Հետևեք մեզ։

Եթե խաղի մեջ մտնեն մեծ խաղացողներ ԱՄՆ-ն, Իրանը և այլն, դա խոստանում է ավելի երկարաժամկետ, ավելի մեծ մասշտաբի գործողություններ․ Ռուբեն Մելքոնյանը՝ իսրայելապաղեստինյան հակամարտության մասին

18:36, 07 հոկտեմբեր 2023
Եթե խաղի մեջ մտնեն մեծ խաղացողներ ԱՄՆ-ն, Իրանը և այլն, դա խոստանում է ավելի երկարաժամկետ, ավելի մեծ մասշտաբի գործողություններ․ Ռուբեն Մելքոնյանը՝ իսրայելապաղեստինյան հակամարտության մասին

Արաբ-իսրայելական կամ իսրայելա-պաղեստինյան պատերազմն, ըստ էության, չի էլ դադարել, այն պերմանենտ շարունակվում է, ուղղակի արձանագրվում է տարատեսակ ժամկետներով հրադադարներով: Այսինքն՝ սա հակամարտության թեժ կետ է, որը ամեն պահի կարող էր բոցավառվել, և հիմա դրա դրսևորումներից մեկն է:

Խոսելով այսօր մեկնարկած իսրայելա-պաղեստինյան լայնածավալ պատերազմի մասին՝ Hayastan.news-ի հետ զրույցում ասաց արևելագետ Ռուբեն Մելքոնյանը:

Նրա խոսքով՝ Արցախի հարցը, ըստ էության, այն կարմիր գիծն էր կամ այն Օվերտոնի պատուհանն էր, որը բացեց աշխարհում չլուծված տարբեր հակամարտությունների՝ ուժային մեթոդներով, ցեղասպանական տարբեր գործողություններով լուծելու հավանականությունը, ընդ որում՝ քաղաքակիրթ աշխարհի լուռ կամ հերթապահ հայտարարությունների լույսի ներքո:

 

«Եթե այս նույն ինտենսիվությամբ շարունակվի պատերազմը, ես ենթադրում եմ, որ կարող է աշխարհագրական ավելի լայն տարածքներ ներգրավի: Ակնհայտ է, որ Իսրայելն ունի ներուժ ավելի կոշտ հակազդեցության, ակնհայտ է, որ ունի դաշնակցային հարաբերություններ աշխարհի գերտերության հետ (ԱՄՆ-ն նկատի ունի-խմբ.), որը, ենթադրում եմ, որ շատ ակտիվ իր դաշնակցային պարտավորությունները կարող է ի կատար ածել: Ակնհայտ է, որ այս կոնֆլիկտում կան ուղիղ և անուղղակի ներգրավված երկրներ, արդեն իսկ իսրայելցի պաշտոնյաներն ուղիղ մեղադրում են Իրանին՝ այս ամենում ներգրավված լինելու մեջ: Եւ այս ամենը թույլ է տալիս ենթադրել, որ չկասեցնելու դեպքում սա կարող է վերածվել ավելի լայնամասշտաբ, ասիմետրիկ հարվածներ ենթադրող և տարածաշրջանի այլ երկներ կամ այլ տարածքներ ներգրավող ռազմական գործողությունների»,-ասաց Ռուբեն Մելքոնյանը:

 

Դիտարկմանը, թե Իրանն արդեն հայտարարել է, որ աջակցում է պաղեստինյան հրդթիռային հարվածներին և կկանգնի պաղեստինցի մարտիկների կողքին, հնարավո՞ր է՝  այս ամենը, ի վերջո, վերաճի ավելի գլոբալ, ընդհուպ՝ համաշխարհային պատերազմի, Մելքոնյանն ասաց. «Ես կարծում եմ՝ աշխարհն արդեն համաշխարհային պատերազմի մեջ է, ուղղակի 21-րդ դարի օրենքներով: Ուկրաինայում է պատերազմ, Սիրիայում է պատերազմ, Հարավային Կովկասում էր պատերազմ, ամենուր պատերազմ է: Այնտեղ, որտեղ համաշխարհային պատերազմները տեղի են ունեցել, ավանդաբար, ըստ էության, այդ տարածաշրջաններում այսօր ակտիվ կամ ոչ ակտիվ ռազմական գործողություններ են ընթանում: Եվ կարող է, այո, այս ամենը վերածվել ավելի լայնամասշտաբ բախման, և այս պարագայում է, որ Ադրբեջանի ու Իսրայելի յուրահատուկ հարաբերությունները, Ադրբեջանի և Իրանի միջև երբեմն առկա սառնությունն ու փոխադարձ մեղադրանքները կարող են շատ ավելի տեսանելի դրսևորումներ ունենալ կոնկրետ գործողությունների տեսքով»:

 

Հարցին՝ այս ամենի ավարտը ինչպե՞ս է լինելու, ինչպե՞ս է որոշվելու, թե ով է հաղթողը, Պաղեստինը պետք է գրավի Երուսաղեմը և կապիտուլյացիայի՞ ենթարկի, որ համարվի հաղթած, կամ Իսրայելը պետք է ոչնչացնի ամբողջ Պաղեստինը, թե՞ այլ տարբերակ էլ կա, Մելքոնյանն ասաց․

 

«Տեսեք, այս տարածաշրջանում վերջնական հաղթանակներ դժվար է արձանագրել, ընդ որում՝  երկարաժամկետ: Երկրորդ, եկեք չմոռանանք, որ Իսրայելն իրոք բավականին լուրջ ներուժ ունի, և վստահ եմ, որ շուտով դրա դրսևորումները կերևան: Ինչ վերաբերում է վերջնական լուծմանը, չեմ կարծում, որ որևէ կողմի կապիտուլյացիան արձանագրվի, որովհետև, եթե խաղի մեջ մտնեն մեծ խաղացողներ, ինչպիսին են ԱՄՆ-ն, Իրանը և այլն, դա նախ խոստանում է ավելի երկարաժամկետ, ավելի մեծ մասշտաբի գործողություններ և ավելի ողբերգական հետևանքներով: Այնպես որ, հիմա խոսել նրանից, թե ով կհաղթի, և դա ինչ է նշանակում՝ Երուսաղեմի գրավո՞ւմ, թե՞ այլ բան, դժվար է ասել: Ենթադրում եմ, որ սա այն կոնֆլիկտներից է, որ վերջնական հանգուցալուծում չեն ունենում, որովհետև Արևելքի հազարամյա պատմությունը ցույց է տվել, որ այստեղ պատերազմները չեն ավարտվում»:

 

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ