Հետևեք մեզ։

Քանի դեռ գրիչները չեն դադարում գրելուց, պոեզիային ոչինչ չի սպառնա․ Մանուշակ Շիրինյան (լուսանկարներ)

20:04, 21 մարտ 2023
Քանի դեռ գրիչները չեն դադարում գրելուց, պոեզիային ոչինչ չի սպառնա․ Մանուշակ Շիրինյան (լուսանկարներ)

Մարտի 21-ը պոեզիայի միջազգային օրն է։ Օրվա առիթով Hayastan.news-ը զրուցել է ասմունքող, մշակութային գործիչ Մանուշակ Շիրինյանի հետ: 

 

- Տիկին Շիրինյան, տեղեկատվական տեխնոլոգիաներ, 21-րդ դար, նոր մարտահրավերներ և պոեզիա․ նոր տենդենցները չե՞ն խանգարում մշակույթին։

 

-Յուրաքանչյուր ժամանակաշրջան իր թելադրանքն ու մարտահրավերն ունի, և ես կարծում եմ, որ մարտահրավերներին զուգահեռ, ստեղծվում են նաև դրանց դիմակայողներ։ Տեսեք, երբ ստեղծվեց կինոն, հայտնի է՝ կարծիք տարածվեց, որ թատրոնը ստվերում կմնա, երբ ստեղծվեց հեռուստատեսությունը, ասպարեզ իջավ հաջորդ կարծիքը՝ ռադիոն կստվերվի։ Ես, որպես երկար տարիներ ռադիոյում աշխատած և ռադիոյին մոտ կանգնած մարդ, համոզված եմ և ժամանակն ինքն էլ ցույց տվեց, որ ռադիոն հավերժական է։ Հիմա պոեզիայի մասին․ քանի դեռ գրիչները չեն դադարում գրելուց, պոեզիան չի վերանալու։ Մարտահրավերներ միշտ լինելու են, սակայն, ի հակակշիռ դրանց, սերը պոեզիայի հանդեպ միշտ էլ լինելու է։ Քանի ստեղծվել են, ստեղծվում են (ի դեպ, ասեմ, որ ունենք ժամանակակից տարբեր սերնդի տաղանդաշատ բանաստեղծներ) ստեղծվելու են հրաշալի գործեր, պոեզիա երկրպագողներ միշտ էլ լինելու են․․․ Քանզի պոեզիան կյանք է, պոեզիան կամք է, հոգու տենչ է ու մտքի ճիչ, մարդուն մարդ պահելուն է միտված պոեզիան, և յուրաքանչյուր հոգու սպեղանի է։

 

-Ավելի առարկայական դարձնեմ․ մարդիկ հիմա ձգտում են հայտնի դառնալ կարճ ու հեշտ ճանաչման ճանապարհով, կարճ տեսանյութերով միլիոնավոր դիտումներ վաստակել, գումար աշխատել, հասարակությունն էլ զբաղված է՝ երկար նյութեր, տեսանյութեր չի նայում, սոցիալական ցանցերն են տեղեկատվության հիմնական աղբյուրը, այնտեղ են ժամանակ անցկացնում, զուգահեռ՝ Դուք ասում եք՝ պոեզիան միշտ լսվելու է, ինչպե՞ս։ 

 

-Իսկ ի՞նչն է խանգարում սոցիալական ցանցեր, տարբեր հարթակներ, տարբեր նորամուծություններ օգտագործել և ավելի լսելի ու հասանելի դարձնել պոեզիան։ Ես, չնայած նրան, որ բազմաթիվ անգամներ բեմ եմ բարձրացել, սակայն օգտվելով սոցիալական ցանցերի ընձեռած հնարավորություններից ևս, յուրաքանչյուր վայրկյան կապի մեջ եմ իմ ունկնդրի, արվեստի երկրպագուների հետ․․․ Գիտեք, պետք է ժամանակին համընթաց քայլել, պետք է տարբեր հարթակներ օգտագործել մարդկանց հետ կապի մեջ լինելու համար, և այն արվեստը, որը քոնն է, պահել հասարակության օրակարգում։ Ժամանակները փոխվել են, նախկինում այլ էր, հիմա դու հնարավորություն ունես քեզ լսելի դարձնել, երբ ասելիք ունես․․․ Դատելով իմ սոցիալական էջերում արված արձագանքներից՝ կարող եմ վստահաբար ասել, որ երբ լռում եմ, իմ արվեստի երկրպագուները խնդրում են, որ ես դադար չառնեմ և շարունակեմ խոսել պոեզիայի լեզվով։ Պոեզիան բացում է մարդկային հոգու դռները և մշտական բնակություն է հաստատում այնտեղ։ Իսկ հոգու դռներ բացող բանալին մեր ձեռքում է։ 


-Դուք բազմաթիվ անգամ մեծ բեմ եք բարձրացել, տարբեր միջոցառումներ, հատուկ հրավերներ, այցեր՝ կրթական օջախներ, այս ամենում ի՞նչ է պատկերվում՝ պոեզիան հետաքրքի՞ր է նոր սենդին, թե՞ տիկտոկյան հարթակն, օրինակ, ի վերջո, կսպառնա պոեզիային։ 

 

- Հարգելով յուրաքանչյուրի աշխատանքն ու նախասիրությունը, ասեմ հետևյալը՝ պոեզիային ոչինչ չի սպառնա․․․Հակառակը՝ անգամ պոեզիայի քաղց կա, վկան իմ երեկոներին պոեզիային կարոտ լեփ լեցուն դահլիճները․․․ Շատ անգամ ապշում ես, լսելով, թե ինչպես են երեխաները գրագետ ձևով դասականներ կարդում․․․ Ասեմ ավելին․ նկատե՞լ եք, որ շատ շատերն անգամ իրենց ապրումները, հույզերրը, տրամադրությունն ու սպասելիքները նախընտրում են արտահայտել գեղեցիկ պոեզիայի միջոցով։

 

-Հետաքրքիր է, Ձեր «ներկապնակը» բազմաժանր է․ դասականներից մինչև ժամանակակից գրողներ, դուք յուրաքանչյուրին առանձնահատուկ մոտեցում եք ցուցաբերում, իսկ կա՞ն գրողներ, գործեր, թեմաներ, որոնց հանդեպ Ձեր ներաշխարհն այլ ընկալում, մոտեցում ունի․ մենք դա չենք նկատում, Դուք պրոֆեսիոնալ մոտեցում եք ցուցաբերում յուրաքանչյուր գործի։ 


-Պետք է խոստովանեմ․ կա նման թեմա․․․Գուցե որպես կին, մայր, ոմանց թվում է, թե հենց այդ թեման կառանձնացնեմ, բայց ոչ․ ես միշտ սրտումս մի թրթիռ ավելի ունեմ հայրենասիրական գործերի նկատմամբ, այդ արարումներին ներսի մոտեցումս այլ է, ես այդ գործերը մի այլ զգացողությամբ եմ լսում․․․

 

-Ի՞նչ է պակասում պոեզիային և ի՞նչ պլաններ ունեք։

 

 - Բողոքի նոտաներ չեմ սիրում, պարզապես ցանկացած գործին պետք է գրագետ,պատասխանատու մոտեցում, մանավանդ ասմունքարվեստում, հակառակ դեպքում անորակ և թերի մոտեցմամբ՝ մատուցմամբ, կորակազրկի պոեզիան։ Ի՞նչ եմ անելու ես․ անկեղծ՝ պլաններիս, հետագա անելիքներիս մասին գերադասում եմ լռել, թողնում եմ, որ արված գործերս խոսեն։ Առհասարակ, պոետիկ զգացողություններով լի էությունը միշտ էլ ստեղծագործական շարժման մեջ է։ Պոեզիան քնել չի սիրում, դադարել ու լռել չի սիրում։ Հնարավորինս ամեն ինչ անում եմ, որպեսզի ասմունքարվեստի միջոցով ոչ միայն արթուն պահեմ մեր մեծերի գործերը,այլև այդպիսով կարողանամ նաև ապահովել ազգային և հոգևոր արժեքների շարունակականությունը։ Օգտվելով առիթից՝ ուզում եմ շնորհավորել բոլորիս այս գեղեցիկ տոնի առիթով։ Շնորհավորանքներս ու լավագույն բարեմաղթանքներս բոլոր նրանց, ովքեր այս կամ այն չափով առնչվում են պոեզիային։ Ուզում եմ ասել՝ քանի կա, հնչում է պոեզիան, մեր հոգու տիեզերքը ո՛չ ոք չի կարող թալանել․․․

 

Անի Ասատրյան

Վերլուծական