Հետևեք մեզ։

Ինչո՞ւ չեն ցանկանում ընդունել արցախցիներին

13:42, 23 սեպտեմբեր 2023
Ինչո՞ւ չեն ցանկանում ընդունել արցախցիներին

Արցախի բնակչության հետ տեղի ունեցածին Հայաստանի իշանությունների արձագանքը շատ անհամաչափ էր։ Այդ արձագանքից նախ ակնհայտ էր, որ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անում է մեղքն ամբողջությամբ իր վրայից շպրտելու ու իրականում իրենից ոչ պակաս մեղավոր ու այս օրերին անսիրտ գտնված ռուսների վրա գցելու համար։

 

Փաշինյանի ուղերձները, ելույթներն ու այլ արձագանքները ոչ մի կերպ չէին արտահայտում արցախցու այսօրվա վիճակը։

 

Դեպքերից ժամեր անց արդեն երևում էր, որ Հայաստանը դռները բաց չի սպասում արցախցիներին։ Նախ այդպիսի խոսք չեղավ էլ, ապա պարցվեց, որ 9 ամսվա այս մղձավանջի ընթացքում չի քնննարկվել ու նախապատրաստական ոչինչ չի արվել այն դեպքի համար, երբ ազերիներին հանձնված Արցախում հանկարծ այլևս հնարավոր չի լինի գոյատևել։ Արցախցիների` Հայաստան գալուն չէին սպասում, ու երբ Արցախում կոտորած էր, դեռ նոր միայն ինչ-որ ժողովներ սկսեցին հրավիրել միգրացիայի ծառայությունում։

 

Դրա հետ մեկտեղ Փաշինյանը հենց կոտորածի պահին սկսեց առաջ տալ արցախցիների իրենց հողում ապրելու իրավունքի թեզը։ Նա արագ շրջանառության մեջ դրեց արցախցու՝ տանն ապրելու գաղափարը, բայց նույն արագությամբ ոչինչ չարեց թուրքի զենքից փախչող հային գոնե այդ պահին ընդունելու համար։ Նա այդ թեզին ավելացրեց նաև մի նոր փաստարկ՝ արցախցիների Հայաստան գալը առաջնային չէ, որ հետո իրեն չմեղադրեն էթնիկ զտման մեջ, չասեն թե արցախցին պատրաստ էր մնալ, թուրքն էլ պատրաստ էր պահել, բայց ինքը նրանց տեղահանեց։

 

Սրանք, իհարկե, մտածված փաստարկներ են, բայց դրանք կարելի կլիներ հարգել եթե ձեռնարկված միջոց լիներ սարսափահար երեխաներին ինչ-որ կերպ պաշտպանելու։

 

Դրանից հետո Նիկոլ Փաշինյանը սկսեց ձայնակցել ադրբեջանցիներին ու անհասկանալիորեն հավատալ, որ Արցախում հայերի իրավունքները կպաշտպանվեն, ապա անձամբ պնդեց, որ հայերին այնտեղ ուղղակիորեն վտանգ չի սպառնում։ 

 

Փաշինյանը, բայց, պատահական չէ, որ հարյուրավոր զոհերն անտեսելով, գնդակից մի կերպ փախած ու իր ընտանիքի անդամներին չգտնող արցախցուն դեպքերի հաջորդ օրը համոզում է, որ ճիշտը իր բայրաքթարի հարվածից ավերված տուն հետ գնալն է ու այնտեղ մնալը, ու որ ադրբեջանցիները բարի են։

Նա լավ գիտի, որ Արցախի հայերի մուտքը Հայաստան, իր իշխանության վերջն է, նա լավ է գիտակցում, որ ընտանիքից առնվազն երկու հոգի կորցրած տասնյակ հազարավոր արցախցիները հեղափոխությունն անխուսափելի դարձնող ցուցարարներ են և քանակապես և որակապես։

 

Նա, իր իշխանությունը պահելու համար է ամեն ինչ անում, որ արցախցին Հայաստան չգա…