Պատմությունն այն մասին, թե ինչպես են ոստիկանները Երևանի հրապարակում ծեծում հային, ով գոռում է, որ Արցախում կոտորած է, որ այն պետք է կանխել ու դրա համար մեղավորները պետք է հեռանան, այլ՝ ավելի լավ վերնագիր չի կարող ունենալ։
Թե ինչ է տեղի ունենում Արցախում, հնարավոր չէ խոսքերով ներկայացնել, թե ինչեր ենք մենք՝ լրագրողներս լսում ու խուճապ կամ նոր էմոցիաներ չառաջացնելու համար զերծ մնում հրապարակելուց, էլի ասելու չէ։
Արցախում տեղի ունեցողը ցեղասպանություն է, ոճիր, եղեռնի կրկնությունը, Արցախում տեղի ունեցողը հղիների ու մանուկների սպանություն է, նրանց խոշտանգումն ու անմարդկային վերաբերմունքները, նրանց ամուսինների ու հայրերի սպանությունը, գերավարումն ու խոշտանգումը։
Երևանում տեղի ունեցողը դրա բնական ու ողջամիտ հետևանքն է։ Սա վերլուծություն չէ, սա աչքով տեսածն է։ Մենք բոլորս աչքով ենք տեսել, թե ինչպես են Արցախում իրենց հարազատներին, մանկահասակ երեխաներին, ծնողներին, բարեկամներին կորցրած կանայք ու տղամարդիկ ողբում կորուստներն ու փրկություն ակնկալում։ Երևանում տեղի ունեցողի մեջ քաղաքական բաղադրիչ էլ կա, բայց դա էլ տեղի ունեցողի բնական հետևանքն է, մանավանդ, որ կառավարության շենքից փախածը ոչ ավելի, ոչ պակաս՝ Թուրքիայի արտգործնախարարի պես հայտարարեց, որ ընդամենը ուշադիր հետևում է Արցախում տեղի ունեցող իրադարձություններին։
Երևանի հրապարակում կատարվողի մյուս մասն անբարոյականությունն է, սրբապղծությունը՝ Հայաստանի ոստիկանության որոշ ծառայողների կատարմամբ։
Հայոց ողբերգությունն ու դրա ցավից գոչյունները Նիկոլ Փաշինյանի խումբը՝ որոշ ջուլհակյանների գլխավորությամբ, արագ վերածեց քաղաքական հարցի, ներկայացրեց որպես դրսից Հայաստանում կազմակերպվող հեղափոխություն ու ոստիկանությանը հանեց ժողովրդի դեմ՝ իբր սահմանադրական կարգը պահպանելու համար։
Դե ոստիկաններն էլ տարբեր են։ Նրանց մեջ կան սիրտ ու հոգի ունեցողներ, ովքեր ցավ են ապրում, բայց ափսոսում մինչ օրս անցած ճանապարհն ու կատարում հրամանն ինչ-որ կերպ՝ գոնե հրապարակում կանգնելով, կան այնպիսիք, ովքեր ամոթանք լսելիս կախում են գլուխները, երևի կան նաև հրամանը չկատարողներ ու հեռացողներ։
Բայց ոստիկաններից բացի, ոստիկանությունում կան նաև վաղուց զոմբիացածներ, հայրենիքի գիտակցումը կորցրածներ, հրամանը գերակատարելու ու հերթական հիսուն հազարանոց «պրեմիան» ստանալու մոլուցքով տարվածներ, նյարդերը վաղուց կորցրածներ, որոնց համար միևնույն է, թե ինչ հանձնարարություն է տրված։ Սա ոստիկանության այն հատվածն է, որը հրաման ստանալու դեպքում նույն կերպ՝ ծեծելով դեպի ադրբեջանցու կրակոցը կքշի նաև դրանից փախչող արցախցի կնոջը։ Սա ոստիկանության այն հատվածն է, որը երկար տարիների ընթացքում ապացուցել է անուղեղի պես ցանկացածին ծեծելու ունակությունը՝ լինի նա գողության համար ձերբակալված, թե հրապարակում արդար բողոք ներկայանցող, կին, թե տղամարդ, տարեց, թե մանուկ։ Սրանց համար միևնույն է, թե ինչի համար են մարդ ծեծում ու սրանք՝ ոստիկանությունում վարչություններ ղեկավարող գրեթե բոլորը, մարդ ծեծել են նաև 2018-ին Նիկոլ Փաշինյանի կողմից փողոցներ փակելու ու հեղափոխություն անելու ժամանակ։ Սրանք տարբեր տեղերում «օպեռներ» աշխատած, աշխուժությամբ աչքի ընկած ու տարբեր օլիգարխների համար զինվոր աշխատածներն են, սրանք հենց նրանք են, ովքեր 2018-ին իրենք էին ծեծել ցուցարարներին ու հենց այդ պատճառով այդ դեպքերը չբացահայտեցին։
Սա Ոստիկանության այն հատվածն է, որը ղեկավարվում է Արամ Հովհաննիսյանի՝ ամբողջ կյանքում թաքուն կերած, ոստիկանության պետի պաշտոնը երազում նույնիսկ չտեսած, բայց հանկարծ ստացած, հանուն այդ պաշտոնի հրամանի տակ կռացած մեկի կողմից, ով Համբիկ Սասունյանին խորհուրդ է տալիս՝ հերոս չխաղալ։ Ոստիկանության պետի աթոռին սավառնած այս մարդն, ով, ոչ մի կերպ չի տարբերվում փողոցում առևտրականից 1000 դրամ գռփող թաղայինից, թուրքին ոչնչացնելու համար կյանքը բանտերում անցկացրած հերոսին համարում է հերոս խաղացող ու ասում՝ գնա կորի։
Մենք Արամ Հովհաննիսյանին ու ցավը սրտում հրապարակ եկած հային ծեծող նրա ոստիկաններին դեռ հանդիպելու ենք, արդեն շպրտված՝ ու «էսքան ծառայելուց հետո» չգնահատվելու և մի քանի կոպեկ թոշակի հույսին թողնվելուց դժգոհելիս․․․