Հետևեք մեզ։

Իսկ ինչպե՞ս կարելի է միայն «հեղաշրջումից» խոսել. Արցախում զոհված ծնողներին ու երեխաներին հուղարկավորելուն սպասող մարդիկ կան

22:00, 23 սեպտեմբեր 2023
Իսկ ինչպե՞ս կարելի է միայն «հեղաշրջումից» խոսել. Արցախում զոհված ծնողներին ու երեխաներին հուղարկավորելուն սպասող մարդիկ կան
Քիչ առաջ Ազգային ժողովի ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը գրառում է արել Արցախում տեղի ունեցած իրադարձությունների մասին ու խոսել Հայաստանում «կազմակերպվող հեղաշրջման մասին»։ Կոնջորյանի կարծիքով՝ անհնար է գլխի չընկնել, որ «գործակալների շրջանակը փորձում է վերջ տալ ՀՀ անկախությանն ու պետականությանը»։ ՔՊ-ականը այս հետևության համար վերլուծել է իրադարձություններն ու իրար կապել ազգային ժողովում Հայկ Մամիջանյանի՝ զանգ հնչեցնեկու մասին ելույթը, Ադրբեջանի հարձակումը, հրադադարի հասնելուն Արցախի ԱԺ դաշնակցական նախագահի դերակատարումը, Ռուսաստանից ինչ-որ ելույթներ և այլն։ Երիտքպականի ասածն այն է, որ Արցախում կատարվող ցեղասպանությունը Հայաստանում հեղաշրջում անելու և Հայաստանը Ռուսաստանին միացնելու միջոց էր, որը կազմակերպվել էր Ռուսաստանից։
 
 
Այստեղ մի միջանկյալ, բայց կարևոր բան կա ասելու․ մինչև Արցախում վերջին իրադարձությունները՝ հայ-ռուսական հարաբերությունների սրման համար հրապարակային մեղադրել ենք հենց մեր իշխանություններին ու շարունակում ենք մեղադրել, բայց այլևս չենք ցանկանում այդ մասին խոսել, որովհետև համարում ենք, որ անկախ ամեն ինչից, այն ինչ Ռուսաստանն արեց այս օրերին, ուղղակի դավաճանություն էր հայ ժողովրդի հանդեպ, այն նույն ժողովրդի, որին ռուս դիվանագետները լավ գծերով էին բնութագրում՝ իշխանություններին քննադատելիս էլ։ Սա դավաճանություն է, որովհետև մանուկների կյանքի հարցեր կային ու Հայաստանի այս իշխանության անմտությունները չեն կարող արդարացնել այդ դավաճանությունը։
 
 
Իրականում, առանձնապես կարևոր չէ, թե ինչ իրադարձություններ ու թելադրություններ է իրար սոսնձել Հայկ Կոնջորյանն այդպիսի մտքեր արտահայտելու համար, կարևորն այն է, որ նա զարմանում է, թե ինչպես կարելի է գլխի չընկնել, որ այստեղ գործակալների մատն է խառը ու նրանք վատ նպատակներ ունեն։ Սրանով Հայկ Կոնջորյանը բազմաթիվ հարցեր է առաջացնում՝ ուղղված իրեն ու իր գործընկերներին․
 
 
ինչպե՞ս կարելի է այսքան կույր ու սուբյեկտիվ լինել,  ինչպե՞ս կարելի է չտեսնել իրականությունը,  իրականության այն մասը, որը պետք է զրկեր Կոնջորյանին ու մյուսներին՝ նման մտքեր ասելու իրավունքից։
 
 
Փողոցում կատարվողի մեջ, այո, քաղաքական մաս կա, դրանում ցավը քաղաքականացնողներ կան, դրանից օգտվող ու ավտոմեքենաներ ջարդողներ ու միմյանց ուղղակի հայհոյողներ կան։ Բայց փողոցում կամ փողոցից դուրս, Հայաստանում ու Արցախում իրենց ամուսիններին, կանանց, ծնողներին ու երեխաներին կորցրած, նրանց տեղը չիմացող, նրանց ողջության մասին լուր չունեցող մարդիկ կան, փողոցում արցախցիներ կան, ովքեր վախ ունեն, որ այնտեղ ապրող իրենց հայրերին ու ամուսիններին վերջին անգամ են տեսել, որ նրանց թույլ չեն տալու հեռանալ Արցախից ու Բաքվի բանտերն են տանելու։ 
 
Արցախում իրենց զոհված ծնողներին ու երեխաներին հուղարկավորելուն սպասող, բայց իրենց հետագա բնակության վայրը ու այդ գերեզմանին հետո այցելելու հնարավորությունը չիմացող մարդիկ կան, իսկ ինչպես կարելի է դա չտեսնել։
 
Ինչպե՞ս կարելի է առաջին օրից միայն «հեղաշրջումից» ու Ռուսաստանից խոսել ու չտեսնել սրանք կամ տեսնել, բայց չտեսնելու տալ ու սրանց մասին չխոսել։ Ինչպե՞ս կարելի է ամբողջ տեղի ունեցածի մասին խոսել այնպես, որ բոլորին պարզ լինի, որ նաև հենց Դուք եք տեղի ունեցողը քաղաքականացնում ու դրա մեջ միայն քաղաքականություն տեսնում, ինչպե՞ս կարելի է մարդկանց ցավին արժանի ձևով չարձագանքել ու առաջին պահից խոսել միայն այն մասին, թե ինչ անել, որ Ձեր իշխանությունը չերերա։ Չէ՞ որ դուք եք ձեր բառապաշարից հանել Արցախ բառը, և դրանից դժգոհողներ ու Ձեզ իսկապես չսիրողներ կան ու կլինեն։ 
 
Քաղաքական հարցեր չեմ տալիս, ժամանակը չէ, բացի այդ, չնայած Երևանի ավագանու ընտրություններում ստացել եք նախկինում ստացածի կեսից պակաս ձայներ, բայց դա էլ չեք տեսնում ու հրապարակային, առանց ամոթի խոսում եք, որ ընտրություններին քչերն են մասնակցել, քանի որ վստահ են եղել, որ դուք հաղթելու եք․․․
 
 
Կասեի՝ ուղիղ նայեք իրականությանը, տեսեք ամենակարևորը, այս պահին ամենակարևորը, լուսանկարներ կան համացանցում, դրանք ուշադիր նայեք ու հարց տվեք, թե ինչպես կարելի է գլխի չընկնել․․․, բայց Ձեր տեսնելը չէ, որ բան է փոխելու․․․