Հետևեք մեզ։

Եթե ինքն ու շեֆը ժամանակին հետևեին իր խորհրդին, հիմա ոչ ոք դրա կարիքը չէր ունենա

12:17, 30 սեպտեմբեր 2023
Եթե ինքն ու շեֆը ժամանակին հետևեին իր խորհրդին, հիմա ոչ ոք դրա կարիքը չէր ունենա

Անդրանիկ Քոչարյանը պատասխանելով «Առավոտ» օրաթերթի լրագրողի հարցերին, Երևանի կենտրոնից, ընդ որում` փողկապը կապած, հավանաբար, հերթական մանիպուլիացիայի վայր ժամանելու ընթացքում, խոսել է Արցախի մասին, ասել, որ Սամվել Շահրամանյանը չպետք է ստորագրեր Արցախի գոյությունը դադարեցնելու մասին հրամանագիրը։

 

Նրա կարծիքով Արցախի նախագահը դրանով զրկել է մեզ ու իրեն, ոչ ավել, ոչ պակաս՝ նաև իրեն, հենց Անդրանիկ Քոչարյանին, հետագայում Արցախ ունենալու հեռանկարից։

 

Դրանից հետո, Սպիտակի երկրաշարժի ժամանակներից կոնկրետ բաներով հայտնի Անդրանիկ Քոչարյանը, ով ի հեճուկս իր անցյալի ու ներկայի բազմաթիվ պատեհ առիթների, գոնե մի անգամ ինքնասպան չի եղել, խրոխտ ձայնով ասում է, որ եթե Շահրամանյանին զենքով հարկադրել են, ապա ինքը նրա փոխարեն կվերցներ զենքը ու հասկացնում՝ ինքնասպան կլիներ։ Անդրանիկ Քոչարյանը քիչ անց, դե, բացահայտում է, թե ամենաշատը ինչու է նեղսրտած, ու խոսում է Արցախի նախագահի ընտրությունից, փոխված իշխանությունից ու խոստանում քննիչ հանձնաժողովում պարզել ամեն ինչ։

 

Արցախի վերջին իրադարձությունների մասին դժվար է խոսել, մեղադրել կամ արդարացնել մի պարզ պատճառով. Արցախը միայնակ էր, բացարձակ միայնակ, 9 ամիս առանց հաց ու ջուր և այդպես միայնակ դիմադրում էր թուրքական բայրաքթարներին։ Սա մեզ համար ինչ-որ բան, այդ թվում՝ Արցախի նախագահի ստորագրած փաստաթուղթը կամ Արցախի հայաթափումը հիմնավորելու կամ արդարացնելու պատճառ չէ, դա ընդամենը պատճառ է չքննարկելու ու չքննադատելու մի բան, որի հակառակը չգիտես։ Մենք մեզ թույլ չենք տալիս նաև ինքնասպանությունների մասին խոսել, թեև վերջերս բոլորը սրճարաններում վճռում են, թե ով ու երբ պետք է ինքնասպան լիներ։ Սա, բայց, մեզ համար է չխոսելու պատճառ, իսկ ահա անդրանիկքոչարյանների համար այն հենց հակառակի՝ խոսելու պատճառ է, որքան էլ դա անազնիվ, անարդար ու մանիպուլյատիվ լինի։

 

Անդրանիկ Քոչարյանը, հասկանո՞ւմ եք, ով մասնիկն է մի իշխանության, որը բացահայտ հրաժարվել է ցեղասպանության ճանաչման հարցից, որը հրապարակային ու բացահայտ ողջ Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս, իրեն թույլ է տալիս ասել, որ Արցախ ունենալու հեռանկարը Շահրամանյանի հրամանագրով վերացավ։

 

Այս մարդը, փաստորեն, համարում է, որ Հայաստանը պետք է Արցախն Ադրբեջանի մաս ճանաչեր, բայց Արցախն Ադրբեջանի կազմում պետություն մնար: Ոչ, նա ամենևին այսպես չի կարծում, նա գոնե սպիտակ մազերի հաշվին հասկանում է, որ դա անհնար էր, որ ինչ-որ բանից հրաժարվելուց ու թղթով ուրիշին տալուց հետո չես կարող այն ունենալ, պահել, կառավարել կամ օգտագործել։

 

Բայց սա բնորոշ է Անդրանիկ Քոչարյանին, այս ամենն իմանալով մեղքը ուրիշի վզին փաթաթելը, իր հանցանքը՝ հանձնելը թողած, ուրիշի չպահելուց խոսելն Անդրանիկ Քոչարյանին բնորոշ է, սա է հենց Անդրանիկ Քոչարյանը։ Անդրանիկ Քոչարյանը նա է, ում հարազատ իշխանությունը զբաղվել է բանակի ելակով, իսկ ռազմական հարցերից ոչինչ չհասկացողներին կարգել բանակի պատասխանատուներ, ում շեֆը հպարտանում է, որ իր կինն է բանակի ոգին բարձրացրել, ում շեֆի կինն է Արցախում երեխաների թաղումների ֆոնին ֆեյսբուքում նոր ժպիտներ ցուցադրում, բայց ինքը Արցախը պահելու կամ Արցախ ունենալու հեռանկարից է խոսում ու ամեն ինչ շպրտում ուրիշի վրա: 

 

Հենց սա է Անդրանիկ Քոչարյանը, նա, այո, կարող է տեսնել, որ իրենք Արցախը միջազգային մասշտաբով, հրապարակայնորեն Ադրբեջանի մաս են ճանաչել, կարող է տեսնել, որ իրենք արգելել են արտաբերել Արցախ բառը, բայց իրեն թույլ տալ խոսել Արցախից, կամ մեղադրել ուրիշին ինչ-որ հեռանկարներ վերացնելու համար։ Այո, այս տեսակն է իրադարձություններին կողքից նայում, հետևում դրանց զարգացմանը, մենակ թողնում, թաքնվում, վախենում, ապա դուրս գալիս ու «պարզում ճիշտն ու սխալը»՝ դրանով բացահայտելով, որ իր դարդ ու ցավը ջրից չոր դուրս գալն է ու այն, որ ինքը պարզող, որոշող, հանձնաժողովի նախագահ երևա։ 

 

Այս տեսակն է ինքնասպանության կոչեր անում այնքան, որքան իրեն պետք է, նրանց մասին, ում ինքնասպանությունն իրեն պետք է, բայց ապրում նրանց կողքին, ովքեր չնայած ինքնասպան չեն եղել, բայց վաղուց մեռել են։ Այս տեսակն է այնքան չգիտեմ ինչ, որ նման ձևով խոսում է մի բանից, ինչի մեղավորն ինքն է, ինչ ինքն ամեն օր է անում, բայց չի ամաչում դրա համար ու ինքնասպան չի լինում…