Հուլիսի 18-ին ներկայացվեց Արդարադատության ակադեմիայի 2023-2026 թթ. ինստիտուցիոնալ զարգացման ռազմավարությունը: Այն մշակվել է Եվրոպական միության (ԵՄ) կողմից ֆինանսավորվող «Աջակցություն արդարադատության ոլորտի բարեփոխումներին» տեխնիկական աջակցություն ծրագրի շրջանակում՝ Ակադեմիայի և «ԷԿՈՐԻՍ» կազմակերպության հետ համատեղ: Այս մասին հայտնում է ակադեմիայի հանրային կապերի բաժինը։
Ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը ողջունեց հյուրերին և շնորհակալություն հայտնեց ռազմավարության մշակման աշխատանքներում ներգրավված բոլոր գործընկերներին: Ռեկտորի խոսքով՝ Ակադեմիան ռազմավարական կարգավորում չի ունեցել. «Նախկին և ներկա ռեկտորների ծրագրերն են ծառայել որպես աշխատանքային գործունեության հիմնական փաստաթուղթ: Հիմա վեր են հանվել բազմաթիվ խնդիրներ և դրանց հիման վրա ձևավորվել է միջազգային չափանիշներին համապատասխան փաստաթղթի նախագիծ, որը կարող է ներկայացնել մեր հետագա գործողությունների պլանը»:
Ռեկտորն ընդգծեց, որ ռազմավարությունը շատ կարևոր է հատկապես միջազգային և օտարերկրյա գործընկերների հետ համագործակցության համար. «Կունենանք փաստաթուղթ, որի շրջանակներում ավելի առարկայական կլինեն մեր համագործակցության ուղիները»,- նշեց Սերգեյ Առաքելյանը:
«Շատ կարևոր է, որ մենք ունենք հստակ թիրախային խումբ, վերլուծություն, ռիսկերի գնահատում, բյուջեի հաշվարկ. սա գերազանց նախաձեռնություն է»,- նշեց ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսը՝ մաղթելով ռազմավարության հաջող իրականացում:
Ծրագրի փորձագետ Ալեն Մկրտչյանը շնորհակալություն հայտնեց ռեկտորին և Ակադեմիայի աշխատակազմին գործուն աջակցություն ցուցաբերելու, ինչպես նաև ազգային և միջազգային փորձագետներին մեկ միասնական համապարփակ փաստաթուղթ կազմելու համար: «Այս փաստաթղթի կարևորագույն նպատակներից մեկն Ակադեմիայի հաշվետվողականության և թափանցիկ գործունեության ապահովումն է»,- ընդգծեց Մկրտչյանը:
Արդարադատության փոխնախարար, Ակադեմիայի կառավարման խորհրդի անդամ Արա Մկրտչյանն էլ իր հերթին շեշտեց, որ վերջին տարիներին Ակադեմիան կրթության փորձի փոխանակման շատ բարձր նշաձող է սահմանել ՀՀ-ում:
Ակադեմիայի պրոռեկտոր Մարգարիտ Ամյանը ներկայացրեց բուն ռազմավարությունը, այն մշակելու անհրաժեշտությունը, հիմնական ուղղությունները և այլն:
Ակադեմայի Հեռաուսուցման և ՏՏ դեպարտամենտի ղեկավար Արտաշես Խուրշուդյանն անդրադարձավ արհեստական բանականության կիրառմամբ ուսուցման նոր ծրագրերի և մեթոդաբանության մշակման, ուսումնական նյութերի մատուցման, հեռաուսուցման նոր հավելվածների ստեղծման և ներդրման անհրաժեշտությանը:
Միջոցառմանը ներկա էին Ակադեմիայի կառավարման խորհրդի անդամները, ներկայացուցիչներ Բարձրագույն դատական խորհրդից և գործընկեր այլ կառույցներից: