Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները լարվածության մեջ լարվածություն են ձեռք բերում․ եթե միայն վերցնենք վերջին երկու ամսվա քրոնիկան, ապա Տավուշում Հայաստանը միջպետական ճանապարհը փոխեց, այդքան խոսում էր կադաստրի վկայականից, կադաստրի վկայական ունեցող տներ հանձնեց Ադրբեջանին, ինչպես տավուշցիներն էին նշում՝ իրենց ու իրենց ընկերների ազատագրած հողերը տվեց և, արդյունքում ի՞նչ․ ոչ մի բան։ Հայ-ադրբեջանական սահմանազատման համատեղ հանձնաժողովի կանոնակարգը, որը պետք է հաստատվեր հուլիսի 1-ին, չհաստատվեց, և Լոնդոնում Փաշինյան-Ալիև հանդիպումը չկայացավ։
Այս ամենի ֆոնին էլ ՀՀ ԱԳ նախարարությունը հայտարարել է նոյեմբերից հետո Ադրբեջանի կողմից հնարավոր ագրեսիայի մասին և մեկնել են արձակուրդ, ծաղիկներ են նվիրում, հեծանիվ են վարում, սեպտեմբերյան պատերազմից առաջ էլ եղնիկներին էին կերակրում և ձի էին քշում․․․
Ի՞նչ է ցույց տալիս Փաշինյան-Ալիև հանդիպման չկայացումը։ Հայկական կողմը Բաքվին, Բաքուն ՝ Երևանին մեղադրում են հանդիպման չկայացման մեջ։ ՀՀ ԱԳՆ-ն հայտնել է, որ հայկական կողմն առաջարկել է Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի երկկողմ հանդիպում ունենալ ՄԹ֊ում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի շրջանակներում, սակայն ադրբեջանական կողմը մերժել է առաջարկը։ Հայկական կողմն առաջարկն ուժի մեջ է թողել։
Ստացվում է՝ Ալիևը հրաժարվել է հանդիպել Փաշինյանի հետ։
Հատկանշականն այս ամենում Ալիևի հրաժարումն է, որովհետև նույն Փաշինյանը բազմիցս է խոսել միջազգային երաշխիքների մասին, իսկ երաշխիքը տալիս են երաշխավորները։
Մեկ փորձ արդեն ունենք, որն ավարտվեց ողբերգությամբ․ դա նոյեմբերի իննի եռակողմ փաստաթուղթն էր, որի բոլոր կետերն Ալիևը խախտեց, իսկ երաշխավորը Պուտինն էր։
Հաջորդ փուլում Հայաստանը փոխեց հարթակները․ Բլինկենի, Շոլցի, Շառլ Միշելի նախաձեռնությամբ բազմաթիվ հանդիպումներ են եղել Փաշինյանի ու Ալիևի միջև՝ տարբեր ձևաչափերով։
Բայց, պարզվում է, Ալիևի վրա չեն կարող ազդել նաև Շոլցի ու Միշելի ներկայությունը, ովքեր Լոնդոնում առանձին հանդիպումներ են ունեցել և՛ Փաշինյանի, և՛ Ալիևի հետ, բայց համատեղ հանդիպումը չստացվեց։
Այս ամենով հանդերձ, ստացվում է՝ Ալիևը չի ուզում՝ չի գնում Գրանադա, չի ուզում՝ չի հանդիպում Փաշինյանի հետ Լոնդոնում, ուզում է ոտքի վրա Պետերբուրգում զրուցում է Փաշինյանի հետ «յոթ գյուղերի» մասին և այլն։ Այսինքն, այս ամենը մեծ հարցականի տակ են դնում նաև Փաշինյանի՝ միջազգային երաշխիքների ու երաշխավորների վրա հույս դնելը, եթե Կառավարությունը հասնի այսպես կոչված՝ խաղաղության պայմանագրին։
Ալիևը հրաժարվում է հանդիպել Փաշինյանի հետ, հանդիպում է Շոլցին և, ըստ էության, պատմում, թե ինչ է ուզում, ասում այն, ինչ բազմիցս է ասել․Հայաստանի սահմանադրությամբ պետք է փոխվեն «Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ պահանջներ պարունակող դրույթները», (չակերտները՝ Hayastan.news), որոնց Հայաստանը վերջ կդնի սահմանադրական հիմունքներով»։ Կարելի է ենթադրել, որ սա այժմ Ալիևի պահանջն է և ժամանակն է իրագործել, և միաժամանակ, անհնար է նկատել, որ ՀՀ-ում սահամանդրական հանձնաժողովը հանդիպումներ է ունենում, նսիտեր անցկացնում և այլն։ Իհարկե, նաև հայտարարում, որ սահմանադրական փոփոխությունները չեն կարող լինել մինչև 2027 թվականը։
Իհարկե, մենք նախկինում խոսել ենք, որ ՀՀ ԱԳՆ-ն խորամանկ քայլ էր արել Ալիևին պատասխանելով, թե խաղաղության համաձայնագրի նախագծում համաձայնեցված դրույթ կա նաև այն մասին, որ կողմերից որևէ մեկը չի կարող հղում անել իր ներքին օրենսդրությանը։ Այդկերպ Հայաստանը փորձում էր «ինքնիշխանություն» դրսևորել և Հայաստանի ներսում ասել՝ տեսեք, չենք փոխում սահմանադրությունը, իսկ Ալիևին համոզել, որ այդ դրություններն ուժ չունեն, միևնույն ժամանակ կլուծեր սահմանադրության հանրաքվեի հարցը, որովհետև իշխանությունը վախեր ունի բավարար ձայներ չհավաքելու համար, սակայն Հայաստանի այս քայլը չստացվեց։
Ի՞նչ է մնում Հայաստանին․ նախ դեռ վերադառնալ արձակուրդից, հետո հասկանալ, թե ինչո՞ւ է Ալիևը փոշմանելու և հանդիպելու Փաշինյանի հետ, մանավանդ այն պայմաններում, որ նույն Բլինկենը, Շառլ Միշելն ու մյուսները ներքաղաքական ու պաշտոնավարման խնդիրներ ունեն։