Հետևեք մեզ։

Ինչու՞ 4000 մարդ․ կարևոր օր հռչակված հունիսի 17-ի խճանկարը

15:38, 18 հունիս 2024
Ինչու՞ 4000 մարդ․ կարևոր օր հռչակված հունիսի 17-ի խճանկարը

«Ժողովուրդ, ձեզ վստահեցնում եմ, այս շարժումը ոչ մեկի հետ կապ չունի․ ո՛չ հարավի, ո՛չ հյուսիսի, ո՛չ անցյալի, ո՛չ ներկայի, միայն ապագայի հետ կապ ունի։ Էս շարժման ակունքը ճշմարտությունից ու հաշտությունից բխած ակունքն է, ձեր հանցագործությունների պատճառով ծնված շարժում է»․ այսպես երեկ մեկնաբանեց Բագրատ սրբազանը իր առաջնորդած շարժման թիկունքում Ռուսաստանի, Ռոբերտ Քոչարյանի և Վեհափառ հայրապետի լինելու մասին լուրերը։

Նախ, լավ է, որ շուրջ 1,5 ամիս տևած խոսակցություններին, ի վերջո, ինչ-որ կերպ Սրբազանն անդրադարձավ, իհարկե, կրկին արձագանքը «ոչ նյութեղեն»  էր՝ շարժման ակունք էր նշվում ճշմարտությունն ու հաշտությունը,  և չկա հստակ նախադասություն, որ, օրինակ, Ռոբերտ Քոչարյանը կապ չունի, և չկա բացատրությւոն, թե ինչո՞ւ կապ չունեցող մարդու քաղաքական ուժն ու դաշինքի պատգամավորներն են իր կողքին։ Կամ միգուցե, լավ է, որ իր կողքին են, ինչու չբացատրել պարզ։

Բայց երեկ, շարժման կարևոր փաստը մարդկանց քանակն էր․ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» հայտնել է, որ 19:42-ի դրությամբ հանրահավաքի անցկացման վայրում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 4000 մարդ։

Փաստերով քննադատողներին ագրեսիվ քննադատության արժանացնող ու միաժամանակ հաշտությունից խոսող, կես դրույքով անիծող, նորագույն բաժանարար գծեր մտածող մարդիկ պետք է հաշվի նստեն այս իրականության հետ, պետք է ախտորոշեն խնդիրները իրենց իսկ նպատակի իրականացման համար։

Նախքան հունիսի 17-ը՝ ընդդիմադիր պատգամավորները, Սրբազանը, խոսում էին, որ հունիսի 17-ին պետք է այնպիսի զանգված հավաքվի, որը կստիպի ՔՊ-ականներին ներկայանալ Ազգային ժողով, և ժողովրդի ճնշման ներքո քվորում ապահովել Փաշինյանին անվստահություն հայտնելու նիստին և այսպիսով հասնել Կառավարության հրաժարականին։

Այս գործողությաnը պետք է անդրադառնալ բազմաշերտ․

ա) ՔՊ-ականներին ճնշմամբ խորհրդարան բերելն, ի սկզբանե, պարզ էր, որ չի լինելու։ Այսինքն, բոլորի համար, այդ թվում մեր փորձառու ընդդիմության ու նախաձեռնողների համար պարզ էր, որ դա ժամանակի վատնում է։ Այսինքն, կրկնել ՀՀԿ-ի կողմից Փաշինյանին ընտրելու սցենարը փողոցի ճնշմամբ, պարզ է, որ չէր լինելու։ Ընդ որում, այնքան պարզ, որ անիմաստ է բացատրել։

բ) «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն իրենց համար կարևոր օր հռչակած հունիսի 17-ին ընդառաջ որոշեցին որևէ գործողություն չանել, միակ բանը, որ պետք է «մոտիվացներ» մարդկանց և հունիսի 17-ին «փողոց դուրս բերեր» Բաղրամյան պողոտայից վրանները հավաքելն ու տուն գնալն էր։

գ) Ե՞րբ, ո՞ր երկրում, ո՞ր շարժմանն է հաջողվել առանց ձնագնդիի էֆեկտ ապահովելու հասնել ինչ-որ բանի․ դիտավորյա՞լ է, թե՞ ոչ, նախաձեռնողները գիտեն հալվող ձնագնդիի պատասխանը։

դ) Հունիսի 17-ի հավաքին խոսվեց ամեն ինչի մասին, այսինքն` կրկնվեց այն, ինչ միշտ ասվում է, բացի նրա մասին, թե ուր է այն զանգվածը, որ ՔՊ-ին հասցնելու էր ԱԺ նիստերի դահլիճ, բացի արձանագրումից, որ այդ մեկն էլ չեղավ, և ո՞րն է հաջորդը։

Հաջորդը, պարզվեց, օրումեջ հանդիպումն է  Սբ․ Աննայի բակում։ 

 

Վերլուծական