Հետևեք մեզ։

Վահագն Խաչատուրյանը վերահաստատում է, որ ինքը հենց նա է, ում նախագահ առաջադրելուց հետո Փաշինյանը ոտքի էր կանգնեցրել կառավարության նիստում

13:27, 25 սեպտեմբեր 2023
Վահագն Խաչատուրյանը վերահաստատում է, որ ինքը հենց նա է, ում նախագահ առաջադրելուց հետո Փաշինյանը ոտքի էր կանգնեցրել կառավարության նիստում

Երբ Նիկոլ Փաշինյանը Արցախում իրադարձությունների կապակցությամբ հայտարարեց, որ դրանք ընդունում է ի գիտություն ու կհետևի իրադարձությունների զարգացմանը, քննադատեցինք, որ դա օտարի ու անտարբերի ձևական արձագանք է։ Բայց, արի տես, որ անտարբերից ու հարցից ձեռք քաշածից բացի, կա նաև սկզբունքորեն բացական՝ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։

 
Անկեղծ ասած՝ այս անձի մասին շատ պատահական եմ հիշել, զարմացա, որ Երևանի շենքերից մեկի բակում ոստիկանության պահակային ծառայության պես մի բան կա ու հարցուփորձով բացահայտեցի, որ նրանք Վահագն Խաչատուրյանի բնակարանն են հսկում։ Անմիջապես ընդունեցի, որ Վահագն Խաչատուրյանին պետք է պահպանել, չէ՞ որ նա իր հայանպաստ ու հայակենտրոն ակտիվ գործունեությամբ, տված խիստ գնահատականներով, հավանաբար, զայրացրել է բոլորին, ու նույնիսկ թրքուհի Մեհրիբանը նրա գլխի համար միլիարդներ է խոստանում։
 
Իսկ եթե ավելի լուրջ, ապա հիշելուց հետո, որ Հայաստանում նախագահի կիսադատարկ հաստիք կա, մտա նրա պաշտոնական կայք ու հասկացա հերթականը՝ Վահագն Խաչատուրյանը զբաղված է այցերով ու ընդունելություններով, մեր տառապած ու տառապող երկրի տուրիզմի ու արարողակարգի ոլորտն է ակտիվ պահում։
 
Հաճելի կլիներ Հայաստանի Հանրապետության նախագահի գործունեությունը քննադատել կամ գովաբանել, օրինակ, վկայակոչելով ու վերլուծելով Սահմանադրությունը, որտեղ նախագահի կարգավիճակն է սահմանված։ Բայց դա նույնն է, թե հարևան փողոցը ապօրինի զբաղեցրած «ստայանշչիկի» զբաղմունքը քննարկենք Մարդու իրավունքների հռչակագրի համատեքստում ու դա այն պայմաններում, երբ վստահաբար, միջին վիճակագրական  «ստայանշչիկը» օրվա մեջ ավելի շատ է այնպիսի բառեր արտաբերում, որոնք արցախցու համար մտահոգություն են արտահայտում։
 
Եվ իսկապես, մի քիչ շատ չէ՞, արդյոք, հավերժ լուռ, իր հայրենակցի հանդեպ վայրագությունների օրերին  լեզուն կուլ տված պաշտոնյային հարգելն ու նրա անունը Սահմանադրության կողքը տալը: 
Իսկ ի՞նչ քննադատենք, եթե նա ոչինչ չի անում այսուայնկողմ աննպատակ այցերից, աշխարհ տեսնելուց ու դրա համար աշխատավարձ ստանալուց բացի։ Վահագն Խաչատուրյանը շարունակում է լուռ ստանալ այդ աշխատավարձը՝ առանց ծպտուն հանելու այն մասին, ինչ տեղի ունեցավ Արցախում ու տեղի է ունենում հիմա Երևանում։
 
Վահագն Խաչատուրյանը ընդամենը ի ցույց է դնում, որ նա «անկեղծ պայքարի» իր ճանապարհն ընդամենը նկարել է ու հիմա հանկարծ հայտնվել ներկայացուցչական Մերսեդեսի հետևի նստատեղին ու դրանից գոհ է։ Նա ընդամենը վերահաստատում է, որ ինքը հենց նա է, ում նախագահ առաջադրելուց հետո Նիկոլ Փաշինյանը ոտքի էր կանգնեցրել կառավարության նիստում…