Հետևեք մեզ։

Աշխարհաքաղաքական շահերը, ներքին հոգսերն ու հեծանիվը

08:29, 16 սեպտեմբեր 2024
Աշխարհաքաղաքական շահերը, ներքին հոգսերն ու հեծանիվը

Նիկոլ Փաշինյանն այդպես էլ չկարողացավ տարբերել կարևորն անկարևորից, շատ կարևորը պակաս կարևորից, առավել ևս՝ զբաղվել դրանցից առաջիններով։ Նա այդպես էլ չկարողանում խնդիրները լուծելու պահանջ դնել ու արդյունք պահանջել և շարունակում է կառավարության նիստերին անեկդոտ պատմել կամ անզուսպ ու էթիկապես տգեղ ծիծաղել հենց այն պահերին, երբ պետք է իր հանձնարարածը չանելու համար խայտառակեր կոնկրետ մարդկանց։ Փաշինյանը շարունակում է յուր նախարարներին տասնյակ րոպեներ տևող ճառերով բացատրել պարզունակ ու բացատրելու ոչ արժանի բաներ, անձամբ զբաղվել, ասենք, երրորդ օղակի ինժեների զբաղվելիք հարցերով, կառավարության նիստը նվիրել դռան բռնակին ու դրանք ներկայացնել որպես բացահայտում, ձեռքբերում, կարևոր առաջընթաց։

 

Հենց այս նույն տրամաբանությամբ, պարտությունից ու ցավից կռացած, շարունակվող հարվածներից մեջքն ուղղել չկարողացող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը արդեն երկար ժամանակ է, լույսը բացվելուն պես, ավետում է, թե հերթական անգամ քանի կիլոմետր է հեծանիվ վարել։ Հեծանիվ վարելն, իհարկե, լավ է, դրա մշակույթը ձևավորելն ու առողջ ապրելակերպը խրախուսելն՝ առավել ևս։ Բայց երկրի ղեկավարի կողմից դա բանուգործ սարքելը լավ չէ, հատկապես, երբ երկրիդ առաջ արտաքին անվտանգային հարցեր, ներքին այդպես էլ չլուծվող խնդիրներ կան, որոնց չարձագանքելու պայմաններում պարտաճանաչ հեծանիվ վարելը ճշմարիտ տպավորություն է թողնում, որ զբաղմունքդ միայն ու միայն դա է։

 

Մենք արդեն գրել ենք Սյունիքին սպառնացող «Զանգեզուրի միջանցք» կոչվող օկուպացիոն ծրագրի հերթական ակտիվացման մասին։ Ռուսաստանի Դաշնությունը բացահայտել է, որ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների ու Արցախի մասին իր հրապարակային դիրքորոշումները եղել են ու կան դատարակաբանություններ և որ իրական նպատակը այդ հարաբերությունները սրված պահելն ու իրեն անհրաժեշտ պահին հակամարտող կողմերից մեկի վրա դրանով ճնշում գործադրելն է։ Ռուսաստանը բացահայտել է, որ ամեն գնով չի հրաժարվելու տարածաշրջանում ներկայությունը պահպանելու ձգտումից ու դա անելու է «միջանցքի» անվտանգությունն ապահովելու մանդատի միջոցով, քանի որ Արցախի անվտանգությունն ապահովելու կապիկությունը հաջողություն չունեցավ։

 

Այս հարցում իրանական դիրքորոշումը մեր օգտին է, բայց մեր օգտին է ընդամենը պատահականորեն։ Իրանը ոչ թե ցանկություն ունի օգնել բարեկամ Հայաստանին, այլ ընդամենը բախտներս բերել է, որ միջանցքի անվան տակ Հայաստանը երկու մասի կիսելն ու դրա փոխարեն Ադրբեջանի երկու մասերն իրար կպցնելը Իրանին ձեռնտու չէ։ Ընդ որում՝ Սյունիքով ադրբեջանական միջանցք գցել-չգցելու հարցն այնքան կարևոր է Իրանի ու Ռուսաստանի համար, որ նրանք մի կողմ թողած ընդգծված լավ հարաբերությունները, բավականին ինտենսիվ դիվանագիտական հրաձգություն սկսեցին, և արդեն որքան ժամանակ է՝ Իրանի տարբեր մակարդակի պաշտոնյաները բավականին կոպիտ են արտահայտվում միջանցքաստեղծ ռուսական քաղաքականության մասին։

 

Կդառնա՞ իրականություն այդ ծրագիրը, թե՞ ոչ, այլ ցավ է։ Բայց պակաս ցավ չէ, որ այդ ծրագրի մասին հրապարակային հայտարարություններին Հայատանն ու նրա ղեկավարը չեն մասնակցում։ «Զանգեզուրի միջանցքի» գաղափարի առիթով իրանական ագրեսիվ նախազգուշացումների ֆոնին Հայաստանի իշխանություններից թեմային վերաբերող շշուկ գոնե չենք լսել։ Պետական գերատեսչությունները՝ ԱԳՆ-ն, ԱԱԾ-ն, ՊՆ-ն ու մյուսները, որոնք պատրաստ են օրական մի քանի անգամ թախանձագին հայտարարություններ անել ադրբեջանական կեղծ ու սուտ հայտարարությունների ֆոնին, գոնե ծպտուն չհանեցին՝ թե, ի վերջո, ո՞ւմ տարածքի վերաբերյալ եք վիճում, ո՞ւմ տարածքն եք սակարկում, ո՞վ է սակարկում և ինչո՞ւ։

 

Ամոթ է, հասկանո՞ւմ եք, երբ քեզ պատկանողը քեզնից վերցնելու, կամ դրա գլխին ինչ-որ բան շուռ տալու հնարավորության ու անհնարինության մասին խոսում են երկուսը, ու այդ երկուսից մեկը դու չես։ Տղամարդկային չգոյություն է, երբ երկու հարևաններդ հրապարակային վիճում են քո ննջարանով ճանապարհ բացելու կամ չբացելու մասին ու դա անում են առանց քեզ, առանց քեզ վկայակոչելու, առանց քեզ հիշելու կամ նույնիսկ՝ տպավորություն թողնելու, թե գոյություն ունես։ Սյունքով թուրքին ճանապարհ տալու մասին ռուս-իրանական «խոսակցության» մեջ ակնարկ չկա նույնիսկ այն մասին, որ ճանապարհ բացելու դեպքում մեզ գոնե այդ ճանապարհի հատվածն ազատելու առաջարկ են անելու։ Այդ խոսակցության մեջ Հայաստանն ու հայերը որպես գործոն, բացարձակ չկան։

 

Հարցեր առաջանում են գիտե՞ք, թե ուր է Մարգարիտա Սիմոնյանի և Մարիա Զախարովայի հետ ցածր ու կանացի տուրուդմբոցի բռնված Ալեն Սիմոնյանն ու ինչու նույն՝ դիվանագիտությունից հեռու այն հայտարարություներից չի անում ու «տեղը դնում» առանց մեզ Սյունիքը բաժանող ու չբաժանող կողմերին։ Հեգնանք է, բացահայտ հեգնանք սեփական ժողովրդի հանդեպ, երբ երեկոյան մամուլը պայթեցրած ռուսական հավակնություններից ու դրանց ի պատասխան իրանական ագրեսիվ նախազգուշացումներից հետո առավոտյան հայտնում ես հեծանվավազքի սեփական ռեկորդդ գերազանցելու «բարի լուրը»։

 

Ի դեպ, մի հարց էլ կա։ Հեծանիվ վարելիս առիթ չի՞ լինում, արդյոք, տեսնել կիսատ-պռատ ասֆալտապատած ճանապարհները, հիշել ասֆալտապատման տենդերներով թալանի մասին հին ելույթներից մեկը, հասնել աշխատասենյակ ու Տիգրան Ավինյանից պատասխան պահանջել։ Հասկացանք, որ հեծանիվը խանգարում է համաշխարհային քաղաքականությանը խառնվել, բայց գոնե օգնում է, չէ՞, տեսնել ամբողջությամբ քանդած ու կիսատ ասֆալտապատած ճանապարհը։ Գոնե հանուն փառավոր հեծանիվի, հարց չի՞ առաջանում արդյոք, թե ինչպես է լինում, որ հին ասֆալտը հեռացվելուց հետո դրա միայն մի մասն է պատվում նոր ասֆալտով, իսկ մյուս՝ չասֆալտապատված մասը դառնում է խցանումների ու ճանապարհի այդ հատվածի ասֆալտը լափած կոնկրետ մարդկանց ծնողների հիշատակման վայր։

 

Ի դեպ, ասեմ, որ հորդառատ անձրևների պատճառով առաջացած լճակները հեծանվորդների համար ավելի վտանգավոր են, քան վարորդների, հետևաբար, արժե մեկ անգամ բաց թողնել հերթական զբոսանքն ու դրա փոխարեն պատասխան ստանալ, թեկուզ կառավարության նիստում մանրամասն պատմել, թե ինչպես պետք է փռել  ասֆալտը․․․