Լեռնային Ղարաբաղից տեղահանված ուսանողուհի Անուշ Պետրոսյանին զրկել են Վրաստանի համալսարանում ուսումը շարունակելու հնարավորությունից՝ դիպլոմի պատճառով, հաղորդում է «Սիվիլնեթը»։
Անուշը ստիպված է եղել հեռանալ Լեռնային Ղարաբաղից 2023 թվականի սեպտեմբերի վերջին՝ Ադրբեջանի ռազմական հարձակումից և դրան հաջորդած էթնիկ զտումներից հետո, որոնք հանգեցրել են ավելի քան 100,000 հայերի զանգվածային տեղահանմանը։
Անուշը որոշել է շարունակել կրթությունը և անցած տարի ընդունվել է Վրաստանի հանրային կապերի ինստիտուտ (GIPA): Սակայն մի քանի ամիս անց՝ նոյեմբերին, համալսարանից նրան հայտնել են, որ Արցախի պետական համալսարանի դիպլոմի հետ կապված խնդիր կա։
Վրաստանի կրթության նախարարությունը և Որակի բարձրացման ազգային կենտրոնը նամակում Անուշին խորհուրդ են տրվել կա՛մ ստուգել իր կրթական փաստաթղթերը այն երկրի կրթության նախարարության միջոցով, որտեղ դրանք տրվել են, կա՛մ տրամադրել դրանց իսկությունը հաստատող լրացուցիչ տեղեկություններ:
«Ստուգման գործընթացից պարզվել է, որ ձեր փաստաթղթերում նշված ուսումնական հաստատությունը հավատարմագրված չէ Վրաստանի կրթության և գիտության նախարարության կողմից և օրինական իրավունք չունի տրամադրելու երկրի օրենսդրական պահանջներին համապատասխանող կրթական վկայականներ»,- ասվում է նամակում։
Դրանից հետո Անուշը օգնություն է խնդրել ՀՀ ԿԳՄՍՆ-ից՝ իր դիպլոմի օրինականությունը և եվրոպական որակավորումներին համապատասխանությունը հաստատող փաստաթուղթ ստանալու համար: Սակայն այս ջանքերը նույնպես արդյունք չեն տվել։
«Ես շոկի մեջ էի, եթե իրավունք չունեի սովորելու, ապա ինչո՞ւ էի արդեն այնտեղ սովորում, դեռ հստակ պատասխան չեմ ստացել։ Դիմելիս ասացի, որ Լեռնային Ղարաբաղից եմ։ Յուրաքանչյուր բուհ ընդունվելիս դիպլոմ կամ պատճեն է պահանջում։ Դիպլոմս ներկայացրի, քանի որ ուրիշ չունեմ»,- ասել է Անուշը։
Այս տարվա փետրվարին նա կրկին նամակ է ստացել համալսարանից առ այն, որ հերթական անգամ մերժվել է իր դիմումը՝ չնայած ներկայացրած լրացուցիչ փաստաթղթերին։ Պատճառը մնացել է նույնը. Վրաստանը չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և, հետևաբար, չի ընդունում այնտեղ տրված կրթական փաստաթղթերը։
Անուշի խոսքով՝ իրեն բանավոր տեղեկացրել են, որ միակ հնարավոր լուծումը լինելու է Ադրբեջանի կրթության նախարարության միջոցով ճանաչման դիմում ներկայացնելը։
«Ես և՛ գրել եմ, և՛ բանավոր ասել եմ, որ չեմ ուզում և թույլ չեմ տալիս, որ իմ կրթությունն այդ կողմի հետ քննարկվի»,- ասել է Անուշը։
Նա նաև օգնություն է խնդրել Վրաստանում Հայաստանի դեսպանությունից և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանից, սակայն դեռ պատասխան չի ստացել։
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչը լրատվամիջոցին ասել է, որ իրենք աշխատում են այդ հարցով։
«Օմբուդսմենը կապվել է Վրաստանի հանրային պաշտպանի հետ և կիսվել դեպքի մանրամասներով: Մենք կապի մեջ ենք այնտեղի մեր գործընկերների հետ: Գիտենք, որ հարցը դեռ ուսումնասիրվում է, քանի որ օմբուդսմենը մտահոգություն է հայտնել իրավունքների խախտման վերաբերյալ: Այնուամենայնիվ, մենք դեռ վերջնական պատասխան չենք ստացել», - ասել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի խորհրդական Անժելիկա Մովսեսովան:
ՀՀ կրթության նախարարությունից լրատվամիջոցին ասել են, որ նախկինում նման դեպքի չեն հանդիպել։
Մինչդեռ, ԼՂՀ կրթության նախկին նախարար Լուսինե Ղարախանյանը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի պետական համալսարանի ուսանողները նախկինում առանց որևէ խնդրի սովորել են արտասահմանյան բուհերում, այդ թվում՝ ԱՄՆ-ի և Եվրոպայի հեղինակավոր հաստատություններում։
«Կրթությունն այն ոլորտն է, որը չի կարելի քաղաքականացնել»,- ասել է Ղարախանյանը։
Հարցի առնչությամբ լրատվամիջոցի հարցումը ՀՀ ԱԳՆ-ին մնացել է անպատասխան։