Հետևեք մեզ։

Մարտի դաշտում ընկած տղաների առաջ մեղքի մեծ բաժին ունենք, ինձ համար հայրենիքն առանց Արցախ կիսատ է․ Նազելի Բաղդասարյանը, բայց 2020-ին

00:47, 30 սեպտեմբեր 2023
Մարտի դաշտում ընկած տղաների առաջ մեղքի մեծ բաժին ունենք, ինձ համար հայրենիքն առանց Արցախ կիսատ է․ Նազելի Բաղդասարյանը, բայց 2020-ին
Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանն այսօր ներողություն է խնդրել Արցախ բառի համար։ Երբ սա պատմեցի վրացի գործընկերոջս, ճշտող հարց տվեց՝ ձե՞ր վարչապետի խոսնակը, նա կարծել էր, թե Ադրբեջանի։ Այս պատմությունը չշարունակեմ, պարզապես, ցավալի է, բայց արտառոց չէ, որ հերթական անգամ եմ ներկայացնում, թե մարդիկ, ովքեր Արցախն իրենց հայրենքին են համարել, որքան են հիմա գնահատում այն․ շատ պարզ հաշվարկ է՝ ուղիղ իրենց աշխատավարձի չափ։
 
44-օրյա պատերազմից օրեր անց, Նազելի  Բաղդասարյանի  ընկերուհիները ակտիվ մեկնաբանում և տարածում էին մի գրառում, երբ Նազելի Բաղդասարյանը ոչ միայն Արցախի համար ներողություն չէր խնդրում, այլ չէր պատրաստվում հաշտվել իրողության հետ։
 
Սա Նազելի Բաղդասարյանի գրառումն է ու այնքան լավ ապացույց է, որ շատ մեկնաբանել պետք չէ․ եթե ներողություն, ապա փաստորեն երջանիկ է հիմա Նազելի Բաղդասարյանը՝ իրողության հետ հաշտված է, բեռը թոթափել է, ընկած տղաների առաջ մեղքի բաժին չունի,  իր հայրենիքն էլ առանց Արցախ կիսատ չէ։ Նազելի Բաղդասարյանի՝ 2020 թվականի նոյեմբերի 21-ի գրառումն ամբողջությամբ ստորև․
 
 
«Ես չեմ պատրաստվում հաշտվել իրողության հետ։ Թվում է՝ մղձավանջ է, որն ավարտվել չի ուզում։ Երբ իմացա եղելությունը, կարծում էի, որ ծանր էին առաջին րոպեները, թթվածինը չէր հերիքում ու ինքնատիրապետումս կորցրել էի։ Բայց ժամ առ ժամ ծանրությունն ավելանում է։ Սա մի բեռ է, որ կյանքում թոթափել չի լինի։ Սրանով ապրել ու համակերպվել՝ ոչ, երբեք։
Ամեն րոպե ինձ հարց եմ տալիս, արել եմ արդյո՞ք ամեն բան, որ կանխվեր այն ինչ եղավ, ունա՞կ եմ անել ավելին։
Պարտավոր եմ։
Արցախի կորսված մասը վերականգնելու ենք։ Մենք մարտի դաշտում ընկած տղաների առաջ մեղքի մեծ բաժին ունենք։
Պատմության այս էջերը արյամբ է գրված։ Էս սոսկալի օրերի վիշտը պետք է կարողանանք վերածել ցասման՝ թշնամու դեմ։ Չպետք է ծնկենք, ոսոխը հաղթողի դափնին չի վայելելու։
Արցախի վերականգնումը պետք է դառնա համազգային նպատակ։ Ազգովի պետք է կուռ լինենք ու միաբան։
Պետք է ներդնել յուրաքանչյուր ռեսուրս՝ գիտական, ֆինանսական, ռազմական, դիվանագիտական, մարդկային, որ կարողանանք հետ բերել Արցախը։
Ինձ համար հայրենիքն առանց Արցախ կիսատ է»։