Հետևեք մեզ։

Ռուբեն Վարդանյանն ինտելեկտի ու հումանիզմի բարերար է․ բոլորը պետք է պաշտպանեն նրան

22:18, 29 սեպտեմբեր 2023
Ռուբեն Վարդանյանն ինտելեկտի ու հումանիզմի բարերար է․ բոլորը պետք է պաշտպանեն նրան
Ադրբեջանի կողմից առևանգված ու կալանավորված, աբսուրդի՝ ահաբեկչության ֆինանսավորման համար մեղադրվող Ռուբեն Վարդանյանը բարերար է։ Բոլոր բարերարների ամենափոքր նույնիսկ ներդրումը գնահատելի է ու բոլորս պետք է շնորհակալ լինենք դրա համար, բայց Ռուբեն Վարդանյանը տարբերվում է բոլորից և այդ տարբերությունը կարևոր է նրա հետ այսօր տեղի ունեցողի համատեքստում։
 
 
Ռուբեն Վարդանյանը ուղղակի բարերար չէ, ով պարզապես տարբեր մեծ ու փոքր խնդիրներ է լուծել, գումար հատկացրել մարդկանց այդ օրվա մի փունջ խնդիրներ լուծելու համար կամ վաստակածից մի օր  մի փոքր բաժին հանել իր հայրենիքում նախաձեռնված ինչ-որ բանի համար։ Ռուբեն Վարդանյանին առանձնացնողն այն է, որ նա ինտելեկտի, զարգացման, կատարելագործման ու գիտելիքի բարերար ու հովանավոր է: Վարդանյանը ստեղծել է դպրոցներ, հիմնել կենտրոններ, որտեղ կարելի է սովորել, զարգանալ, ավելացնել աշխարհի, իր կարծիքով, ամենամեծ ուժը՝ գիտելիքը։  Նա միշտ հովանավորել է ծրագրեր, որոնց մեջ մեծ գաղափար կա, որոնց նպատակը ոչ թե կոնկրետ պահին կոնկրետ իրավիճակ հարթելն է, այլ կայանալը, զարգանալը, ստեղծելու և արարելու կարողություն փոխանցելը։
 
 
Ռուբեն Վարդանյանը նաև հումանիստ է ու մեծ ավանդ ունի ամբողջ աշխարհում մարդասիրական ծրագրերի ու աշխատանքների կազմակերպման գործում։ Բավարար է նույնիսկ կարճ կապել Ավրորայի մասին ու կհիշենք, թե ինչ մակարդակի բարձրացրեց նա անարդարությունների ու ցավի դեմ պայքարը, ինչ ճանաչում բերեց մարդկանց, ովքեր իրենց կյանքը նվիրել են մարդկային արժեքներին, կյանքեր փրկելուն, երեխաների փրկությանը, ինչ գնահատանքի արժանացրեց նրանց։
 
 
Այս ամենը հիշել պետք էր միշտ, իսկ այսօր առավել քան: Սրանք չընդգծելն ու Ռուբեն Վարդանյանի գործունեության հիմքում եղած արժեքները չշեշտել այսօր հնարավոր չէ։ Դա չանել այսօր, նույնիսկ չի կարելի, քանի որ Վարդանյանի ստեղծած ու տարածած արժեքներն ու այսօր նրա հետ կատարվողը, իսկ առավել ևս կատարվողին արձագանքները խիստ անհամատեղելի են, անհամաչափ ու անարդար։
 
 
Մարդկանց աղետից փրկելն առաջնահերթություն դարձրած ու դա ֆինանսավորած, աշխարհում հենց դրանով հայտնի հային փորձում են դատապարտել ահաբեկչություն ֆինանսավորելու համար։  Ադրբեջանը Վարդանյանին մեղադրում է իր հայրենիքում առաջընթացի, մարդկանց զարգացման ծրագրեր ֆինանսավորելու համար՝ այն անվանելով ահաբեկչություն։ Իսկ դրան արձագանքները թույլ են, անհամաչափ նրա չարչարանքի համեմատությամբ։ 
 
 
Աշխարհը, աշխարհի հայերը, նրա տված բարիքից օգտվածները, նրա գործունեության պտուղները քաղած կամ տեսած հայտնիները՝ բոլորը պետք է ահազանգեն, դատապարտեն, ճնշեն ու չհանդուրժեն, որ հումանիզմի ջատագովը նման վերաբերմունքի արժանանա։ 
 
 
Բայց շատերը լուռ են, մարդասիրական կենտրոնները սակայն գրեթե, գրեթե չեն խոսում, չեն արձագանքում։ Այո, Ռուբեն Վարդանյանին մեղադրում են Արցախում ծավալած գործունեության, այնտեղ ունեցած ներդրումների, թափած ջանքերի համար, իսկ նրա իսկապես ֆինանսավորած, նրա նվիրումը վայելած մարդասիրական խմբերը, կազմակերպությունները չեն խոսում, չեն զարմանում, չեն աղմկում, որ հանուն հումանիստական արժեքների հնարավոր ամեն ինչ արած մարդուն ձերբակալել են ահաբեկչության ֆինանսավորման համար։ 
 
 
Միջազգային կազմակերպությունները, որոնք իրավապաշտպան համարվող,  իսկ իրականում սովորական որոշ խարդախների ձերբակալման ժամանակ կոչեր ու ուղերձներ են բերում բոլոր ատյաններից, քարտուղարներից ու հանձնակատարներից, ուղիղ հայտարարում, որ իրենց «գործակալին» անհիմն են դատում ու պահանջում նրանց ազատել, հիմա կամ լուռ են, կամ Բաքվին խնդրում են Վարդանյանին արդար դատել։ 
 
 
Բայց Ռուբեն Վարդանյանի ներդրումը հենց մարդկանց վրա, դրան չէ, որ արժանի էր։ Վարդանյանը իր վրա էր վերցրել աշխարհում ամենամեծ դեֆիցիտն ունեցող արժեքների պաշտպանությունը,  բայց աշխարհը նրան չի պաշտպանում, իսկ Հայաստանում շարունակում են նաև չգնահատել…