Հետևեք մեզ։

Նազելի Բաղդասարյանին մի օր երևի կներենք….

00:08, 30 սեպտեմբեր 2023
Նազելի Բաղդասարյանին մի օր երևի կներենք….
Նազելի Բաղդասարյանը չգիտեմ ինչ պատահականությամբ է իր վրա վերցրել Արցախի հայաթափման գործընթացի մամուլի պատասխանատուի բեռը, բայց դա նրա մոտ հետաքրքիր է ստացվում։ Նա ժամանակ առ ժամանակ ներկայացնում է Արցախից Հայաստանի Հանրապետություն բռնի տեղահանված հայերի թիվը, նրանց կեցավայրերով ապահովելու ընթացքը և այլն՝ միաժամանակ բացահայտելով բաներ, որոնք, դե ճիշտն ասած, վաղուց գիտեինք։
 
Նազելի Բաղդասարյանը քիչ է, թե իր ելույթներում Արցախն Արցախ չի անվանում, դեռ ավելին՝ պատահաբար այդ բառը հնչեցնելը համարում է այնպիսի սխալ, որի համար պետք է ներողություն խնդրել։ Նա մեր կորսված հողն այնպես կոչելն, ինչպես 30 տարի կոչել ենք, վրիպակ է համարում, դրա համար ներողություն խնդրում ու ուղղում «սխալը»։
 
Նազելի Բաղդասարյանին կներենք, բայց, իհարկե, ոչ թե Արցախն Արցախ անվանելու համար, ինչպես ինքն էր խնդրում, այլ հակառակի։ Եթե հարցը հենց Նազելի Բաղդասարյանին է վերաբերում, ապա մենք մի օր նրան կներենք, կներենք, որ մի օր հանկարծ սկսեց Արցախ բառն արտաբերելը սխալ համարել ու դրա համար ներողություն խնդրեց։
 
Իսկ նրան կներենք, որովհետև Արցախ բառն արտաբերելուց սարսափը նրա անձնականը չէր, նրան սարսափեցրել են, պատմել, թե ինչ կլինի, եթե պաշտոնական մակարդակում Արցախ անվանումն օգտագործվի։ Իսկ ի՞նչ կլինի։ Արցախն ինչպես էլ անվանես, Արցախի գլխին եկածը չի փոխվում՝ այն հանձնվել է թուրքին ու հայաթափվել, ուստի Արցախ բառը չօգտագործելն ընդամենը Ալիևի հերթական ցինիկ ու լկտի կամակորությունն է, որից Հայաստանը հեղինակազրկած նրա վարչապետը ահաբեկվել է ու իր խմբին հրահանգել այլևս չասել այդ բառը։ Ի դեպ, Արցախ բառից այս խմբի վախը տեսել ու արձանագրել էին նաև ադրբեջանական լրատվամիջոցները։
 
Նազելի Բաղդասարյանին ներել կարելի է նաև նրա համար, որ նա որքան էլ չարչարվեց հակառակի համար, ամեն դեպքում Արցախն Արցախ անվանեց, իսկ դա նշանակում է, որ Նազելիի լեզուն սովոր է հենց Արցախին ու նա շեֆին օգնելու համար է փոխել բառապաշարն ու վախեցած է նրա համար, դե մի քիչ էլ իր համար՝ ի՞նչ կլինի, եթե նա թքած ունենա  Նիկոլ Փաշինյանի անձնական վախերի վրա:
 
Իսկ ահա այս կնոջ թիմակիցներին չենք ներելու։ Չենք ներելու նրանց, ովքեր իրենց ցուցարար զգալով ու մոռանալով, որ պետության ղեկավարի խնդիրը ոչ թե ուժեղ երևալն է ու բղավելը, այլ նախ ուժեղ լինելը, մոռանալով, որ «Արցախը Հայաստան է և վերջ» արտահայտությունը մոլորվածներին խաբելու միջոց չէ ու իրեն հատուկ բղավոցով չի կարելի ասել, մոռանալով, որ այդ ու մյուս մտքերն ասողները իրենց նման չեն եղել, բարձրաձայն ասացին դա ու Արցախը դարձրեցին Ադրբեջան։ 
Սա ներելու բան չէ, ու չի էլ ներվի…