Հետևեք մեզ։

44-օրյա պատերազմից երեք տարի է անցել. գերիները չեն վերադարձվել, Եռաբլուրն ընդլայնվում է, Արցախը չկա

11:07, 27 սեպտեմբեր 2023
44-օրյա պատերազմից երեք տարի է անցել. գերիները չեն վերադարձվել, Եռաբլուրն ընդլայնվում է, Արցախը չկա

2020 թվականի սեպտեմբերի 27-ին, ժամը 07։10-ին Ադրբեջանը լայնածավալ հարձակում սկսեց Արցախի դեմ: Պատերազմը տևեց 44 օր և ավարտվեց նոյեմբերի 9-ին՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությամբ: Պատերազմի հետևանքներն աղետալի էին հայ ժողովրդի համար՝ տարածքային կորուստներ Արցախում, բազմաթիվ զոհեր, տեղահանություններ, գերեվարված զինծառայողներ և քաղաքացիական անձինք, որոնցից ոմանք դեռ չեն վերադարձել հայրենիք։

 

Ադրբեջանական ԶՈւ-ն, Թուրքիայի ակնհայտ աջակցությամբ, ինչպես նաև վարձկանների ներգրավմամբ, սեպտեմբերի 27-ից սկսեց ռմբակոծել Արցախի բնակավայրերը: Հայաստանում ու Արցախում այդ օրերին հայտարարվել էր ռազմական դրություն ու զորահավաք, բազմաթիվ հայորդիներ կամավոր մեկնում էին ռազմաճակատ՝ կենաց ու մահու կռիվ տալով հայրենի հողը պաշտպանելու համար։

 

Չնայած ԵԱՀԿ Մինսկի համանախագահող երկրների միջնորդությամբ ձեռք բերված հումանիտար հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությանը՝ Ադրբեջանը խախտում էր այն։ Նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները պատերազմը ժամը 01։00-ից դադարեցնելու մասին հայտարարություն էին ստորագրել, որը քաղաքական ուժերը որակել են կապիտուլյացիա։

 

Հայկական կողմը կորցրեց Արցախի 7 շրջան, Շուշին ու Հադրութը։ Այդ գիշեր Ռուսաստանը մոտ 2 հազար խաղաղապահ և 470 միավոր զինտեխնիկա ուղարկեց Արցախ։ Ռազմական գործողությունների դադարեցման մասին պայմանավորվածությունների պահպանման վերահսկողության համար ռուսական դիտակետերը տեղակայվեցին Արցախի և Ադրբեջանի սահմանի, ինչպես նաև Հայաստանն ու Արցախը միացնող Լաչինի միջանցքի երկայնքով:

 

Երեք տարի է անցել, Բաքուն հայ գերիներին չի վերադարձնում, նոր գերիներ կան, գաղթ է Արցախից, հայրենազրկվածներ կան, իսկ Փաշինյանի հայտարարությամբ`Արցախը Ադրբեջան է։ Այդ հողի համար ամենաթանկը տված մեր հայրենակիցները թողնում են հողն ու գալիս են Հայաստան։ 

Վերջին օրերին արցախցի զինվորները կրկին իրենց կյանքն են զոհել հանուն Արցախի, նրանցից ոմանց աճյունները տեղափոխվել են Հայաստան, Եռաբլուրը, ցավոք, ընդլայնվում է։