Գիտեմ, որ այս վերնագիրը շատերին դուր չի գա, բայց այդ տհաճությունը շուտով կանհետանա մի այլ՝ շատ ավելի ճշմարիտ ու մտահոգիչ տհաճության տակ։ Ես անկեղծորեն համոզված եմ, որ մեր ազգային նկարագիրն ամենևին այն չէ, ինչ գրված է վերևում, այն չէ, ինչով մեր հասարակությունը հաճախ դրսևորվում է, ու մենք իրականում այլ շնորհներ ունենք, որոնցով կարող ենք ճանաչված լինել աշխարհում։ Իսկ թե ինչու ենք հաճախ ուղղակի փողոցային անշնորհքություններով աչքի ընկնում, խորքային խնդիր է։ Բայց մինչ այդ պարզենք, թե ինչու ենք ի դեմ դրա՝ որպես նկարագրի, այն էլ՝ ազգային նկարագրի մասին խոսում։ Դա հիմնավորել կարելի է բազմաթիվ կողմերից, բայց եկեք մի պահ ինքներս մեզ նայենք առաջին անգամ մեր ստեղծած միջավայրում հայտնվող ու մեզ որպես ազգ ճանաչող մարդու աչքերով։
Հայաստան այցելած յուրաքանչյուր զբոսաշրջիկի համար կարևորն իր անվտանգությունն է, անդորրը, ապահովության զգացումն ու հնարավորությունը՝ վայելելու այն, ինչի համար ընտրել է հենց Հայաստանը։ Բայց նա, եթե անգամ հաջողություն է ունեցել Հայաստան հասնել ոչ թե ինքնաթիռի տարբեր շարքերից համակեցության հնարավոր բոլոր կանոնները խախտելով իրենց հանգստի մանրամասները միմյանց պատմող մեր հայրենակցուհիների ուղեկցությամբ, այլ ավելի հանգիստ պայմաններում, կամ գոնե բախտ է ունեցել չհասկանալու խոսակցության լեզուն, ապա հիասթափությունը նրան սպասում է օդանավակայանում։
Ցավոք, օդանավակայանում նրան սպասում է ոչ թե զուտ հիասթափությունը, այլ առանց որևէ բացառության, միշտ սև սպորտային հագուկապով ու միշտ կիսասափրված տաքսիստը, ով թեև գռդոնի արդեն տասնյակ տարվա ընթացքում չի կարողացել յուրացնել նվազագույն շփման համար անհրաժեշտ երկու անգլերեն բառերը, բայց զոռբայությամբ ու օգտվելով դիմացինի՝ հազարերորդ անգամ «ոչ» ասելու ամոթից, նրան բառացիորեն քարշ է տալու դեպի վարորդից մի քիչ ավելի վաղ ջրի երես տեսած ֆուրգոն «Օպելը»։ Ազգին օր առաջ խայտառակելու պլանը մինչև վերջ հաջողելու դեպքում նա Հայաստանն ընտրած մեր օտարերկրյա բարեկամին թալանելու է առաջին իսկ օրը:
Վստահ եմ՝ բոլորդ սա կամ տեսել եք, կամ այս մասին լսել, վստահ եմ՝ վերնագրից ավելի տհաճ է, որ նաև քեզ՝ որպես հայի ներկայացնող մեկը, աչքիդ առաջ առաջին անգամ Հայաստան ոտք դրած մարդու աչքին գրողի ծոցն են ուղարկում և՛ Հայաստանը, և՛ հային։
Ի՞նչ կտեսնի մեր հյուրը արդեն Երևանում։ նա այստեղ էլ գեղեցիկ վայրերի հետ մեկտեղ կտեսնի նաև այն, ինչ բոլորս տեսնում ու լսում ենք ամեն օր։ Ինձ միշտ շատ է հետաքրքրել, թե ինչ հաճույք կարող է լինել, օրինակ, առավոտ կանուխ սեփական թմբկաթաղանթները ջարդող բարձրությամբ հարսանեկան երաժշտություն լսելու, առավել ևս՝ ամբողջ փողոցի բնակչությանն ու երթևեկության բոլոր մասնակիցներին դա լսել տալու մեջ։ Կամ՝ ի՞նչ է, ի վերջո, ուզում ասել կամ ցույց տալ գիշերային ժամերին հատուկ խլացուցիչների միջոցով պայթյունի անտանելի ձայներով ավտոմեքենա վարողը։ Օրենքի, համակեցության, հարգանքի, բարոյականության նորմերի խախտումների շարքը կարելի է շատ երկար թվարկել: Բայց սրանք ասելիքդ պարզունակ դարձնող մանր-մունր ու խուլիգանական արարքներ են, որոնք մանրամասնելու կարիք չկա: Սրանց խորքում ընկած պատճառներն ահա, այդքան ոչ միայն մանր չեն, այլ վկայությունն են օր օրի մեծացող ազգային հոգեբանական դեֆեկտի։
Հայ հասարակության մեջ մեծ տեմպերով վերանում է հարգանքը ուրիշի, ուղղակի օտար ուրիշի հանդեպ, հասարակությունը կորցնում է սեփական անմիտ ու անլուրջ վարքագծի զսպվածությունը՝ հանուն դիմացինի հանդեպ հարգանքի կամ գոնե նրանից ունեցած ամոթի։ Հասկանո՞ւմ եք, խնդիրն այն պարզունակ իրողությունը չէ, որ մարդիկ ինքնաթիռում ցածր խոսելու դաստիարակություն չունեն, առավել ևս, որ նրանք կամ նրանց զսպելու անկարող կողակիցները այլոց քաղցր մտքերին արժանանում են։ Խնդիրն այն է, որ թվարկած ու նաև չթվարկած բոլոր դեպքերում գործ ունենք ուրիշի, նրա անդորրի, ցանկությունների ու ինքնուրույն հույզերի վրա թքած ունենալու հետ։
Իսկ եթե խորանանք նաև սրա պատճառների մեջ, ոչ մի կասկած չենք ունենա, որ մեր հասարակությունը տառապում է ուժեղ ու ազդեցիկ երևալու, կամ նույնիսկ ընդամենը երևալու, գոնե երևալու անհագ ցանկությամբ՝ ինքնահաստատման երբեք չսպառվող պահանջմունքով։ Սա պարզ է մի քանի բանից: Նախ, երբեք չես տեսնի իրականում ազդեցիկ, ուժեղ ու կայացած մեկին՝ փողոցում էժան անկարգապահ վարքագիծ դրսևորելիս: Այդպիսի հաճույքներ ունեն ոչ մի այլ բանով աչքի չընկնող, բայց երևալու ցանկություն ու դրա կայծակնային զարգացող ու մարող համարձակություն ունեցած մի քանիսը։ Եվ մյուս ապացույցը հենց այդ համարձակության կարճատևությունն է: Անհամեստ ու անդաստիարակ վարքագիծ դրսևորելու ցանկացածի համարձակությունը մարում է, օրինակ, պարեկային ծառայության առաջին ավտոմեքենային հանդիպելիս, վատագույն դեպքում ոստիկանության բաժնում, ավելի վատագույն դեպքում՝ իրական ուժեղին հանդիպելիս, ինչից պարզ է, որ գործ ունենք ոչ թե ուժեղի, այլ այդպիսին երևալու մանկամիտ փորձերի հետ: Ո՞ւմ են պետք սեփական իբր համարձակությունը ցույց տալու ձգտումները, ո՞ւմ են պետք սոցցանցերում առյուծասիրտ հայտարարություններն ու հայհոյանքները, երբ բացահայտվելուն պես հայհոյելու ես ինքդ քեզ՝ որպես ներում ստանալու միջոց։
Այո, իսկապես սրանք մանր-մունր արտահայտություններ են ուղղակի անկարգապահության, անդաստիարակության ու սանձարձակության, որոնք սպառնում են դառնալ ազգային ինքնությունն ու նկարագիրն արտահայտող, որոնք սպառնում են մեզ այդպես ճանաչել տալ աշխարհին։ Սրանք դրսևորումներ են որոնց պատճառները երկկողմանի են:
Հայ հասարակության մեջ պետության, որպես յուրաքանչյուրի վարքը կարգավորողի ընկալումն ու պետության հանդեպ հարգանքն ուղղակի չկա: Սա մի կողմից պետությունից է, որը թույլ է տալիս իրեն չհարգող վարքագիծ, մյուս կողմից հասարակությունից, այն հասարակությունից, որը Հայաստանն անվանում է ոստիկանական պետություն, բայց որի ներկայացուցիչը կարող է համարձակություն ունենալ ավտոմեքենայի համարանիշները փոխարինել իր լկտիությունը ցուցադրող գրառմամբ ու այն վարել Երևանի կենտրոնում: Սա զազրելի է հատկապես նրանով, որ այդ նույն մեկը նույն օրն առավոտյան դժգոհել է երկրից ու իրենից բացի այլ օրինախախտներից: Ավելի զազրելի է, երբ աչքովդ տեսնում ես, թե նա ինչպես է խոնարհաբար հարգում օտար պետությունը ու դրա օրենքները ու ինչպես մտքով նույնիսկ չի կարող անցնել ուժեղ երևալ կամ գոնե երևալ: