Խորհրդարանում մեկնարկել է 8-րդ գումարման 5-րդ նստաշրջանը։
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը հայտարարության նախագիծ է ներկայացրել խորհրդարանի դատին «Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ իրականացվող ռազմաքաղաքական ագրեսիայի, ահաբեկչության և սադրիչ քայլերի, Բերձորի (Լաչինի) միջանցքի փակման կապակցությամբ»։
Նիստը վարող ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը հայտարարեց, որ նախագիծի վերաբերյալ գլխադասային հանձնաժողովը ներկայացրել է բացասական եզրակացություն։
Նախագիծը նախ զեկուցեց «Հայաստան» խմբակցության կողմից հիմնական զեկուցող հանդես եկող Անդրանիկ Թևանյանը՝ ներկայացնելով, թե ինչու պետք է խորհրդարանը ընդունի այս հայտարարության տեքստը՝ հիշեցնելով, որ արդեն 100 օր է՝ Արցախը շրջափակման մեջ է։ «Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ մենք ներկայացրել ենք Ազգային ժողովի հայտարարության նախագծի լրամշակված տարբերակը, որը, ի դեպ, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում մեզ համար անընդունելի պատճառաբանությամբ մերժվել է»,-ասաց Թևանյանը՝ ներկայացնելով արդեն հայտարարության բուն նախագիծը։
Թևանյանից հետո ելույթ ունեցավ ՔՊ-ից հարակից զեկուցող Մարիա Կարապետյանը։ Նա ներկայացրեց ՔՊ-ի դիրքորոշումը՝ հայտնելով, որ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը առաջարկում է խորհրդարանին՝ չմասնակցել հայտարարության տեքստի քվեարկությանը այն ըմբռնմամբ, որ դեռևս դեկտեմբերի 14-ին Ազգային ժողովն ընդունել է հայտարարություն Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ, և այդ հայտարարությունը շարունակում է ուժի մեջ մնալ։
Այնուամենայնիվ, ըստ Մարիա Կարապետյանի, հաշվի առնելով հարցի կարևորությունը և երկու նոր հանգամանք՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում ոստիկանների սպանությունը և Արդարադատության միջազգային դատարանի որոշման չկատարումը Ադրբեջանի կողմից՝ կարելի էր ընդունել ԱԺ նոր հայտարարության տեքստ։
«Այս նպատակով մենք առաջարկ արեցինք «Հայաստան» դաշինքին՝ փորձել գտնել հայտարարության տեքստի՝ փոխադարձաբար ընդունելի բառապաշար, որովհետև շատ հարցերում էլ համակարծիք ենք, այնուամենայնիվ, օրինակ՝ Ալիևի մղումների մասին»,-ասաց Մարիա Կարապետյանը՝ նշելով, որ Արծվիկ Մինասյանի հետ իրենք առանձին քննարկում են ունեցել, սակայն չեն կարողացել գալ համաձայնության առանձին բառերի շուրջ։
Մարիա Կարապետյանի կարծիքով՝ հայտարարության տեքստի մեջ կարևոր կլիներ շեշտել «Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության ապահովման հարցը, միջազգային մեխանիզմի, երկխոսության կարևորության հարցը, Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք փաստահավաք խմբի ուղարկման կարևորության հարցը»։
«Ընդդիմության համար սրանք չեն կարևոր, այլ կարևոր են այլ շեշտադրումներ։ Մեզ համար նաև ընդունելի չէ հարցին աշխարհաքաղաքական երանգավորումներ հաղորդելը, բանակցային տարբեր հարթակները միմյանց հակադրելը և, առավելևս, ասելը, թե Հայաստանի Հանրապետությունը կարող է առիթ կամ պատրվակ տալ Ադրբեջանի կողմից ագրեսիվ գործողությունների համար կամ լեգիտիմացնել նման գործողությունները»,-ասաց Մարիա Կարապետյանը՝ առաջարկելով չմասնակցել հայտարարության տեքստի քվեարկությանը։ Նրա ելույթի վերջում վարման կարգով ելույթ ուենցավ նաև ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ հայտարարելով, որ ՔՊ-ն չի մասնակցի այս հարցի քվեարկությանը։ Տեղի ունեցավ քվեարկություն, որին կողմ քվեարկեց ընդամենը 28 պատգամավոր, այսինքն՝ ընդդիմության ներկայացրած նախագիծը մերժվեց։
ՔՊ-ն մերժեց ընդդիմության ներկայացրած հայտարարության նախագիծը․ որոշ ձևակերպումներ անընդունելի էին իրենց համար
11:21, 21 մարտ 2023