Սահմանադրական դատարանը մարտի 24-ին քննելու է 1998 թ․ ստորագրված միջազգային քրեական դատարանի՝ Հռոմի կանոնադրությունում (Հռոմի ստատուտ) ամրագրված պարտավորությունների համապատասխանությունը մեր Սահմանադրությանը։ Եթե նիստի արդյունքում ՍԴ-ն համարեց, որ հակասություն չկա Սահմանադրության հետ, ապա հարցը կտեղափոխվի խորհրդարան, որտեղ ԱԺ-ն կքննի արդեն Հռոմի ստատուտը կամ համաձայնագիրը Հայաստանի կողմից վավերացնելու հարցը։
Նշենք, որ այս համաձայնագրի վավերացմամբ՝ Հայաստանը պարտավորություն է ստանձնելու նաև կատարելու Միջազգային քրեական դատարանի որոշումները, ինչպիսին, օրինակ, վերջերս Վլադիմիր Պուտինին ձերբակալելու վերաբերյալ ընդունած որոշումն է։ Համաձայնագրի հավանական վավերացման մասին երեկ խորհդրարանում խոսել էր նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ հայտնելով, որ այդ պրոցեսը դեռ երկու-երեք ամիս առաջ էր մեկնարկել։ Հռոմի ստատուտը միջազգային պայմանագիր է, որով հիմնվել է Միջազգային քրեական դատարանը՝ ՄՔԴ։ Ընդունվել է Հռոմում 1998 թվականի հուլիսի 17-ին կայացած դիվանագիտական կոնֆերանսում և ուժի մեջ է մտել 2002 թվականի հուլիսի 1-ից։ Հռոմի ստատուտի 5-րդ հոդվածի համաձայն՝ Միջազգային քրեական դատարանի իրավասությունը պետք է սահմանափակված լինի ամբողջ միջազային հանրությանը մտահոգող ամենածանր հանցագործություններով։ Դատարանը իրավասություն ունի հետևյալ հանցանքների նկատմամբ՝
• ցեղասպանություն
• մարդկության դեմ հանցագործություններ
• պատերազմական հանցագործություններ
• ագրեսիա
Հռոմի ստատուտի 11-րդ հոդվածի համաձայն՝ Դատարանը իրավասություն ունի միայն այն հանցանքների նկատմամբ, որոնք կատարվել են ստատուտի ուժի մեջ մտնելուց հետո, այսինքն՝ 2002 թվականի հուլիսի 1-ից հետո։ Եթե պետությունը դառնում է ստատուտի կողմ դրա ուժի մեջ մտնելուց հետո, ապա Դատարանը իր իրավասությունը կարող է տարածել այդ պետության համար ստատուտի ուժի մեջ մտնելուց հետո կատարված հանցանքների նկատմամբ, բացառությամբ ստատուտի 12-րդ հոդվածի 3-րդ պարագրաֆով սահմանված դեպքի։
Հայաստանը ստորագրել է Հռոմի Ստատուտը 1999 թվականի հոկտեմբերի 1-ին, սակայն մինչև այժմ չի վավերացրել այն։ Ռուսաստանը ստորագրել է 2000 թվականի սեպտեմբերի 13-ին, և դարձյալ մինչև այժմ չի վավերացրել այս համաձայնագիրը։ Այստեղ հիմնական հարցն այն է՝ արդյոք այս համաձայնագրի վավերացումից հետո Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձ ուժ ունենալո՞ւ է Հայաստանի համար, թե՞ ոչ։ Այս հարցի պատասխանը կառավարության՝ 2022 թվականի դեկտեմբերի 29-ին հրավիրված նիստում է, որտեղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է․ «Կառավարությունը հավանություն է տվել «1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված` Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը վավերացնելու և Կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասին համաձայն Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին հայտարարություն ընդունելու մասին» ՀՀ օրենքի նախագծին»։ Այսինքն՝ ՀՀ կառավարությունը, դեռ անցյալ տարվա դեկտեմբերին, երբ Միջազգային քրեական դատարանը Պուտինին ձերբակալելու որոշում չէր կայացրել, այս համաձայանգիրը վավերացնելու նախագծին հավանություն էր տվել հետադարձ ուժով։ Սա, հավանաբար, արվել էր Ադրբեջանի դեմ հավանական որոշումների կայացման դեպքում հետադարձ ուժով Հայաստանի կողմից ևս այն կիրառելու նպատակլով, և հիմա, ստացվում է, եթե Հայաստանը այս տեսքով վավերացնի համաձայնագիրը, ապա ստիպված կլինի կատարել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու վերաբերյալ Միջազգային քրեական դատարանի որոշումը։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ