Հետևեք մեզ։

Ծնողներից մեկն Աշոտ Փաշինյանին ասել է՝ նստիր մեքենան, գնում ենք Եռաբլուր, որ տեսնես՝ հերդ ինչ է արել, դուռը բացել՝ նստել է․ Գարիկ Գալեյան

16:34, 17 մայիս 2023
Ծնողներից մեկն Աշոտ Փաշինյանին ասել է՝ նստիր մեքենան, գնում ենք Եռաբլուր, որ տեսնես՝ հերդ ինչ է արել, դուռը բացել՝ նստել է․ Գարիկ Գալեյան

Եթե Աշոտ Փաշինյանը նստում է մեր մեքենան, նշանակում է՝ մենք առևանգե՞լ ենք։ Ես այդ մեքենայում չեմ եղել, ես իմ մեքենայում եմ եղել, ինքը մեր ծնողներից մեկի մեքենան է նստել։ Ասել են՝ նստիր, գնում ենք Եռաբլուր, տեսնես՝ ինչ է արել հերդ։

 

Այս մասին քիչ առաջ Hayastan.news-ի հետ զրույցում ասաց զոհված հերոս Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը՝ մեկնաբանելով ՀԺ-ի այն հրապարակումը, թե «Որդիների կանչ» ՀԿ-ի անդամները այսօր փորձել են առևանգել Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին, և նրանց մեջ է եղել նաև Գարիկ Գալեյանը։

 

Գալեյանը պատմեց, որ այսօր իրենք Շենգավիթում գտնվող Երևան քաղաքի դատարանում մասնակցել են Ժորա Մարտիրոսյանի մայրիկին առնչվող դատական նիստին, և Աշոտ Փաշինյանին դատարանի մոտ են հանդիպել։

 

«Քաղաքավարի մոտեցել ենք, Գայանեն մոտեցել ասել է՝ քո հետ ոչ մեկը ոչ մի բան չի անի, ո՛չ քեզ վնասում ենք, ո՛չ էլ, արի, նստի՛ր մեքենան, ուզում եմ հետդ խոսել։ Նստել է, շարժվել են, ճանապարհի կեսից իջել է։ Ինքը բացարձակ չի դիմադրել, ինքը եկել, դուռը բացել՝ նստել է։ Հետո ինքը դուռը բացեց՝ գցեց մեքենայից»,-ասաց Գալեյանը։

 

Հարցին՝ ինքը ճանապարհին չի՞ ասել` կանգնեցրե՛ք մեքենան, ուզում է իջնել, Գալեյանն ասաց․ «Չէ, չէ, չի ասել՝ կանգնել, ասել է՝ ներողություն, ես ի՞նչ կապ ունեմ, իրենց հետ չեմ ապրում, ես իրենց հետ կապ չունեմ, ես իրենց արարքը չեմ ընդունում և այլն, և այլն»։ Նա նաև ասաց, որ իրենց այս պահի դրությամբ ոստիկանություն չեն կանչել, չնայած նրան, որ Աշոտ Փաշինյանը դիմել է իրավապահներին։

 

 

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

 

Հետևեք Hayastan.news-ի տելեգրամյան ալիքին այստեղ

 

Վերլուծական