ՔՊ-ն առաջարկում է օրենքով արգելել հրավառությունը Հայաստանում։ Համապատասխան նախագիծն այսօր ԱԺ-ում զեկուցեց ՔՊ-ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։
Նա նշեց, որ նախագծով առաջարկվող կարգավորմամբ իրենք նախ օրենքում համապատասխանեցնում են ՀՀ տեխկանոնակարգերը ԵԱՏՄ կանոնակարգերին, և երրորդ, չորրորդ, հինգերորդ դասի հրագործական արտադրատեսակների ներմուծումը, կիրառումը և վաճառքը փաստացի արգելվում է։
«Այսինքն, եթե հրավառություն ՀՀ-ում, ապա դա կա՛մ համայնքային կամ պետական նշանակության տոն օրերին է լինելու, կա՛մ պետության կամ համայնքի մասնակցությամբ կարևոր միջոցառումների օրերին»,-ասաց Սիսակ Գաբրիելյանը՝ հավելելով, որ իրենց կարծիքով՝ այս օրենքի կիրառմամբ իրենք կունենան 90 և ավելի տոկոսի նվազում։ Իսկ ինչ վերաբերում առաջին և երկրորդ դասի հրագործական արտադրատեսակները, որոնք օգտագործվում են կենցաղում և միջոցառումների ընթացքում, ապա դրանց ներմուծումը և վաճառքը կշարունակի գործել, միայն որոշակի պահանջներ կներդրվեն դրանց պահեստավորման և տեղափոխման հարցում։
«Նախնական տվյալներով՝ մենք ունեցել ենք դառը փորձ, որտեղ նշվում է, որ կարող է պատճառը լինի հենց էդ հրագործական արտադրատեսակների ոչ ճիշտ պահեստավորումը։ Այսինքն՝ մենք, ամեն դեպքում, կարծում ենք, որ եթե անգամ թույլատրելի են էդ փոքրիկ հրավառությունները, որ տորթի վրա են դրվում կամ դահլիճներում կիրառվում են հարսանեկան միջոցառումների ժամանակ, դրանց պահեստավորումը և տեղափոխումը նույնպես պետք է որոշակի նորմերին համապատասխանեն»,-ասաց նախագիծը զեկուցող պատգամավորը։
Հայաստանում հրավառությունը կարգելվի․ կգործեն առանձին բացառություններ
16:00, 21 մարտ 2023