Հայաստանի կողմից Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) Հռոմի կանոնադրության վավերացումը ամենաբացասական հետեւանքները կունենա երկկողմ հարաբերությունների վրա։ Երևանը հաշվի չի առել կանոնադրության վերաբերյալ Մոսկվայի փոխադարձ առաջարկները. այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ դիվանագիտական գերատեսչությունում։
«Հայ գործընկերներն ի սկզբանե տեղեկացված էին այն դիրքորոշման մասին, որ Հայաստանի կողմից ՄՔԴ-ի Հռոմի ստատուտի վավերացումն անընդունելի է այն պայմաններում, երբ այս կառույցը «ձերբակալման օրդեր» է տվել Ռուսաստանի բարձրագույն ղեկավարությանը։ Երկկողմ պայմանագիր կնքելու Երեւանի նախաձեռնությունը քննարկվել է, Մոսկվան առաջարկել է փոխզիջումային տարբերակ, որը կարող է հարմար լինել երկու կողմերին, ցավոք, այն հաշվի չի առնվել, փոխարենը Հայաստանում քաղաքական որոշում է կայացվել՝ հօգուտ Հռոմի ստատուտի վավերացման, ինչը ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների վրա», -հայտնել են նախարարությունից։
Հիշեցնենք, որ այսօր լրատվամիջոցների հետ զրույցում Եղիշե Կիրակոսյանը հարցին, թե վավերացումից հետո ինչ է սպասվում Վլադիմիր Պուտինին, եթե նա, օրինակ, ժամանի Հայաստան, ասել է, որ երկրների գործող ղեկավարներն օժտված են իմունիտետով։
«Չեմ կարծում, թե ձերբակալելու մասին խոսք կարող է լինել։ Այն լուծումները, որոնք հիմնվում են Հռոմի ստատուտի 96-րդ հոդվածի 2-րդ մասով, առաջարկվել են մեր ռուս գործընկերներին։ Դա ենթադրում է երկկողմ համաձայնագրի ստորագրում, որը հնարավորություն է տալիս որոշակի երաշխիքներ ստեղծել այն անհանգստությունների համար, որոնք որոշ գործընկեր պետություններ կարող են ունենալ։ Տեքստը ներկայացվել է ամիսներ առաջ՝ ապրիլ ամսին, սպասում ենք մեր գործընկերների առաջարկին, տեսնենք»,-ասել է Կիրակոսյանը։