Դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները դադարեցնելու որոշումը կայացրել է Կարեն Անդրեասյանը միայնակ, դեռ այն ժամանակ, երբ համատեղության կարգով Բարձրագույն դատական խորհրդի անդամ, իր կցորդ Երանուհի Թումանյանցին ուշ ժամին թելադրում էր ձեռնոց նետել Բոլիվուդին ու կինո նկարել այդ «մեղավոր» դատավորի մասին։ Խոսնակներին էլ խնդրել էին որպես դերասաններ հանդես գալ այդ կինոյում և որպես ԲԴԽ հայտարարել․ «Այսինքն, շուրջ 4 տարի 4 ամիս տևած գործում տարբեր ձգձգումների պատճառով կորսվել է 2 տարի 9 ամսի։ Կարելի է եզրակացնել, որ այս գործը ձգձգվել ու տապալվել է հենց դատավորի պատճառով»։
Վերջում էլ, արդեն նախկին խոսնակը, ըստ սցենարիստ Թումանյանցի՝ հայտնում է՝ հիմա էլ ուշ չէ կարգապահական վարույթ բերել ԲԴԽ և պատասխանատվության ենթարկել իր գործում թերացած որևէ դատավորի։
Եվ, հրաշք, Գրիգոր Մինասյանը լսել է խոսնակին և կարգապահական վարույթ է տարել իրեն այդքան հարազատ ԲԴԽ՝ Աննա Դանիբեկյանին պատասխանատվության ենթարկելու համար։
Կինոյում Անդրեասյանը չի ներառել Սահմանադրական դատարանին, որովհետև չի կարող և չի ներառել Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանին, որովհետև չի կարող։ Գրիգոր Մինասյանն էլ, քանի որ ԲԴԽ խոսնակը կինոյում չի ասել, որ ուշ չէ Լիլիթ Թադևոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար, վարույթ չի տանում ԲԴԽ և չի հետաքրքրվում, թե ի՞նչ եղավ Մարտի մեկի գործով վճռաբեկ բողոքը, որ տարվել է 2-3 տարի առաջ։ Իսկ Աննա Դանիբեկյանի մասով, դե գիտեք, ամեն դատավոր չէ, որ Աննա Հակոբյանի հետ լուսանկար ունի, որը, օրինակ, կարող էր հրապարակվել ԲԴԽ որոշումից մեկ օր առաջ։
Կարեն Անդրեասյանը նախ նա դեռ «չի ջոկել»՝ ԲԴԽ նախագահ է, ռեժիսուրայում է ուզում կայանալ, Գրիգոր Մինասյանի հարձակվողն է՝ ով իրեն փոխանցում է անում գոլ խփելու համար, նախկին վրիժառու է, թե, օրինակ, ուզում է «փոխհատուցել» Գրիգոր Մինասյանին՝ տարիներ առաջ իր կնոջն արած փոքրիկ նվիրատվության համար։
Իսկ պատմուճան հագած որոշ մարդիկ մոռանում են, որ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարց քննարկելու, ինչպես նաև Դատական օրենսգրքով սահմանված այլ դեպքերում Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան, ոչ թե Կարեն Անդրեասյանի թելադրանքով Թումանյանցի սցենարով շարժվող ֆիգուր։ Բնականաբար, չստանձնելով նորմալ ԲԴԽ-ի դեր, գուցե Դանիբեկյանը մեղավոր էր, բայց դատավորին պատժելու միակ ձևը նրա լիազորությունները դադարեցնելը չէ, նախ, որովհետև այդ ժամանակ հարցեր են առաջ գալիս․ այդ դեպքում բազմաթիվ այլ գործերով՝ Նաիրա Հովսեփյանը, Լիլիթ Թադևոսյանը, Մնացական Մարտիրոսյանը, ԲԴԽ անդամ դարձած Կարեն Թումանյանը․․․։
Բարձրագույն դատական խորհուրդն անաչառ չէ, այս մասին խոսելը գուցե միամտություն թվա, բայց սցենարով նրանք արդեն ասել էին, որ Մարտի մեկի գործը տապալելու մեջ մեղավոր է Աննա Դանիբեկյանը, էլ ի՞նչ էր քննում այդ դատարանը, կինոյի երկրո՞րդ մասն էր նկարում։
Կարեն Անդրեասյանը դեռ Հանրայինում էր ասել, որ նման կինո է նկարելու, հետո մոռացել էր այդ մասին, ու ասել, թե ինքը ֆիլմի հետ կապ չունի․ դա էլ իր ռեֆլեքսն է՝ պատասխանատվությունը գցել կանանց վրա։
Կարեն Անդրեասյանի դատավարությունը չափազանց հետաքրքիր է լինելու, բայց առավել հետաքրքիր կլինի, եթե նա հինգ րոպե ուշանա համատեղ ճաշի պատճառով և նրան, այդ պարտաճանաչությամբ փայլող մարդուն չլսեն, կամ փակեն դուռը և իրեն թողնեն դրսում, մինչև․․․։ Ի վերջո, դիմացինի, նաև նախկին, ներկա ու ապագա գործընկերոջ հանդեպ վերաբերմունքը սեփական եսիդ, արժեհամակարգիդ, դաստիարակությանդ արտացոլանքն է։ Կարեն Անդրեասյանն ապացուցում է, թե որքան կարևոր է հարգանքը դիմացինի նկատմամբ և որքան զուրկ է ինքը դրանից, և իր ցածրությունից այդ կարևոր հատկությունը որքան անտեսանելի է։
Բեթղեհեմ Արաբյան