Հետևեք մեզ։

Կարմիր գծերն ու տղամարդկությունը

10:35, 06 սեպտեմբեր 2024
Կարմիր գծերն ու տղամարդկությունը

Սուրեն Պետրոսյանի վերջին հարցազրույցները մի հետաքրքիր հատկություն ունեն։ Դրանք իրենց տևողության հենց կեսից ստիպում են դադարեցնել այն դիտելն ու անցնել նրա նախորդ հարցազրույցին՝ հիշելու համար, թե ինչքան տարբեր է այն վերջինից և վերահաստատելու, թե ինչպիսին չի լինում տղամարդկությունը։ Հենց այդպես պատահեց, երբ որոշեցի դիտել Պետրոս Ղազարյանի հետ նրա վերջին հարցազրույցը։

 

Հարցազրույցում Սուրեն Պետրոսյանը նոր-նոր աղոտ հիշում է, որ Հայաստանում ընդդիմափոխություն տեղի չի ունեցել, այսինքն՝ ընդդիմություն չի փոխվել, ինչը պարտադիր էր իշխանություն փոխելու համար։ Նա, պատկերացնում եք, հայտարարում է, որ իր համար կարմիր, այն էլ մուգ կարմիր գիծ է եղել, կա ու կլինի պառլամենտական ընդդիմության մասնակցությունն ու առնչությունը շարժմանը։ Ի պատասխան հարցին, թե արդյո՞ք շարժմանը մասնակցելիս չգիտեր այդ մասին, գծերի սիրահար Սուրեն Պետրոսյանը շարունակում է դաժանաբար ինքնախզբզել՝ հայտարարելով, որ դեռ մայիսից հասկացել էր, որ իր կարմիր գծերը խախտված են, որ ինքը միշտ ամենուր հայտարարել է այդ մասին, ավելին, քանիցս ելույթ չի ունեցել, որպեսզի պառլամենտական ընդդիմության մասին իր կարծիքը չհայտարարի ու ավելորդ լարվածություն չառաջացնի շարժման մեջ։

 

Հարցազրույցում Սուրեն Պետրոսյանը Սրբազան շարժմանը մեղադրում է միայն իշխանությանը քննադատելու, իսկ նախկին իշխանություններին չքննադատելու մեջ։ Զարմանալի զուգադիպությամբ՝ Սուրեն Պետրոսյանը հարցազրույցում քննադատում է միայն ընդդիմությանը և ոչ մի կերպ չի քննադատում իշխանությանը։ Դե, քանի որ Պետրոսյանն այն կարծիքին է, որ նախկին իշխանությանը չքննադատելու պատճառն այն էր, որ նրանք շարժման վրա ազդեցություն ունեին, ենթադրաբար նա էլ իշխանությանը չի քննադատում, քանի որ իշխանությունն արդեն մի փոքր ազդեցություն ունի նրա վրա։

 

Չնայած, ընդհանուր առմամբ, հարցազրույցի ոչինչ չասող բովանդակությանը՝ Սուրեն Պետրոսյանը շատ հետաքրքիր հայտարարություն արեց։ Նա բացահայտեց, որ ընդդիմությունը քաղաքական դաշտում թողնում է նրանց, ում հանդեպ կոմպրոմատներ ունի և որպես ապացույց՝ վկայակոչեց, որ պառլամենտական ընդդիմության մեջ մարդիկ են, ովքեր գործարաններ ու հանքեր ունեն, իսկ ինքը կառավարման ակադեմիայում դասախոս էր ու հեռացվեց աշխատանքից։

 

Սեփական հաշիվները ևս մեկ անգամ ստուգելու բարի խորհուրդ տալով Սուրեն Պետրոսյանին՝ անցնենք նրա սիրած թեմային՝ կոմպրոմատներին, ու անդրադառնանք օրեր առաջ նրա տված մեկ այլ հարցազրույցի, որում Պետրոսյանը անմիաստ չարչարվում էր պատասխանել լրագրողների շատ հստակ հարցին՝ ո՞ւր էր նա անհետացել, որտե՞ղ էր անհետացած ժամանակ, արդյո՞ք տարվել էր ԱԱԾ-ի կողմից, ի՞նչ է տեղի ունեցել այդ ընթացքում և այլն։ Հավատացեք, սրանք ամենաողջամիտ հարցերն են, որոնք կարող են հետաքրքրել լրագրողներին ու ոչ լրագրողներին, ընդդիմությանն ու իշխանությանը, թեև իշխանությունը այդ հարցերի պատասխանը կարծեք թե ունի։ Սուրեն Պետրոսյանը գոնե հանուն որևէ բանի պետք է, չէ՞, բացահայտի, թե ո՞ւր անհետացավ շարժման ամենաթեժ պահերին։ Բայց Սուրեն Պետրոսյանը պատրաստ է ժամերով ընդամենը հայտարարել, որ այդ մասին խոսել չի ցանկանում։ Այո, նա ցանկանում է խոսել ամեն ինչից, նույնիսկ տղամարդկությունից, բայց չի ցանկանում ժողովրդին բացատրել մանրամասն, թե ո՞ւր գնաց, ու՞մ հետ և ինչո՞ւ վերադառնալուց հետո հիշեց իր կարմիր գծերի մասին։ Սուրեն Պետրոսյանը համառորեն աղաչում է լրագրողներին չխոսել այն մասին, թե ով էր իրեն տարել Հրազդան։

Մեծ հաշվով՝ Սորեն պետրոսյանին անտեղի տանջելու կարիք չկա։ Ինչպես նա ինքն է հարցերին պատասխանելու անկարողությունը թաքցնել փորձելիս ասում, ժողովուրդն ամեն ինչ հասկանում է։ Ժողովուրդն, իհարկե, հասկանում է և հասկանում է նաև հարցազրույցներին Սուրեն Պետրոսյանի ինքնավստահության կորստի, կցկտուր խոսքի ու  շարժման թեժ իրադարձությունների օրն անհետանալու ու այդ մասին անհոդաբաշխ ելույթների պատճառը։ Ժողովուրդն իհարկե «չի հասկանում», թե ո՞ւր և ո՞ւմ կողմից էր տարվել Սուրեն Պետրոսյանը, բայց, որ այնտեղ Սուրեն Պետրոսյանին ճանաչել են տվել կամ գծերը կամ դրանց կարմիր գույնը, շատ լավ հասկանում է ․․․