Հետևեք մեզ։

Աշխարհաքաղաքական շահերի անբարոյականությունը

16:23, 13 սեպտեմբեր 2024
Աշխարհաքաղաքական շահերի անբարոյականությունը

Թեև շահ բառն արդեն իսկ վատ է հնչում և ի սկզբանե անկեղծության պակասի ու ուրիշինը դեպի քեզ քաշելու տպավորություն ստեղծում, բայց բոլորս հաշտ ենք մտքի հետ, որ աշխարհում իրական բարեկամություն չկա, կան միայն շահեր: Բայց շահերն ու բացառապես դրանցով առաջնորդվելը, հավանաբար, սահմաններ պետք է ունենան, մի բան, որն աշխարհում իսպառ վերացել է՝ իր հետ վերացնելով բարեկամությունը: Ի՞նչ ասես, եթե պատերազմող պետությունները պատերազմական հանցագործությունները կանխելու և դադարեցնելու համար ստեղծված հարյուրավոր միջազգային կառույցների ու այլ բազմազան կազմակերպությունների աչքի առաջ դպրոցներ ու հիվանդանոցներ են պայթեցնում: Ի՞նչ ասես, եթե դպրոցը պայթեցնողի հետ շահեր ունեցող ազդեցիկ պետություններն ու կազմակերպություններն այդ օրը զարմանալիորեն կույր են, կամ բացահայտ անբարո եղանակով կարող են մեղքը բարդել այն կողմի վրա, որի հիվանդանոցը պայթեցրել են: Երբ շահերը վերացրել են մարդուն ու նրա խիղճը, ոչինչ էլ ասելու չէ:


Այսպիսի շահերի արանքում է հայտնվել նաև Հայաստանը, ընդ որում՝ վաղուց: Ռուսական շահերն ու դրանք սպասարկելիս հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունը ոչնչացնելու ռուսական գործընթացը վերջին օրերին ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում է: Ինչպես գրում է համաշխարհային մամուլը՝ ռուս-իրանական հարաբերությունները խիստ լարվել են Սյունիքով  «Զանգեզուրի միջանցքի» ռուսական ծրագրի բացահայտման պատճառով: Չնայած սրվել են Իրանի և Ռուսաստանի հարաբերությունները, ու տպավորություն է, որ Հայաստանում տեղյակ էլ չեն, որ դրա պատճառը Հայաստանի Սյունիքն է, ավելին, չգիտես ինչու, փոքր-ինչ լավացել են հայ-ռուսական հարաբերությունները, բայց սրված հարաբերությունների իսկական պատճառը ռուսական անազնիվ և անբարո քաղաքականությունն է հենց Հայաստանի հանդեպ:


Պուտինի՝ Բաքու կատարած այցից առաջ արդեն բավականին պարզ էր, որ Հայաստանի ու Արցախի ճակատագրի վերաբերյալ ռուսական մոտեցումներն այն չեն, ինչ հնչում է հրապարակային: Թեև ռուսները Հայաստանի իշխանություններին բացեիբաց մեղադրում էին ու մեղադրում են Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելու և այդպիսով քաղաքական ու դիվանագիտական խաղերի տեղ չտալու մեջ, բայց պարզից պարզ էր, որ իրականում դա հենց ռուսների սրտով էր: Ավելի ճիշտ՝ այստեղ էլ կեղծավոր ու անբարո բան կա: Ռուսների սրտով էր Արցախն Ադրբեջանի կազմում հայտնվելը, բայց դա հենց հիմա անելը, այդպիսով ռուսական զորքը Արցախից հեռացնելու հարցի առաջ կանգնացնելն ու տարածաշրջանում ռուսական վերահսկողությունը գրեթե վերացնելը նրանց սրտով չէր: Ղարաբաղի հարցում ստատուս քվոն ձեռնտու էր միայն ռուսական կողմին՝ տարածաշրջանում հարցեր լուծողի իմիտացիան պահպանելու, սահմանին փոխադարձ կրակոցներ կազմակերպելով բոլորին իր բռի մեջ պահելու համար: Իսկ այն, որ Արցախը հայկական հող է, իսկ Արցախի եկեղեցիները հայկական են, Ռուսաստանին մեղմ ասած չի հետաքրքրում, հատկապես որ ռուսական եկեղեցին իր հերթին միացել է Արցախը ադրբեջանական դարձնելու մարմնավաճառական գործընթացին:


Հետևաբար, հոգեցունց ցավակցական ելույթները ոչ միայն արդեն ի զորու չեն մեզ համոզելու, որ հայ-ռուսական բարեկամությունը լավ բան էր ընդհանրապես, այլ նաև պարզից պարզ է, որ դրանք ընդամենը Հայաստանի իշխանությունների դեմ օգտագործվող մանր-մունր հնարքներ են: Ու այդպիսի տխուր ելույթների փոխարեն ռուսական կողմը կարող էր գոնե մեկ անգամ արդեն բացատրած լինել, թե ինչու են արդիականացրել  «Զանգեզուրի միջանցքի» գաղափարը, եթե դրանից Ադրբեջանը կարծես հրաժարվել էր գոնե հրապարակային մակարդակում՝ հայտարարելով, որ դրան այլընտրանք կա Իրանի տարածքով: Դժվար չէ, երևի, բացատրել, թե ինչ հրաշքի արդյունքում, ռուսներն, ովքեր Նիկոլ Փաշինյանին հրապարակավ մեղադրում են Արցախն Ադրբեջանին տալու մեջ, մի օր որոշեցին խոսել արդեն Հայաստանի մի կտորը Ադրբեջանին տալու մասին:


Ռուսներն, իհարկե, չեն պատասխանի այս հարցին ու չեն պատասխանի այն պարզ պատճառով, որ այդ հարցի պատասխանը մեկն է: Ռուսական կողմն ընդամենը փորձում է պահպանել ազդեցությունը տարածաշրջանում՝ գոնե մի քանի կիլոմետրանոց ճանապարհի նկատմամբ վերահսկողության միջոցով, դրանով թուլացնելով այլ՝ այդ թվում իրանական ազդեցությունները: Եվ այդ նպատակով, Ռուսաստանի Դաշնությունը բոլորից ավելի շահագրգիռ է Սյունիքով Ադրբեջանին միջանցք տալու հարցում՝ այդ միջանցքը վերահսկելու համար: Այո, հենց այդպես է՝ «Զանգեզուրի միջանցք» կոչվածի միակ շահառուն Ռուսաստանն է, որը թքած ունի և հայերի և Հայաստանի վրա ու հանուն հերթական ծավալապաշտական ծրագրերի, պատրաստ է այն մասնատել: Ինչպես բոլոր անբարոյական բաների դեպքում է պատահում, այդ մասնատումը տեղի չի ունենա միայն և միայն հերթական շահի դեպքում՝ երբ ռուսները հասկանան, որ իրանական հակազդեցությունը բացասական հետևանքներ կունենա:


Բայց չմոռանանք, որ մեր ասելիքը ոչ թե քաղաքականության, այլ բարոյականության, իսկ ավելի ճիշտ՝ դրա հակառակի մասին է ու էլի անօգուտ հարց տանք. ի՞նչ պետք է անել, երբ ռուս դիվանագետները հայտարարում են, որ եվրոպացի դիտորդները հետախուզական տվյալներ են հավաքում և դա թույլ չտալու համար Հայաստանում պարեկություն, կամ ճանապարհնների անվտանգության ապահովում պետք է իրականացնեն ռուս «կագեբեշնիկները»:


Անելանելի վիճակի պատճառով մանկամտության հասած ելույթների վրա ծիծաղն ավարտելուց հետո ընդամենը պետք է հիշենք, որ հայտնվել ենք անբարո շահերի մրցավազքի կենտրոնում, որտեղ, ի հեճուկս, պրոեվրոպական և պրոռուսական ուժերի պնդումների՝ բարեկամներ չկան, կան շահեր ու այդ շահերն իրացնելու համար դրսևորվող անբարոյականություններ, որոնց դեմ միակ միջոցը ազգային շահի գիտակցումն է, պառակտված ու իրենից բացի բոլորին հայհոյող հասարակության բուժումն ու որպես ազգ կործանման եզրից մի քայլ գոնե հետ գալը...