Ներքին գործերի նախարարությունը շարունակելու է համակարգի արդիականացման, ծառայությունների որակի բարձրացման և հանրային անվտանգության ապահովման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը` ամփոփելով իր պաշտոնավարման 100 օրը։
Նախարարը մանրամասն ներկայացրեց ոլորտում ընթացող բարեփոխումները, որոնք ընդգրկում են ոստիկանության, միգրացիայի, հանրային անվտանգության, վիզաների ազատականացման գործընթացի և ապօրինի թմրամիջոցների դեմ պայքարի ուղղությունները։
Սարգսյանն անդրադարձավ նաև ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսությանը, Հայաստանում կենսաչափական անձնագրերի ներդրմանը, ինչպես նաև ոստիկանության գվարդիայի և պարեկային ծառայության բարեփոխումներին։
-Տիկին Սարգսյան, լրացել է 100 օրը, ինչ նշանակվել եք Ներքին գործերի նախարար։ Այս ընթացքում ի՞նչ հիմնական մարտահրավերների առաջ եք կանգնել, և որո՞նք են եղել Ձեր առաջնային խնդիրները։ Ինչպե՞ս եք գնահատում իրականացված աշխատանքները և ի՞նչ է սպասվում։
-Պետք է օբյեկտիվորեն նշեմ, որ Ներքին գործերի նախարարության գործունեության շրջանակներում հիմնական մարտահրավերներին լավատեղյակ եմ, քանի որ սկզբում որպես Արդարադատության, ապա Ներքին գործերի նախարարի տեղակալ, նախարարության ձևավորման և դրա գործարկման ամբողջ գործընթացի ակունքներում եմ եղել, և դրանց նախարարի պաշտոնի ստանձմամբ չէ, որ պետք է առերեսվեի։ Բայց զուգահեռաբար նախարարի պաշտոնի ստանձնումը թույլ է տալիս շոշափել այդ մարտահրավերների բոլոր շերտերը, մեծացնում է պատասխանատվության մակարդակը, դրանով նաև քաղաքական պատասխանատվություն ես վերցնում նախարարության գործունեության համար, հետևապես նախարարի պաշտոնում իմ նշանակմամբ ինձ համար մեկնարկային կետ եմ սահմանել, որի հիմքում ընկած է մինչ այդ պահը կատարված աշխատանքի վերագնահատումը, առկա մարտահրավերներին վերաբերելու մոտեցումների վերանայումը, ցանկացած բարեփոխման և հանրային ակնկալիքի վերահամադրումը։
Նախարարության բարեփոխումների օրակարգի մի շարք գործողություններ իրականացված են, կան որոշ ուղղություններ, որոնցով կատարելագործման կարիք ունենք, որոշ ուղղություններ դեռ կան, որոնցով ինստիտուցիոնալ նոր մոտեցումներ պետք է ունենանք։ Իհարկե, նախարարության ոլորտային ազդեցության գոտին շատ մեծ է, շատ կետերում դրանք հատվում են այլ ոլորտների հետ, հետևապես սա ևս պետք է նկատել և դրա հաշվառմամբ ներդաշնակ զարգացմամբ առաջ գնալ, որպեսզի լուծումները համընդհանուր պատկերում նաև որակ փոփոխեն։ Հենց այս տրամաբանությամբ ենք առաջ շարժվելու, որը ճիշտ է բարդ, բայց ավելի ռազմավարական մոտեցում է, շոշափելի արդյունքի հանգեցնող։
Եթե անդրադառնամ 2024 թվականի ընթացքին, տարին մարտահրավերների և ձեռքբերումների յուրօրինակ համադրում է ունեցել։ Անցած տարվա ընթացքում ավարտել ենք բուն նախարարության ձևավորման գործընթացը. արդեն իսկ համալրված են և գործում են նախարարության բոլոր վարչությունները, ինչը հնարավորություն է տալիս ջանքերն ուղղել անձնակազմի կարողությունների զարգացմանը, մեր քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարելավմանը, ավելորդ վարչարարության կրճատումն ապահովելուն, ծառայություններն ավելի հասանելի, այդ թվում՝ թվայնացված մատուցելուն։
Անցած տարվա ընթացքում ամբողջովին կազմավորվել է նաև նախարարության ենթակա մարմիններից Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը։ 2024 թվականի դեկտեմբերին ԵՄ գործընկերոջս՝ Յոհաննես Լուխների հետ համատեղ տվել ենք վիզաների ազատականացման երկխոսության գործնական փուլի մեկնարկը և այժմ ակտիվ քայլեր են ձեռնարկվում այս ուղղությամբ։ Մեծ առաջընթաց ենք գրանցել Հայաստանի Հանրապետությունում կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի թողարկման ենթակառուցվածքի ձևավորման՝ պետություն-մասնավոր գործընկերության մրցութային ծրագրով։ Այս տարվա փետրվարին տեղի է ունեցել առաջարկի հայտերի բացումը, ունենք հայտ ներկայացրած երկու ընկերություն և շատ շուտով կավարտվի գնահատումը, իսկ մարտի վերջին կունենանք արդեն արդյունքները։ Որպես գնահատող հանձնաժողովի նախագահ՝ պետք է փաստեմ, որ երկու հայտատուները որակյալ առաջարկներ են ներկայացրել, և հաղթողի ընտրության պայմաններում 2026 թվականի երկրորդ կիսամյակում կմեկնարկի եվրոպական բարձր ստանդարտներով կենսաչափական փաստաթղթերի արտադրությունը, ինչն իր հերթին նշանակալի քայլ է լինելու մեր քաղաքացիների արժանապատիվ ճամփորդության, Եվրոպական միության հետ վիզաների ազատականացման համատեքստում։ Ավարտին են մոտենում նաև Բնակչության պետական ռեգիստրի մասին նոր օրենքի մշակման աշխատանքները, որով նախատեսված են ֆունդամենտալ փոփոխություններ ռեգիստրի ոլորտում։ Սկսել ենք միգրացիոն ոլորտի կառավարման ռազմավարության մշակման աշխատանքները։
Ինչ վերաբերում է անձնագրային և ոլորտի մյուս ծառայությունների մատուցման ընթացիկ գործընթացներին, ապա պետք է նշեմ, որ մինչև կենսաչափական համակարգի ներդրումը կարճաժամկետ լուծումների ճանապարհով ենք շարժվում։ Այստեղ տարեցտարի աճում է պահանջարկը, մասնավորապես ԼՂ–ից բռնի տեղահանությամբ, նույնականացման քարտերի դիմումների աճով պայմանավորված։ Շարունակական ռեսուրսներ են ներգրավվում ինչպես հերթերի կառավարման, այնպես էլ ընթացիկ ենթակառուցվածքի վերազինման իմաստով, հավելյալ մարդկային ռեսուրս նույնպես ներգրավվում է, աշխատանքային ժամերն/օրերն են ավելացվում՝ արձագանքելով պահանջարկին։ Առաջիկա օրերին մեր քաղաքացիներին սպասարկելու համար կգործարկվեն ՆԳՆ սպասարկման շրջիկ 3 գրասենյակները։
Ոստիկանության դեպքում ինստիտուցիոնալ առումով 4 հենասյունային ուղղություններից 3-ն արդեն ձևավորված են. Պարեկային ծառայությունը գործում է ամբողջ հանրապետությունում, 2024 թվականի նոյեմբերի 1-ից արդեն իսկ սկսել են իրենց գործունեությունը Քրեական և Համայնքային ոստիկանությունը։ 4-րդ հենասյունային ուղղության` Ոստիկանության գվարդիայի ստեղծման գործընթացն ակտիվ գործնական փուլում է, այժմ ձեռնամուխ ենք եղել վերապատրաստումների, կառուցվածքի, տեղակայումների հստակեցման, նյութատեխնիկական միջոցների գնման գործընթացին։ Նախատեսում ենք, որ այս տարվա նոյեմբերի 1-ին արդեն գործարկված կլինի Գվարդիան։ Այս ուղղության իրագործմամբ ինստիտուցիոնալ առումով Ոստիկանության կառուցվածքային փոփոխությունները կավարտենք։ Իհարկե, կառույցների ինստիտուցիոնալ գործարկումները, դրանցում փոփոխությունները ծառայության արդյունավետության ապահովման համար անհրաժեշտ են, բայց միակ երաշխիքը չեն։ Հետևողական ջանք պետք է գործադրել ոստիկանության ծառայողների կարողությունների զարգացման, գործիքակազմերի ընդլայնման ուղղությամբ, հստակ պլանավորված քայլեր կան, որոնք արդեն իսկ ընթացքում են։ Գործողությունները ամփոփ ներկայացված են նաև ոստիկանության ոլորտի բարեփոխումների նոր՝ 2024-2026թթ. ռազմավարությամբ, որը կետ առ կետ պետք է կատարվի։
Վերջին մեկ-երկու ամիսների ակտիվ աշխատանքի արդյունքում արդեն իսկ պատրաստ են Փրկարար ծառայության վերափոխման հայեցակարգային լուծումները և շատ շուտով կանցնենք գործնական քայլերին։ Բացի կառուցվածքային և գործառութային փոփոխություններից, նախատեսված է շարունակել ծառայության նյութատեխնիկական վերազինումը և վարչարարության կրճատումը, որը թույլ կտա մեր քաղաքացիների ահազանգի դեպքում ահազանգի սպասարկումն ապահովել միջինում մինչև 10 րոպեում՝ գործող միջինում 23 րոպեի փոխարեն, որը համարվում է մարդկանց օգնության հասնելու համար միջազգային օրինակելի ժամանակահատված։
Տեսեք, ես ներկայացրեցի փոփոխությունների և նոր քայլերի որոշ մասը, և կարող եմ շարունակել, որովհետև բազմաշերտ ոլորտների մասին է խոսքը, բայց ինչ ծավալի փոփոխության մասին էլ որ խոսեմ, ինձ համար հենման մի կետ կա, որի շուրջ պտտվում է ցանկացած գաղափար, լուծում, առաջարկ, որը նախարարությունը կարող է ներկայացնել հանրությունը, և այդ կետը մարդկային ռեսուրսների կառավարման համակարգն է։ Մարդկային ռեսուրսների կառավարման ինչպիսի համակարգ որ ունեցանք, արդյունքներն ուղիղ համեմատական են լինելու դրան։ Շատ կարևոր է, թե մենք ինչպես ենք ընտրում մեր կադրերին, ինչպիսի հատկանիշներ ենք գնահատում նրանց մեջ կոնկրետ պաշտոնի դեպքում, ինչպես ենք ստուգում նրանց բարեվարքությունը, ինչպես ենք գնահատում նրանց հոգեհուզական վիճակը հատկապես գերլարում պահանջող ծառայությունների դեպքում, ինչպիսի կրթություն ենք ապահովում նրանց համար, ինչպես ենք երաշխավորում աշխատանքի անցնելուց հետո նրանց շարունակական զարգացումը, կարիերայի աճը, ինչպես ենք գնահատում կատարողականը, ինչպես ենք արժանիին խրախուսում, ինչպես ենք մոտիվացնում կադրերին և այլն։ Հատկապես ոստիկանության ոլորտի բարեփոխումների շրջանակներում այս հարցերից շատերին անդրադարձ եղել է, բազմաթիվ լուծումներ են տրվել, բայց կարևոր է համակարգում ինստիտուցիոնալ մեխանիզմի ներդրումը, որը յուրաքանչյուր ծառայողի համար կանխատեսելի ուղի կարող է ապահովել։ Սա առաջնային խնդիր է, և ընթացիկ տարում հստակ լուծումներ են նախատեսվելու այս ուղղությամբ, որ մենք մեր անձնակազմի ցանկացած ներկայացուցչի վերաբերվենք ոչ թե որպես հերթական ծառայողի, որն այսօր աշխատում է և վաղը կարող է չաշխատել, այլ նրան դիտարկել համակարգի մաս, որը պահանջներին բավարարելու դեպքում երաշխավորված կլինի թե’ շարունակելու աշխատանքը, թե’ առաջխաղացում ունենալու, թե’ առհասարակ գնահատվելու։ Այս առումով ջանք չի խնայվում նաև ՆԳՆ միասնական կրթահամալիրի ձևավորման ուղղությամբ։ Այս հարցն իմ ամենօրյա ուշադրության ներքո է։ Մենք սահմանված ժամկետից շուտ ենք ապահովում ձևավորումը, որովհետև գերխնդիր է օր առաջ կրթահամալիրի ձևավորումը, որը պետք է պատրաստի և շարունակական կրթություն տա ՆԳՆ համակարգի ծառայողներին՝ համահունչ քաղաքականության այն մոտեցումներին, որը մշակում է նախարարությունը։
-Ներկայացրեք, խնդրեմ, մանրամասներ Եվրոպական միության հետ վիզաների ազատականացման երկխոսության ընթացքի վերաբերյալ, մասնավորապես՝ գործողությունների ծրագրի մշակման, միգրացիոն կառավարման, հանրային անվտանգության և հանրային ծառայությունների ապահովման ոլորտներում նախատեսվող քայլերի մասին։
-ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսությունը ՀՀ-ԵՄ ավելի լայն համագործակցության մաս է, որը վերջին տարիներին էական զարգացում է ապրել։ Այս երկխոսությունը մի կողմից բերելու է համապատասխան պայմանների ապահովմամբ վիզաների ազատականացմանը, մյուս կողմից՝ կպահպանի շարունակական ջանքերը՝ աջակցելու Հայաստանի համապարփակ բարեփոխումների օրակարգին մասնավորապես այն ոլորտներում, որոնք վճռորոշ են ապագայում առանց վիզայի ԵՄ ճամփորդության համար։ Այդպիսի ոլորտներն են անձը հաստատող փաստաթղթերի անվտանգությունը, սահմանների և միգրացիայի կառավարումը, կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության դեմ պայքարը, ինչպես նաև հիմնարար իրավունքների պաշտպանությունը: Այսինքն՝ սա նաև հնարավորություն է մեզ համար նշված ոլորտներում բարձր ստանդարտներ ապահովելու և առավելագույնս քաղաքացիակենտրոն ծառայություն մատուցելու համար։
Վիզաների ազատականացման շուրջ երկխոսության այս փուլում խոսակցությունների մակարդակից անցում է կատարվել գործնական փուլի, ինչը նշանակում է, որ մշակվում է գործողությունների կոնկրետ ծրագիր, որում նախատեսված քայլերի իրագործումը պետք է մեզ տանի վիզաների ազատականացմանը։ Գործողությունների ծրագիրը չբանակցվող փաստաթուղթ է լինելու, որը տրամադրելու է եվրոպական կողմը։ Այդ գործողությունների ծրագրի մշակումն ընթանում է մեզ հետ քննարկումների, Հայաստան առաքելությունների գործուղման միջոցով։ Արդեն իսկ ԵՄ առաջին առաքելությունը եղել է Հայաստանում, դրա շրջանակներում հանդիպումներ են տեղի ունեցել պատասխանատու գերատեսչությունների հետ, իրականացվել են այցեր Միգրացիայի և քաղաքացիության ծառայության գրասենյակներ, սահմանային և մաքսային կետեր, դիտարկվել են անձը հաստատող փաստաթղթերի անվտանգության, սահմանների համալիր կառավարման և միգրացիոն կառավարման բաղադրիչները։ Հաջորդ առաքելությունը կենտրոնանալու է մյուս բաղադրիչների վրա։
Քանի որ եվրոպական կողմի հետ պարբերաբար ունենում ենք շփումներ թե՛ մեր ունեցած արդյունքների, թե՛ դեռևս լուծում պահանջող հարցերի մասով, ինչպես նաև ուսումնասիրել ենք ԵՄ-ի հետ նման փորձառություն ունեցած երկրների օրինակը, պետք է նկատել, որ գործողությունների ծրագիրն անակնկալ փաստաթուղթ չի կարող լինել մեզ համար, հետևապես մնում է այն ստանալուն պես շարունակել առավելագույնս ջանք գործադրել համապատասխան ուղղություններով։
-Ինչպե՞ս կմեկնաբանեք Human Rights Watch-ի 2024 թվականի զեկույցում նշված պնդումը, որ իրավապահ մարմինների կողմից շարունակում են բացակայել օրենքի չարաշահման դեպքերի համար արդյունավետ պատասխանատվության ենթարկելու մեխանիզմները, և որ 2024 թվականի հունիսի 12-ի իրադարձություններից հետո Ոստիկանությանը որևէ մեղադրանք չի ներկայացվել։
-Նախ պետք է արձանագրեմ, որ մեր երկրում իրավապահ համակարգի որևէ մարմին չի հավակնում և չի կարող թաքցնել որևէ դեպք կամ չտալ իրավական ճիշտ գնահատական որևէ դեպքի։ Զուգահեռաբար Հայաստանի Հանրապետությունն իրավական պետություն է և ինչ-որ մեկին չի կարող մեղադրանք առաջադրվել, եթե չկա դրա համար փաստերի անհրաժեշտ համակցություն և հակառակը, որևէ մեկին չի կարող մեղադրանք չառաջադրվել, եթե կա դրա համար փաստերի անհրաժեշտ համակցություն։ Հետևապես, բացառապես իրավական պատշաճ գործընթացների արդյունքներով է, որ պետք է ցանկացած անձի մեղադրանք առաջադրվի։
Երբ խոսում ենք համաչափ ուժի կիրառման մասին, այո, պատկերը մտահոգիչ է այն տեսանկյունից, որ մենք ինքներս արձանագրում ենք, որ սա շատ սիրողական գնահատման առարկա է դարձել այլևս տարբեր հարթակներում։ Ինչու՞, որովհետև Հայաստանի Հանրապետությունում չի եղել ուժի կիրառման ստանդարտ, և ստանդարտի բացակայության պայմաններում գույներն ավելի են խտանում, երբ շատերը երկրում իրավակարգի պահպանման նպատակով ոստիկանության կողմից ուժի կիրառում և դրա կողքին բռնի ուժ, բիրտ ուժ, բռնություն բառերը գործածում են որպես լիակատար հոմանիշներ, ինչն, իհարկե, ճիշտ մոտեցում չէ։
Այս հարցին պետք է առերեսվել և պետք է հստակ մոտեցումներ ձևավորել, այլապես իրավիճակն էական փոփոխության չի ենթարկվի։ Ըստ այդմ՝ մեր քայլերի հաջորդականությունը հետևյալն է՝ արդեն իսկ վերջերս օրենքով ամրագրված ուժի կիրառման ստանդարտին համահունչ նախարարի հրամանով սահմանել դրա մանրամասն նկարագիրը, ոստիկանության համակարգը վերապատրաստել այդ ստանդարտով, դա անել այնքան ժամանակ, քանի դեռ գործողությունների ճիշտ հաջորդականությունը չի դարձել մարմնի հիշողության մաս, մասնագիտական աչքով մշտապես մոնիթորինգի ենթարկել զանգվածային տարբեր միջոցառումների շրջանակներում Ոստիկանության ծառայողների վարքագիծը, դրա հիման վրա ամենօրյա աշխատանք տանել անձնակազմի հետ, սխալներին ռեակցիա տալ։ Մի քանի ամսվա ընթացքում այս քայլերը ամբողջությամբ կլուծե՞ն բոլոր խնդիրները, իհարկե, ոչ, բայց դրա՞նք են այն բանալիները, որոնցով հետևողական աշխատանքի արդյունքում քայլ առ քայլ իրավիճակը կարող ենք փոխել, պատասխանն այո է, ուրեմն պետք է գնալ այս ճանապարհով ու պետք է նկատի ունենալ, որ այդ ճանապարհին խնդիրներ դեռ կլինեն, բայց խնդիրը պետք է լուծել, ոչ թե հարմարվել դրա հետ. ուրեմն, պետք է առանց ընկրկելու շարունակել։
Հարցազրույցն ամբողջությամբ՝սկզբնաղբյուր կայքում։