Հետևեք մեզ։

Պատմական աբսուրդ․ ՀՀ ԱԳ նախարարին Բաքվի Բայրամովը հերքում է ՀՀ վարչապետով

10:49, 22 սեպտեմբեր 2023
Պատմական աբսուրդ․ ՀՀ ԱԳ նախարարին Բաքվի Բայրամովը հերքում է ՀՀ վարչապետով

Այսօր փողոցներում տեղի ունեցող շատ բաներ անընդունելի են։ Չի կարող ընդունելի լինել անհնազանդության ակցիաներին չմասնակցող կամ ինչ-որ տեղ շտապող մարդու ավտոմեքենան ջարդուփշուր անելը։ Եվ այդ ակցիաները համակարգողներն էլ պետք է հասկանան, որ նման արարքները շատ արագ վերջ կդնեն սկսված շարժմանը։


Բայց ինչևէ, դեմ լինելով անկարգությանը, կողմ ենք ու միանում ենք բողոքին, որ Նիկոլ Փաշինյանը, ու հենց անձամբ ինքն իր անթասիբ, դիվանագիտությունից հեռու, չմտածված ելույթներով ու քայլերով վատնեց Արցախը ու շարունակում է վատնել արցախցու կյանքը։
 
Երեկ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում նիստն էր Արցախի հարցով։ Ելույթները ստանդարտ էին իհարկե, բայց հասցեական էին, արձանագրում էին, որ Ադրբեջանը հարձակվել է հանկարծակի ու պահանջում էին երաշխիքներ տալ, որ արցախցին անվտանգ կապրի։ Ելույթները, համենայն դեպս, ավելին էին քան Նիկոլի ուղերձներն ու կիսամեռ ելույթները։ Վստահաբար, նիստում հնչած գրեթե բոլոր ելույթներն ավելին էին, քան Հայաստանում վարչապետ աշխատողի պահվածքը։ Համարյա ակնհայտ էր որ որոշ պետությունների արտգործնախարարները ոչ միայն հետևել էին իրադարձությունների զարգացմանը։
 
 
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ամենահանգիստը ազերի Բայրամովն էր։ Նա վստահ էր, որ հնչած մեղադրանքների համար անհանգստանալ պետք չէ, պետք չէ մտահոգվել նաև Արարատ Միրզոյանի նշած մեղադրանքների համար։ Բայրամովը գիտեր, որ ինքը կարող էր նիստին չներկայանալ նաև, որովհետև բոլոր մեղադրանքների ու մտահոգություւնների պատասխանը Նիկոլ Փաշինյանըտվել էր։
 
Մարդասպանների նախարարը զարմացած էր Արարատ Միրզոյանի խոսքերից, որ արցախցի կանանց հանդեպ սպառնալիքներ կան և այլն։ Նա պարզապես մեջբերեց Փաշինյանի ելույթը, որ արցախցու հանդեպ ուղղակի սպառնալիք չկա ու անցավ առաջ, նա նիստում Արարատ Միրզոյանին հերքեց ՀՀ վարչապետի խոսքերով։
 
Ի՞նչ անել եթե չբողոքել, ի՞նչ անել, եթե չհամարել, որ Հայաստանը հարբած են կառավարում, որ դիվանագիտություն չկա, որ նման արտահայտություններով է վատնվել այն, ինչ ունեինք։
 
Ի՞նչ անենք, եթե չասենք, որ սա այդպես էլ բեմից չիջավ, որ սա ինչ-որ մասսայի վրա ղժղժոցներով ազդելու փորձեր արեց նաև այն ժամանակ, երբ երեխա են սպանում։ 
 
Ի՞նչ անենք, եթե չցանկանանք որ Նիկոլ Փաշինյանը գնա, ի՞նչ անենք ուրիշ, եթե նա երեկ էլ էր ուղերձում կոռուպցիա ասում, եթե նա խլել է նաև անկախության տոնը, եթե նա երեկ լկտիաբար ստեց՝ թե իբր մենք նշում ենք անկախության տոնը…