Հետևեք մեզ։

Արայիկ Հարությունյանն այն եզակի մարդկանցից էր, որ կանխատեսում էր՝ վերջը սա է լինելու և առաջարկում էր կոմպրոմիս գտնել, իսկ Սամվել Շահրամանյանն այլընտրանք չուներ․ Արցախի ԱԺ պատգամավոր

21:38, 04 հոկտեմբեր 2023
Արայիկ Հարությունյանն այն եզակի մարդկանցից էր, որ կանխատեսում էր՝ վերջը սա է լինելու և առաջարկում էր կոմպրոմիս գտնել, իսկ Սամվել Շահրամանյանն այլընտրանք չուներ․ Արցախի ԱԺ պատգամավոր

Hayastan.news-ը զրուցել է Արցախի խորհրդարանի «Ազատ հայրենիք» ՔՄԴ խմբակցության պատգամավոր, Արայիկ Հարությունյանի թիմակից Արամ Հարությունյանի հետ։

 

-Պարո՛ն Հարությունյան, նախ՝ քանի օր է, որ Դուք Հայաստանում եք, ու ինչպե՞ս եք անցել Հակարիի կամուրջը, կարողացա՞ք առանց խնդիրների անցնել։

 

-Երկու օր է՝ այստեղ եմ։ Որևէ լուրջ խնդիր չի եղել, ստուգումներ է եղել, մեքենան են ստուգել ու բաց են թողել։

 

-Իսկ Ձեզ ճանաչեցի՞ն, գիտեի՞ն, թե ով եք։

 

-Չեն ճանաչել։ Հեռախոսով ստուգում էին, ես իմ նկարը իր հեռախոսի մեջ տեսա, բայց ինքը չճանաչեց ինձ։ Ու ոչ թե միայն իմ նկարը կար իրենց հեռախոսի մեջ, այլ շատերինը։ Մտածում եմ՝ երևի ինչ-որ պաշտոնյաների ցանկ ունեին, որովհետև մեր պատգամավորներից մարդիկ կային, որոնց նույն ձևի նկարները թերթելիս ճանաչել են ու ինչ-որ կարճատև հարցաքննության են հրավիրել։

 

-Իսկ Ձեզ հարցեր տվե՞լ են, ու ի՞նչ են հարցեր։

 

-Դե, հարցնում էին՝ որտե՞ղ ես բնակվում, ի՞նչ ես աշխատում, ո՞ւր ես գնում, ինչո՞ւ ես արտագաղթում, չե՞ք ուզում մեզ հետ ապրել։ Ես էլ ասել եմ՝ ոչ, չեմ ուզում, որովհետև անվտանգությունս երաշխավորված չէ։

 

-Իսկ Սարգիս Գալստյանի մասին ի՞նչ կասեք։ Տեղեկություն տարածվեց, որ Ադրբեջանը նրան Ստեփանակերտի պարետ է նշանակել։

 

-Մի քիչ հակասական է ինֆորմացիան, հստակ չեմ տիրապետում, ես էլ ունեի էդ ինֆորմացիան, որ իրեն ինչ-որ ժամանակավոր պատասխանատու են նշանակել, թե ինչ, սակայն հստակ չունեմ ինֆորմացիա։ Բայց ես ադրբեջանական մամուլում նկարներով տեսել եմ, թե ինչպես է էդ մարդը ադրբեջանական անձնագիր ստանում։ Նստած է ադրբեջանցիների հետ և անձնագիր է ստանում։

 

-Տարբեր մեկնաբանություններ եղան, որ հնարավոր է՝ Սարգիս Գալստյանը ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված գործակալ է եղել՝ ներդրված Արցախում։ Դուք ի՞նչ կասեք այս մասով։

 

-Չեմ կարող ասել, ես էդ մարդու հետ առանձնահատուկ շփում չեմ ունեցել, ուղղակի ճանաչում եմ։

 

-Ըստ Ձեզ՝ Արցախի անվտանգության ծառայությունները տեղյակ չէի՞ն լինի, որ այդպիսի մարդ կա ներդրված իրենց մեջ Ադրբեջանի կողմից։

 

-Եթե նման բան կա, չի էլ բացառվում, քիչ դեպքեր չունենք, որ մի քանի տարի մարդը հավաքագրված է եղել, հետո են հասկացել դրա մասին։ Բայց էլի եմ շեշտում՝ ես նման ինֆորմացիա չունեմ, էդ մարդուն էլ չեմ ճանաչում, չեմ կարող ասել՝ ինքը հավաքագրվա՞ծ է, թե՞ ոչ, կամ էս պահին պաշտոն զբաղեցնո՞ւմ է, թե՞ ոչ։

 

-Լավ, իսկ ի՞նչ եք մտածում, ո՞վ է այս ամենի թիվ մեկ մեղավորն ու պատասխանատուն, ո՞վ հանձնեց Արցախն, ի վերջո։

 

-Դա մի քիչ ժամանակ է պահանջում, որ այդ հարցերի պատասխանը տրվի։ Չեմ կարծում, որ սա մեկ անձ է կամ մեկ քաղաքական ուժ է և այլն։

 

-Արայիկ Հարությունյանը, իհարկե, հիմա գերության մեջ է, հուսանք՝ նա էլ, մյուս գերիներն էլ շուտափույթ կվերադառնան, բայց Արայիկ Հարությունյանն, ըստ Ձեզ, իր մեղքի և պատասխանատվության բաժինն ունի՞ այս ամենի մեջ։

 

-Գիտե՞ք, ես կարծում եմ՝ բոլորն էլ, կարող է, իրենց փայաբաժինն ունեն, բայց Արայիկ Հարությունյանը Արցախում այն եզակի մարդկանցից էր, որ ամեն օր կանխատեսում էր, որ վերջը սա է լինելու, ու առաջարկում էր փորձել կոմպրոմիսներ գտնել։ Եվ, բառացիորեն մի քանի անգամ Ազգային ժողովի նիստերում ասաց՝ ժողովուրդ, սրա վերջը լինելու է այն, որ մեր վրա հարձակվելու են, որևիցե մեկը մեզ չի աջակցելու, արտաքին աշխարհը լուռ է մնալու, և մեր մարդիկ ոտաբոբիկ թողնելու են իրենց տները, բերեք մի քիչ ադեկվատ լինենք, բերեք մի քիչ պրագմատիկ լինենք։ Եվ սա տարբեր շրջանակների հետ քննարկումներում էր ասվում ու նաև մի քանի անգամ Ազգային ժողովի բոլոր պատգամավորների հետ քննարկման ժամանակ։ Բայց մարդիկ դուրս էին գալիս նիստից և հարցազրույցներ տալիս՝ իբր Արայիկ Հարությունյանը խուճապ է առաջացնում, հնարավոր չէ նման զարգացում լինել, ռուս խաղաղապահներն էստեղ են, արտաքին աշխարհը երբեք չի հանդւորժի, որ Արցախի վրա հարձակվեն և այլն։ Եւ կարելի է, չգիտեմ, միգուցե նաև բնութագրել, որ գաղափարական դիվերսիա է եղել, և բնակչության մոտ էլ է որոշակի կարծիք ձևավորվել, որ պետք չէ ադրբեջանցիների հետ որևէ կոմպրոմիսի գնալ և այլն։ Սրա վառ ապացույցն է, որ Արայիկ Հարությունյանը մի քանի անգամ ասաց, որ այլընտրանք չի լինելու, պետք է փորձենք, օրինակ, բանակցությունների միջոցով Լաչինի միջանցքը ապաշրջափակել, դրա դիմաց, նույնիսկ եթե պետք է, Աղդամի ճանապարհը գործարկվի։ Բայց մարդիկ սա որպես կարմիր գիծ էին ներկայացնում, որպես դավաճանական քայլեր և այլն, տանում բլոկ-պոստեր էին շարում Աղդամի դիմաց և ասում, որ սա մեր պայքարի ձևն է և այլն։ Հետո վերջը տեսանք՝ ինչ եղավ։

 

-Դրա՞ համար ինքը հրաժարական տվեց ու հեռացավ նախագահի պաշտոնից։

 

-Կարծում եմ՝ դա էլ դեր ունեցավ, որովհետև ինքը բազմիցս ասել էր, որ ինքը չի կարող ուժով բացել միջանցքը, և հանրության հետ փորձում էր աշխատել, բացատրական աշխատանք տանել, բայց նաև կային բևեռներ, որոնք լրիվ այլ մտքեր էին գեներացնում և համոզում էին մարդկանց, որ հիմա մեզ կօգնեն, արտաքին աշխարհից ինչ-որ մեսիջներ էին տալիս։ Նույնիսկ, եթե հետ դառնանք, ապա Լիխտենշտեյնից պրինց պիտի գար, ինքնաթիռով հումանիտար օգնություն պիտի բերեր, ու ասում էին՝ էդ ֆոնին ո՞նց կարելի է Աղդամի ճանապարհ բացել և այլն։

 

-Կարծիքներ կան, որ Արայիկ Հարությունյանը, կանխազգալով այս ամեն ինչը, ժամանակից շուտ հրաժարական տվեց, որ իր պատասխանատվության վրա ու իր խղճին չմնար այս ամեն ինչը, ինքը չստորագրեր այդ կապիտուլյացիոն փաստաթուղթը։

 

-Ես միանշանակ համաձայն չեմ այդ կարծիքի հետ, որովհետև եթե հիշում եք, նույնիսկ մարդիկ մեղադրում էին Արայիկ Հարությունյանին, որ նա խաբեց, հրաժարական չտվեց, պետք է իր խոսքը պահի և այլն։ Այսինքն, եթե նման խնդիր լիներ իր առջև դրած, էն գլխից կտար, էլի, էդ հրաժարականը։ Բայց կարծում եմ՝ որոշ ուժեր ուղղակի այլընտրանք չթողեցին նրան։ Սկզբունքորեն Սամվել Շահրամանյանը էս առումով բավականին կառուցողական դիրք գրավեց, որովհետև նա միանգամից և՛ Աղդամի ճանապարհը բացեց, և՛ այլ քայլերի դիմեց, այսինքն՝ էն, ինչ փորձում էինք անել, բայց որոշ ուժեր գեներացնում էին, որ դա Արցախի վերջն է, կարմիր գիծ է և այլն, բայց էդ նույն ուժերը անձի փոփոխության ժամանակ հետ քաշվեցին, և էդ կարմիր գծերը կանաչեցին։ Դրա համար, միգուցե նաև Արայիկ Հարությունյանի հաշվարկում այն կար, որ եթե խնդիրը իր անձի մեջ է, նա պատրաստ է այդ փոփոխությունն անել, միայն թե էսպես չսրվեր ու չբերեինք հասցնեինք էս վիճակին։

 

-Իսկ Սամվել Շահրամանյանը մեղավո՞ր է, ինքը կարո՞ղ էր խուսափել այդ թուղթը ստորագրելուց։

 

-Ես այդ կարծիքին չեմ, որովհետև այլընտրանք չուներ Սամվել Շահրամանյանը, այդ պահին նա ընտրում էր՝ մարդկանց կյանքե՞րը փրկել, թե՞ այդ ծանր որոշումը կայացներ։ Այնպես չէ, որ Սամվել Շահրամանյանը չէր պատկերացնում՝ որքան ծանր էր այդ որոշումը։ Բայց այլընտրանքը եղել է շատ ավելի սարսափելի։

 

 

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ