Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ Մատենադարանում տեղի է ունեցել Հայագիտական միջազգային կոնգրեսը, որին մասնակցում էին 16 երկրից Հայաստան ժամանած շուրջ 40 հեղինակավոր հայագետներ ու միջնադարագետներ, հոգևոր-ձեռագրական կենտրոնների ներկայացուցիչներ Անթիլիասից, Զմմառից, Վենետիկից, Վիեննայից, Երուսաղեմից:
Ներկայանալի հյուրերի բազմամարդ լինելը, սակայն, ինչ-որ տեղ մտահոգող է, որովհտեև հյուրերն էլ են տեսել մեր վերաբերմունքը խորհրդանիշներին։
Ի՞նչ է տեղի ունեցել․
Երեկ կայացել է Հայաստանի պետական կամերային նվագամբի համերգը՝ նվիրված Հայագիտական միջազգային կոնգրեսին: Կազմակերպիչները բեմ են հավաքել, և հետևել միայն իրենց հարմարություններին։ Օրինակ, ԿԳՄՍ նախարարության, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանի մտքով ինչ է անցել, երբ անհարգալից վերաբերմունք է դրսևորվել Հայաստանի ամենակարևոր խորհրդանիշներից մեկի նկատմամբ։ Որովհետև «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ-հիմնադրամի տնօրեն Արա Խզմալյանը մեկ օր չի կանգնել ու հպարտացել այդ արձանով, Մաշտոցով ու Կորյունով, որովհետև նրան այլ բան է հետաքրքիր։ Այսպես են խեղաթյուրվում արժեքները։
Օրինակ, ի՞նչ է մտածել Վիեննայից եկած մասնագետը, երբ տեսել է, որ բեմի «պալատկան» Մաշտոցի արձանը հանել է միջոցառումից, Կորյունի արձանն էլ առանձնացրել ու ծածկի տակ են պահում։ Պարզ հարց․ էդ տարածքում էլ տեղ չկա՞ր։
Զարմանալի բան է, իշխանությունները միաջազգային որևէ միջոցառում, արտերկիր որևէ այց բաց չեն թողնում, չե՞ն տեսնում նրանց վերաբերմունքը ազգային արժեքների, խորհրդանիշների նկատմամբ։ Դուք պատկերացնո՞ւմ եք՝ Ֆրանսիայում մի միջոցառման ժամանակ Նապոլեոնի արձանը փակեն, հեռու չգնանք՝ Վրաստանում Շոթա Ռուսթավելիին «ապամոնտաժեն» ժամանակավոր, ձեր սիրելի հարևանները կուռքեր են ստեծել ոչնչություններից ու սերունդ են դաստիարակում։ Լավ, ՀՀ իշխանությունները չե՞ն տեսել Ֆրանսիան ինչ էր անում, երբ Հայոց ցեղասպանությունը վերապրած Միսաք Մանուշյանի և նրա կնոջ՝ Մելինե Մանուշյանի աճյունները տեղափոխում էր Ֆրանսիայի Պանթեոն: Ժաննա ԱՆդրեասյանը Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում մասնակցում էր բանաստեղծ Մախթումկուլի Ֆրագիի ծննդյան 300-ամյակի միջոցառումներին, փակե՞լ էին արձանը։
Ինչու՞ է Հայաստանում այսպես, որովհետև պետությունը Մեսրոպ Մաշտոցի ու Կորյունի արձաններին վերաբերում է ոչ թե որպես արժեք, խորհրդանիշ, այլ որպես՝ «քար ա՝ իր, դե հիմա քար ա, էլի, ինչպես՝ խաչքար ա, էլի», երևի մի բան էլ խանգարում է իրենց։ Վերաբերմունք, պետական քաղաքականություն, մեծարանք ու գնահատում գոյություն չունի, դրա համար մի քանի ժամ եթե Կորյունի արձանը ներսն է, Մաշտոցի արձանը՝ չկա, հավանաբար չեն էլ նկատել, որովհետև այդ մարդիկ իրենց համար արժեք ու մեծություն չեն, նրանց պակասն իրենք չեն զգում։
Տոտալ անտարբերությունը, հայրենիքը սիրելու վախը՝ քաղաքականությամբ զբաղվել սարքած իրավիճակը բերում, հասցնում է նրան, որ մի ամբողջ նվագախմբից որևէ մեկը չի ասում ՝ ի՞նչ է սա։ Տարածված տրամաբանությամբ՝ ես իմ գործն եմ անում, արել ու գնացել են։ Հյուրերն էլ կգնան և իրենց հետ կտանեն խայտառակ մի պատմություն՝ Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ Մատենադարանի մոտ տեղի ունեցած համերգում Մաշտոցին «ապամոնտաժել էին» հանուն իրենց հարմարավետության, ու մեկը չկար, որ ձայն հաներ։