Կառավարությունը գործունեության որոշակի տեսակներով զբաղվելու պարագայում առաջարկում է կրճատել ու պարզեցնել վարչարարությունը, ծանուցման ենթակա մի շարք գործունեության տեսակներով զբաղվող տնտեսվարողներին աջակցել, նպաստել այդ ոլորտների զարգացմանը: Այդ նպատակով առաջարկվում են փոփոխություններ ու լրացումներ «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ու «Պետական տուրքի մասին» օրենքներում:
Ազգային ժողովի լրատվական ծառայության փոխանցմամբ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի խոսքով՝ ծանուցման ենթակա թորած ալկոհոլային խմիչքների արտադրության գործունեության տեսակները տարանջատելու, հստակեցնելու եւ ալկոհոլային խմիչքների առանձին տեսակների արտադրությունը խթանելու նպատակով դրանց արտադրության գործունեությամբ զբաղվելու իրավունք ձեռք բերելու համար սահմանվել են տարեկան պետական տուրքերի առավել մատչելի դրույքաչափեր:
Էկոնոմիկայի նախարարության կողմից այժմ հաշվառվում են ծանուցման ենթակա 19 գործունեության տեսակներ: Նախագծերով առաջարկվում է դրանցից հանել 6-ը՝ ազատականացնելով ոլորտը, փոփոխել այլ 6-ը, պահպանել 5-ը, եւս մեկն ավելացնել:
Մասնավորապես, ծանուցում ներկայացնելու պահանջն առաջարկվում է հանել օրենքի գյուղատնտեսության բնագավառին վերաբերող բաժնի հետեւյալ գործունեության տեսակների համար` անասնաբուժության բնագավառում օգտագործվող կերապատրաստուկների արտադրություն, անասնաբուժասանիտարական փորձաքննություն, բույսերի պաշտպանության քիմիական եւ կենսաբանական միջոցների արտադրություն եւ վաճառք: Թույլ ալկոհոլային խմիչքների, գարեջրի, 100.000 լիտրից ավելի շշալցված կոնյակի իրացման եւ ներմուծման գործունեությամբ զբաղվելու համար ևս առաջարկվում է հանել ծանուցման պահանջը: Առանձնացվել են թորած ալկոհոլային խմիչքներից եւ խմորման նյութերից, էթիլային սպիրտի գործունեությունից վիսկիների, ռոմի, ջինի, սպիրտային այլ թուրմերի եւ մինչեւ 22 տոկոս սպիրտ պարունակող այլ սպիրտային խմիչքների արտադրության գործունեության տեսակները, դրանք սահմանվել են որպես ծանուցման ենթակա գործունեության առանձին տեսակներ:
Միավորվել են վիսկիների, ռոմի, ջինի, սպիրտային եւ այլ թուրմերի ու մինչեւ 22 տոկոս սպիրտ պարունակող այլ սպիրտային խմիչքների արտադրության գործունեության տեսակները, դրանցով զբաղվելու իրավունք ձեռք բերելու համար սահմանվել է 3 մլն դրամ տարեկան պետական տուրք, որն անհամեմատ քիչ է նախկին սահմանաչափից:
ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը ողջունել է այն հանգամանքը, որ բիզնեսի համար գործունեությունը պարզեցվում է, սակայն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Դավիթ Առուշանյանից հետաքրքրվել է սպառման ոլորտում իրականացվող վերահսկողությամբ, օրինակ՝ անչափահասներին խմիչք կամ ծխախոտ վաճառելու դեպքում ինչպիսի՞ վերահսկողական գործիքակազմ է կիրառվում:
Պատգամավորը կարծիք է հայտնել, որ այս մասով էական անելիք ունեն տեսչական մարմինները, քանի որ հաճախ խանութներում կամ ժամանցի կենտրոններում, չնայած օրենքով նախատեսվող սահմանափակումներին, անչափահասները կարողանում են ձեռք բերել ծխախոտ եւ ալկոհոլային խմիչքներ: ԱԺ փոխնախագահն այս համատեքստում բարձրացրել է նաեւ հանրապետությունում ալկոհոլային խմիչքներ գովազդող վահանակների խնդիրը՝ նշելով, որ այս մասով եւս խստացումներ պետք է լինեն: