային խոսքը միշտ զգուշավոր է եղել, եթե չհաշվենք քրեական աշխարհի իրադարձություններ պատկերող ֆիլմերը, որոնք շատ անգամներ են քննադատվել հանցավոր բարքերը խրախուսելու և հանրության շրջանում տարածելու համար: Ավելին, թեև գողական աշխարհն իր այսօրվա կամ դրան նման տեսքով գոյություն ունի արդեն ավելի քան մեկ դար, բայց այս թեմայով լրագրողական փնտրտուքները նույնիսկ տպավորություն են թողնում, որ մանավանդ խորհրդային տարիներին դրա մասին խոսելն արգելված է եղել: Դա, իհարկե, խորհրդային ժամանակներին բնորոշ «ծածկադմբոցի» դրսևորումներից էր՝ չընդունել բացասական երևույթի գոյությունը՝ չխոստովանելու համար, որ դրա դեմ հաջող պայքարել ու այն վերացնել չի ստացվում, կամ, որ նման ցանկություն չկա:

 

Բայց մեր օրերում, երբ քրեական ենթամշակույթի դեմ պայքարի մասին շատ է խոսվում և նույնիսկ այդ նպատակով հատուկ ու խիստ օրենքներ են ընդունվում, ժամանակն է խոսել ավելի պարզ ու մանրամասն.

 

Եվ այսպես, կազմակերպված հանցավորությունը բազմաթիվ դրսևորումներ ունի և հանցավոր կազմակերպությունների տեսակներ շատ կան: Դրանց մեջ, սակայն, առանձնանում են ավելի գաղափարականները, այսպես կոչված մաֆիաները՝ ինչպես խորհրդային Գողական աշխարհն է, սիցիլիական Կոզա Նոստրան, ճապոնական Յակուձան, չինական Տրիադան, իռլանդական ու մեքսիկական մաֆիաները, կարծեք թե իտալականից ճյուղավորված ամերիկյանը և այլն:

 

Հանցաշխարհի այս խմբավորումները և՛ ընդհանրություններ, և՛ խիստ տարբերություններ ունեն, իսկ որոշ առումներով՝ նույնիսկ համեմատելի չեն: Ընդհանուր են, թերևս, դրանց առաջացման ու շարունակվող գոյության պատճառները: Կազմակերպված հանցավորությունը սոցիալական երևույթ է: Դա նշանակում է, որ հանցավորությունը կազմակերպված է դարձել, և հանցավոր խմբավորումները ձևավորվել են հասարակական կյանքի ընթացքին զուգահեռ ու համահունչ՝ օգտվելով դրա տված հնարավորություններից ու ենթարկվելով թելադրված փոփոխություններին:

 

Սոցիալ-տնտեսական խնդիրներ: Կազմակերպված հանցավորությունն ավելի արագ է զարգանում սոցիալական խնդիրներ ունեցող պետություններում: Գործազրկությունը, հասարակության շերտավորումը, տնտեսական կարգի փոփոխությունները, դրանց չկանոնակարգվածությունն ու նոր տնտեսական կարգերում հմուտ գործելու մարդկանց անկարողությունը պարարտ հող են ապահովում հանցագործությունների տարածման համար: Դե իսկ հանցագործություններով երկար ժամանակ զբաղվելու արդյունքում յուրաքանչյուր հաջորդ հանցագործություն դառնում է ավելի պրոֆեսիանալ, դրանից ստացվող օգուտն ավելի գոհացուցիչ, հետո հանցանք կատարելու կանոնները ուսուցանվում են այլ անձանց, ովքեր նույնպես ներգրավվում են դրան, և հանցագործություններն սկսում են կատարվել ավելի պլանավորված, ավելի լավ քողարկված ու դերաբաշխումներով, հետևաբար՝ ավելի հաջող:

 

Սոցիալական և տնտեսական պատճառներն ու կատարելագործման բնական գործընթացն, իհարկե, հանցագործություններն ավելի կազմակերպված դարձնում են, իսկ ահա դրանց «մաֆիայականացումը» շատ ավելի սթափեցնող պատճառներ ունի:

 

Թույլ պետություն: Մաֆիաների առաջացման պատճառներից մեկը եղել է և կա պետության հեղինակության, հզորության, զսպող, կարգավորող ու պատժող ուժի նվազումը: Սոցիալ-տնտեսական խնդիրները լուծելու և ընդհանրապես հասարակական կյանքը ղեկավարելու, կարգուկանոն ապահովելու պետության անկարողության պայմաններում նրան փոխարինելու է գալիս քրեական իշխանությունը՝ թեկուզ անօրինական, բայց եկամուտ ապահովելու, վեճեր ու կոնֆլիկտներ լուծելու, կորցրածը վերադարձնելու և վատ վարքագիծ դրսևորած ցանկացածին արագ ու հենց խղճի արդարությամբ պատժելու իր կարողությամբ: Իսկ քրեական աշխարհն իր հզորությամբ տարբեր ժամանակներում չի էլ զիջել, նույնիսկ գերազանցել է պետություններին: Մարդիկ իրենց խնդիրներով գողական աշխարհին դիմել են և հիմա էլ դիմում են, քանի որ այդ կերպ դրանք ավելի արագ են լուծվում՝ առանց ընթացակարգերի ու միանգամից:

 

Հանցավոր աշխարհի գոյությունն այսպես բացատրել ու բացատրում են նաև մաֆիայի անդամները: Սիցիլիական մաֆիայի լեգենդար ներկայացուցիչներից Կալոջերո Վիցցինին, դեռ 1949 թվականին, մաֆիայի վերաբերյալ լրագրողի հարցին պատասխանել է, որ «յուրաքանչյուր հասարակությունում պետք է լինեն մարդիկ, ովքեր կշտկեն իրավիճակը, երբ այն բարդանում է: Սովորաբար, դրանք պետության մարդիկ են, իսկ այնտեղ, որտեղ պետությունը բացակայում է կամ չունի ուժեր, դա կատարում են մասնավոր անձինք»: Դրանից շուրջ 50 տարի անց, Կոզա Նոստրայի արդեն նոր սերնդի անդամ Պյետրո Ալիերին, իր հետ համագործակցություն առաջարկած դատախազին պատասխանել է. «Երբ Դուք դպրոցներ գնաք ու խոսեք արդարության, օրենքի, այն հարգելու մասին, Ձեզ լսող երիտասարդները կգան Ձեր հետևից: Բայց երբ նրանք մեծանան և սկսեն բնակարան, աշխատանք, տնտեսական ու բժշկական օգնություն փնտրել, որտե՞ղ կգտնեն այն՝ Ձե՞զ, թե՞ մեզ մոտ: Դուք սիցիլիացի եք, հրամանատար, և գիտեք, թե ինչի մասին եմ ես խոսում»:

 

Եվ իրականում, մաֆիոզ հանցավորությունը տևական ժամանակ գոյություն է ունեցել ոչ թե դրա դեմ պետության պայքարի, այլ պետության կողմից դրա հետ խաղաղ գոյակցելու պայմաններում, ինչը պակաս նպաստավոր պայման չի եղել ոչ միայն գոյատևելու, այլև ավելի ուժեղանալու համար: Այստեղ բավարար է հիշել խորհրդային քրեական աշխարհի ծագման մասին տարածված միտքը, որ գողական աշխարհին ստեղծել է հենց պետությունը՝ խորհրդային «ԷՆԿԱՎԵԴԵ»-ն՝ քրեական տարրերին կառավարելի դարձնելու համար: Պնդման երկրորդ մասում, իհարկե ճշմարտության անչափ մեծ բաժին կա և պետությունն, այո, քրեական աշխարհի հեղինակություններին օգտագործել է քրեական աշխարհը կառավարելի դարձնելու, ուղղիչ գաղութներում կարգուկանոն պահելու համար՝ ինչ-որ ձևերով դրա դիմաց հատուցելով հենց հեղինակություններին:

 

Բայց չմոռանանք, որ խոսքն ինքն իրեն առաջացած ու զարգացած սոցիալական երևույթի մասին է, որը զուտ արհեստականորեն ստեղծել, այն էլ գաղափարական հիմքով՝ հնարավոր չէր լինի:

 

Գրավիչ գաղափարներ: Գաղափարական հենարան ունեցող կազմակերպված հանցավորության գոյությունը բացատրող գործոններից մյուսը բացասական երևույթներն են գաղափարախոսության, երիտասարդության դաստիարակության պրոցեսում: Քրեական տարրերի ուժի, հեղինակության, հնարավորությունների ու դրական կերպարի մասին տեղեկատվությունը, առավել ևս դրանք գեղարվեստական ներկայացնելն ու քրեական աշխարհի ռոմանտիկան ապակողմնորոշում են երիտասարդությանը, շեղում դեպի քրեական կյանք կամ առնվազն դեպի դրան բնութագրական բարքեր, որոնք ընդունված են ոչ միայն կազմակերպված հանցավոր խմբերում, այլև ամբողջ հասարակության մեջ: Օրինակ, ցուցմունք տալու արգելքը, ճիշտ ու սխալ կյանքի դասակարգումն ընդհանրապես գոյություն ունի ոչ միայն քրեական ենթամշակույթին անմիջապես մասնակցող անձանց մեջ, այլև ողջ հասարակությունում: Իսկ քրեական աշխարհի առաջացման ու գոյության հաջորդ պատճառը սրա հետ շատ անմիջական կապ ունի:

 

Հանցավոր պոտենցիալ: Խոսքը հասարակության մեջ զգալի հանցավոր պոտենցիալի, այսինքն՝ հասարակության անդամների՝ հանցանքի դիմելու կարողության, ընդունակության մասին է: Նման բարձր պոտենցիալն ազգային մենթալիտետի, կոնկրետ ազգերի էթնիկ ու այլ՝ նաև պատմական զարգացման առանձնահատկությունների արդյունք է: Հավանաբար պատահական չէ նման բարձր պոտենցիալի առկայությունը իտալացիների, հույների, հատկապես պոնտացիների և կովկասյան ժողովուրդների մոտ: Որևէ այլ կերպ չես բացատրի երկու հարևան պետություններից մեկում այդ երևույթի կայուն գոյությունն ու անմիջապես սահմանակից մյուսում դրա իսպառ բացակայությունը:

 

Հանցավոր գաղափարախոսության տարածումը և դրանով հասարակության մեջ հանցավոր պոտենցիալի մեծացումը կազմակերպված հանցավորության հիմնական զենքերից մեկն է: Ե՛վ խորհրդային ու հետխորհրդային գողական աշխարհը և՛ իտալական մաֆիան իրենց հզորությունը ձևավորել ու պահել են հենց գաղափարախոսության լավ տարածման արդյունքում: Դե իսկ այդ գաղափարախոսությունը, անկախ նրանից պահպանվել է թե ոչ, բնականաբար հիմնված է եղել արդարության, սկզբունքայնության, ազնվության ու բազմաթիվ այլ գնահատելի մարդկային սկզբունքների վրա, որոնց պակասը հասարակության մեջ նկատելի էր:

 

Քրեական ենթամշակույթում զուտ քրեական կանոնները, սակայն, շատ տարբեր են և դրանցով մաֆիաները միմյանցից էապես տարբերվել են: Միանման ու ընդհանուր է եղել դրանցից մեկը՝ ցուցմունք տալու արգելքը: Բայց, եթե օրինակ, մեղքը ըստ անհրաժեշտության մասամբ ընդունելը, պետության հետ օրինական ու ապօրինի համագործակցությունն ու կաշառատվությունը իտալական մաֆիային բնորոշ են եղել, ապա խորհրդային գողական աշխարհում այն ծանրագույն մեղք էր: Եթե մաֆիան տնտեսության մեջ ներթափանցում ու ձեռնարկատիրությամբ զբաղվում էր անթաքույց՝ ըստ երևույթին գերխնդիր համարելով կարողությունների կուտակումն ու հզորացումը, ապա գողական աշխարհում այն նույնպես պետությունը «ճանաչելու» և հետը համագործակցելու դրսևորում էր համարվում: Ավելին, եթե մաֆիան գործունեության առանձին տեսակներ, օրինակ՝ թմրավաճառությունը, մարմնավաճառությունն ու կավատությունը կարող էր բիզնեսի վերածել, ապա գողական աշխարհի համար, մանավանդ խորհրդային տարիների սկզբներին, դրանք մահացու մեղքեր էին:

 

Եվ ընդհանրապես, խորհրդային քրեական ենթամշակույթի գաղափարախոսությունը գոնե ի սկզբանե կառուցված էր արդարության, ազնվության, համաչափության, արժանի հատուցման, թմրաշրջանառության պես հասարակությունն ու հենց գողական աշխարհը քայքայող, կավատության պես անբարոյական երևույթների ու նյութապաշտության մերժման վրա: Եվ գողական աշխարհն իր գոյության ու հասարակության մեջ լուրջ տարածման համար պարտական էր հենց այս գաղափարներին:

 

Շարունակելի…