Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարությունը պատասխանել է Ալիևին, հերքել է, որ Հայաստանը տարածքային պահանջ ունի Ադրբեջանից և անդրադարձել է սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ Ալիևի պահանջին։
Թվում է, թե ԱԳՆ-ն նորմալ պատասխան է տվել Ալիևին, սակայն այնտեղ մեծ շրջանցում կա, որը վերաբերում է ապագային, եթե, իհարկե, կողմերը կնքեն խաղաղության պայմանագիրը։
Ինչպես փաստ է՝ Հայաստանի գործող Սահմանադրության նախաբանում հղում է արվում Անկախության հռչակագրին, որտեղ խոսվում է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման, ինչպես նաև «1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին» Հայաստանի կողմից սատար կանգնելու մասին:
Ալիևը նկատի ունելով այդ դրույթը բազմիցս, նաև երեկ ասել է․«Խաղաղության համաձայնագիր կնքելն ուղղակի անհնար է, քանի դեռ Հայաստանի սահմանադրությունը մնում է անփոփոխ»։
ԱԳՆ հայտարարությունում ասվում է․
«ՀՀ Սահմանադրությունը և նրա փոփոխությունները ՀՀ ներքին գործն են, և դրա շուրջ դեռևս 2018 թվականից մեկնարկած ներհայաստանյան քննարկումներին միջամտելու պաշտոնական Բաքվի փորձերը գնահատում ենք որպես կոպիտ միջամտություն մեր երկրի ներքին գործերին: Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցվող Խաղաղության համաձայնագիրը հստակորեն ամրագրում է, որ Կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը և տարածքային պահանջներ չունեն միմյանց նկատմամբ: Խաղաղության համաձայնագրի նախագծում համաձայնեցված դրույթ կա նաև այն մասին, որ կողմերից որևէ մեկը չի կարող հղում անել իր ներքին օրենսդրությանը Խաղաղության համաձայնագրով ստանձնած պարտավորությունները չկատարելու համար։ Համաձայնագրի ստորագրումը և ներպետական ընթացակարգերով վավերացումը վերջնականորեն կամրագրեն այս սկզբունքները»:
Ինչ հարց է լուծում ԱԳՆ-ն այս հայտարարությամբ․
Նախ՝ 2018 թվականը նշելն ակնարկ է այն մասին, որ դեռ վաղուց էին այդպես մտածում։ Այս մեջբերմանն անգամ հակասել պետք չէ, որովհետև հասկանալի է, թե Սահմանադրական փոփոխությունների մասին խոսակցություններն այն ժամանակ ինչ նպատակ են հետապնդել, հետո ինչպես են օրակարգից վերացել և հիմա ինչ նպատակով են եկել օրակարգ։
ԱԳՆ հայտարարության մյուս նպատակը ներքին լսարանին հայտնելն է, թե Սահմանադրություն փոխելն Ալիևի պահանջով չէ, մեր ներքին գործն է, մենք ինքնիշխան ենք, սակայն, փաստացի, լուծում է տալիս Ալիևի պահանջին։
ԱԳՆ-ն նշում է, որ «Խաղաղության համաձայնագրի նախագծում համաձայնեցված դրույթ կա նաև այն մասին, որ կողմերից որևէ մեկը չի կարող հղում անել իր ներքին օրենսդրությանը», այսինքն՝ հետագայում Սահամադրության հղում անելու հիմք ԱԳ նախարարությունը չի թողնում, նշում է՝ Խաղաղության համաձայնագիրը ստորագրելիս այդ՝ ներքին օրենսդրությանը հղում անելու անհնարինությունը կամրագրվի։
Այսպիսով՝ ստացվում է, որ ՀՀ սահմանադրության մեջ անկախության հռչակագիրն անգամ կարող է մնալ, փոփոխության կարիք էլ չկա, կամրագրեն, որ դրան հղում անել արգելվում է։
Այսպիսով, հայտնում են, որ այդկերպ կբավարարեն Ալիևի պահանջը և կլուծեն «ներքին» հարցերը։