Ադրբեջանական կողմը հիմա էլ Գանձասարի վանքն է հռչակում ալբանական և մեղադրում հայկական կողմին այնտեղ վերանորոգման աշխատանքներ կատարելու մեջ։
Ադրբեջանի մշակույթի նախարարությանը կից մշակութային ժառանգության պահպանության, զարգացման և վերականգնման պետական ծառայությունը հայտնում է, թե «հուշարձանը վանդալիզմի է ենթարկվել հայերի կողմից։ Նրանք վերանորոգման-վերականգնողական աշխատանքներ է իրականացրել ճարտարապետական հուշարձանի վրա»,- ասված է ադրբեջանական կողմի տարածած տեղեկատվության մեջ։
Նշենք, որ Գանձասարը կառուցվել է Հասան Ա Ջալալյանի օրոք՝ ի փառք Սուրբ Երրորդության: Ըստ արձանագրության այն կառուցվել է Հասանի Ա-ի հոր՝ Վախթանգի, հայտնած վերջին ցանկությունը կյանքի կոչելու նպատակով:
Ըստ 9-10-րդ դարերից մեզ հասած արձանագրությունների պարզ է դառնում, որ 13-րդ դարում կառուցված Գանձասար վանական համալիրի տարածքում նախկինում եղել է հին եկեղեցի: Գանձասարի այդ եկեղեցին համարվել է քաղաքական և հոգևոր հավաքատեղի արցախահայության համար:
Այդ տարածքում ավելի հին եկեղեցու մասին են վկայում նաև համալիրի շրջակայքում սփռված խաչքարերի թվագրությունները՝ 1174թ.,1182թ.,1202թ. և այլն: Ամենայն հավանականությամբ նախկին եկեղեցին եղել է չափերով ավելի փոքր և ոչ այնքան շքեղ՝ չհամապատասխանելով Խաչենի մելիքության հզորությանը: Ուստի, որոշում է կայացվել այդ եկեղեցու տեղում կառուցել նոր համալիր: