Արցախից եկող սարսափելի լուրերի ֆոնին քչերը խորացան տեղի ունեցող իրադարձություններին Նիկոլ Փաշինյանի արձագանքների մեջ։ Բայց դրանք արձագանքներ են, որոնք արդեն ափսոսանք են առաջացնում, որ որոշներին անուն-ազգանունով ենք կոչում։
Արցախի, խաղաղ ու անպաշտպան արցախցու վրա բայրաքթարներով հարձակումը հանգեցրել է նրան, որ մենք դեռ չգիտենք, թե Արցախի որ գյուղում ինչ վիճակ է։ Տեղեկություններն ստանում ենք միայն Ստեփանակերտից, մեզ հասանելին միայն Ստեփանակերտի փողոցներում ու ապաստարաններում սարսափահար մնացած երեխաների ու կանանց լուսանկարներն են։ Արցախում մարդիկ կորցրել են իրար, մայրերը չեն գտնում դպրոց գնացած իրենց երեխաներին, ամուսիններն իրենց կանանց, ամբողջ ընտանիքներ կան կորած ու չգիտենք՝ նրանք ողջ են, թե ոչ, գերեվարվել են, թե կարողացել են թաքնվել մի տեղ։ Մեր աչքերի առաջ ու պատկերացումներում հրապարակված լուսանկարների երեխաներն են, մտքերը, թե տեսնես ի՞նչ եղավ այդ պահին, երբ նրանց վրա թուրքը հարձակվեց, տեսնես փոքրիկի հայացքն ինչպիսին էր․․․․
Եվ ահա, Հայաստանի իշխանությունները նախ բավականին լուռ են, ապա ինչ-որ հավաքներ ու ժողովներ են հրավիրում, որոշում, որ սա Հայաստանին պատերազմի մեջ քաշելու համար է ու պետք չէ խառնվել, կոչ են անում չտրվել սադրանքի, ապա հրահանգում, որ ենթակա ԶԼՄ-ներն ու Ազգային ժողովում մանդատ զբաղեցնող որոշները հարցը քաղաքականացնեն, սկսեն խոսել Հայաստանում ռազմական հեղաշրջման ու էլի այնպիսի բաների մասին, որոնք կշարժեն հասարակության այն հատվածի ուշադրությունը ու հետ կպահեն հանուն Արցախի ինչ-որ բան անելուց, ովքեր նախկինների ու կոռուպցիայի մասին Նիկոլի դերասանական գոռոցներից ոգևորվում են ու սկսում պաշտպանել իրենց վարչապետին։
Այո, իշխանությունները այնքան չգիտեմ ինչ են, որ Արցախում կոտորածի ժամանակ էլ գերխնդիր դարձրին իրենց իշխանության մնալն ու Հայաստանում սկսեցին հակահեղափոխական ակցիան։ Արցախում երեխաների սպանության մասին ոչինչ չխոսացող պատգամավորներն ու ՔՊ-ական բանախոսներն սկսեցին հիստերիկ կերպով խոսել հեղաշրջումից, արտաքին ուժերից, սկսեցին ուղերձներ հնչել այն նույն հիստերիկ տոնով, որով Նիկոլը միշտ ժողովրդին խաբել է, թե իբր կոռուպցիային այդքան հուզված է արձագանքում։ Սրանց ոստիկանությունն ու ԱԱԾ-ն միմյանց հերթ չտալով զգուշացրին, որ մարդիկ ակցիաների չմասնակցեն ու մեկը մյուսի հետևից սկսեցին ձերբակալություններ։
Սրանք այնաստիճան բոլորիս պատկերացրածն են, որ հրապարակում բողոքողների վրա քրեական գործեր ավելի շուտ հարուցեցին, քան Արցախցիների ցեղասպանության առթիվ։
Ապա ամենասարսափելին՝ երեկ Հայաստանի վարչապետը հայտարարեց, որ Արցախում տեղի ունեցածն ընդունում է ի գիտություն ու հետևում իրադարձություններին։ Նախ հետաքրքիր է, սրանք ամեն ինչից բացի, նաև առողջ չե՞ն։ Ապա հետաքրքիր է, թե ի՞նչ է նշանակում այս հայտարարությունը։
Իսկ այս, ասենք, Լիբիայի կամ հայ ժողովրդի վրա մեծ հաշվով թքած ունեցող այլ երկրի արտգործնախարարին հարիր հայտարարությունը նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանին տեղյակ պահել են ու նա գիտի, որ Արցախի վրա հարձակվել են, սպանել կանանց ու երեխաների, քշել գյուղերի բնակիչներին, որ նրանք սոված ու ծարավ ինքնապաշտպանության բնազդով փորձում են փրկվել այս ու այն կողմ գնալով, որ Արցախում ցեղասպանություն է։ Սա նաև նշանակում է, որ Նիկոլը ոչ թե, օրինակ, գնում է Սևանի դաչայում հարբելու, այլ շարունակելու է կարդալ լուրերն այն մասին, թե էլի քանի հոգի են սպանել։ Հետաքրքիր է նաև, ինչո՞ւ է նա այլևս հետևում իրադարձություններին, ինչի է սպասում ինչ-որ բան անելու համար, սրանից ավելի ի՞նչ է պետք, չէ՞ որ նա անընդունակ է որևէ բան անել, չէ՞ որ ամեն ուղերձից էլ պարզ է, որ նա «էշից ընկած» վիճակում է։
Հավատացեք՝ դժվար է մեկնաբանել սա, դժվար է, որովհետև սա ոչ միայն աբսուրդ է, այլ նաև սուտ։ Մենք գիտենք, որ Նիկոլ Փաշինյանն ուղղակի հետևում է, թե ինչպես են հայ սպանում, բայց նա այս իրադարձությունների միայն դիտորդը չէ։ Նրան չի հաջողվելու մեղքը միայն ուրիշի վրա գցել ու իրեն դիտորդ ներկայացնել, որովհետև նա իր հուզական ու հակադիվանագիտական բղավոցներով է սանձազերծել պատերազմը, ապա ոչնչացրել մեր պաշտպանությունը, ապա Արցախը տվել Ադրբեջանին, որպեսզի նա «իր տարածքում» անի այն, ինչ ուզում է։ Դա սուտ է նաև, քանի որ Նիկոլ Փաշինյանը չի էլ կարող հետևել այս իրադարձությունների զարգացմանը, որովհետև սա վերաբերում է այլոց երեխաների մահվանը, իսկ նա ամենայն մանրամասնությամբ հետևել է իր որդուն առևանգելու դեպքին ու դրանց զարգացմանը, ոչ միայն հետևել է, այլ նաև իրեն անինքնասերի պես ծառայող ոմանց միջոցով կալանավորել տվել առևանգողին։
Նիկոլ Փաշինյանը բայց, այդուհանդերձ, լավագույն դեպքում գնացել է հարբելու. նա քիչ առաջ պնդեց, որ Արցախի քաղաքացիական բնակչությանը ուղղակի սպառնալիք չկա։ Նա ակնհայտ է, չի էլ հետևում իրադարձություններին…