Hayastan.news-ի տեղեկություններով Սյունիքում նորածին երեխայի դի են գտել։ Տեղեկության վերաբերյալ Hayastan.news-ը պարզաբանում խնդրեց ՆԳՆ լրատվության վարչության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանից։
Հարցին, թե նման ահազանգ ստացվել է, Գաբրիելյանը նշեց․ «Մարտի 20-ին քաղաքացուց ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի «Նոր զանգեր» կոչվող տարածքին հարակից անտառում, նորածնի դի կա: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ահազանգող քաղաքացին, նշված տարածքում բանջար հավաքելու ժամանակ հայտնաբերել է գետնին ընկած, սավանով կիսածածկված վիճակում իգական սեռի նորածնի դի»:
Նա հավելեց, որ ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ, փաստաթղթերն ուղարկվել են Գորիսի քննչական բաժին: