Հետևեք մեզ։

Նոյեմբերի 9-ի փաստաթղթից հետո դիվանագիտական ձախողում չտեսած Արա Այվազյանն ի՞նչ է ուզում փոխել հիմա

15:46, 02 հուլիս 2024
Նոյեմբերի 9-ի փաստաթղթից հետո դիվանագիտական ձախողում չտեսած Արա Այվազյանն ի՞նչ է ուզում փոխել հիմա

ՀՀ ԱԳ նախկին նախարար (2020թ. նոյեմբեր-2021թ մայիս) Արա Այվազյանը հայտնի է իր հայտարարությամբ, որն արել է 44-օրյա պատերազմից հետո, երբ ստանձնել էր ԱԳ նախարարի պաշտոնը․ «Ռազմադաշտում ունեցել ենք ձախողում, և դա պետք է ճիշտ գնահատենք, որովհետև անհամաչափ ուժերի դեմ էին հերոսաբար մեր զինվորները դիմադրում: Դիվանագիտության մեջ մենք ձախողում չենք ունեցել»։

Այս հայտարարությունն աղմկահարույց էր, որովհետև շատերի կարծիքով ճիշտ հակառակն էր տեղի ունեցել, ոմանք կարծում էին, որ զինվորը չի պարտվել, բայց Հայաստանը պարտվել է երկու ճակատում էլ։

Բայց, 2020-ի նոյմեբերի 16-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հրաժարականը հենց դիվանագիտական պարտության քաղաքական ապացույցներից միայն մեկն էր։

Իհարկե, հասկանալի է, որ Արա Այվազյանն այդ հայտարարությունն արել էր, որպեսզի արդարացներ կամ հիմնավորեր իր՝ ԱԳ նախարար դառնալու առաջարկն ընդունելը, բայց այդ հայտարարությունը հարցեր է առաջացնում նաև հիմա։

Ինչպես հայտնի է, Արա Այվազյանն ընդգրկված է դիվանագիտական խմբերում, ներկա է քննարկումներում, հանդիպումներ է ունենում ընդդիմադիր թևի կամ ավելին՝ հանդես է գալիս որպես ընդդիմադիր։ Հիմա հարց․ եթե 44-օրյա պատերազմից հետո Հայաստանը դիվանագիտական պարտություն չէր կրել, ամեն ինչ լավ էր, հիմա ի՞նչ է ուզում փոխել դիվանագետը։

Ավելին, 2022-ի հանրահավաքներից մեկի ժամանակ Այվազյանն ասել էր․ «Այն կեցվածքը, որը որդեգրել էր ԱԳՆ–ն նախկինում, ճիշտ լուծում էր` Արցախի հարցը պետք է խարսխված լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի վրա»։ Իսկապես, բայց երբ Արա Այվազյանը ստանձնեց ԱԳ նախարարի պաշտոնը, նոյեմբերի 9-ի փասատթուղթը ստորագրված էր և այնտեղ ոչինչ չկար Արցախի կարգավիճակի մասին, և դիվանագիտական ձախողում Այվազյանը «չէր տեսել»։

Արա Այվազյանը քննադատում է այն փաստաթուղթը, որը, ըստ իշխանության ստորագրվելու է և կոչվելու է խաղաղության պայմանագիր կամ համաձայնագիր։ Արա Այվազյանն այս պրոցեսի վերաբերյալ ասել է․ «Բաքվի հետ խաղաղության պայմանագիրը լինելու է շրջանակային փաստաթուղթ, ոչ ավելին»։

Այս ամենում խնդիրներ տեսնող հմուտ դիվանագետ Այվազյանը հաստատ ավելի մեծ խնդիրներ տեսնում էր նոյեմբերի 9-ի փաստաթղթում, սակայն այդ ժամանակ նրան նախարարի առաջարկ էր արվել և դիվանագիտական պարտությունը չէր տեսնում, տարանջատում էր դիվանագիտությունը բանակից և խոսում ռազմական պարտության մասին։ 

Արա Այվազյանը հրաժարականին ին հաջորդեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի մեկնաբանությունը․ «Արա Այվազյանը հրաժարական է տվել ականապատման քարտեզները չտալու պատճառով»,-ասել էր Գրիգորյանն ու հավելել, թե իրենց թիմի համար Այվազյանն ուզեցել է խնդիրներ ստեղծել։

Կուլիսային քննարկումները Այվազյանի հրաժարականի մասին բարձրաձայնում էին հայ-ռուսական հարաբերությունների թեման, որով շահագրգիռ կողմ է եղել Այվազյանը։ Վերջերս նա մեկնաբանել է այդ հարաբերությունները, որն ավելի  է լույս սփռում Այվազյանի հրաժարականի պատճառի վրա․ «Հայաստանի իշխանությունների որդեգրած ընդգծված հակառուսական կեցվածքը միայն ավելացնում է ՀՀ–ի սպառնալիքների շրջանակը»,-ասել է դիվանագետը։

Մի կողմ թողնելով այդ թեման ու հարաբերությունները, բայց այդ հայտարարությամբ պարզ է դառնում, թե առաջնահերթ ինչով է մտահոգ նախկին նախարարը, և որն էր իր առաքելությունը, երբ նոյեմբերի իննից հետո դիվանագիտական ձախողում «չէր տեսնում»։

Քաղաքականության մեջ ամեն ինչ չէ, որ մոռացվում է։

 

Վերլուծական